Արձանը պետք է «պալիրովկա» արվի, որ գույները վերականգնվեն

Արձանը պետք է «պալիրովկա» արվի, որ գույները վերականգնվեն

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2018 թվականի ամռանը: Դա այն շրջանն էր, երբ Դաշնակցությունը դեռ համագործակցում էր Նիկոլ Փաշինյանի հետ, հավանաբար հենց այդ պատճառով էլ արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը դեռևս 2017 թվականին որոշում էր կայացրել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Սակայն արձանի կառուցումը ֆինանսավորվել էր ոչ թե պետական բյուջեից, այլ «Փյունիկ» հիմնադրամից։ Արձանի հետ կապված մրցույթ անցկացվեց, հանձնաժողով ձեւավորվեց եւ ընտրվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի առաջարկած տարբերակը, որտեղ եռագույն դրոշն էր Արամ Մանուկյանի «թիկնոցը»։ Եռագույնի քարերը բերվեցին հեռավոր երկրներից, որ դրանք վառ գույների լինեն՝ Արամ Մանուկյանի մեծությանն արժանի։ Երկար ամիսներ՝ նավով քարերը բերվում էին եւ մենք երկար ժամանակ հետեւում էինք արձանի ստեղծման աշխատանքներին։

Արձանի պաշտոնական բացման արարողությունից ուղիղ 5 տարի անց, սակայն, արձանն անմխիթար վիճակում է հայտնվել: Արձանի վրա պատկերված եռագույնի ներկերը խամրել են: Կարմիր, կապույտ, նարնջագույնը հազիվ են նշմարվում, քարերը քայքայվում են՝ արեւից ու անձրեւից, պարբերաբար շինաշխատանքներ են իրականացվում արձանի մերձակայքում։ Ինչպես ՀՅԴ-ն է հայտնվել ընդդիմադիրի ծանր վիճակում, այդպես էլ առաջին հանրապետության լեգենդար ղեկավարն է անխնամ եւ պետական ուշադրությունից դուրս մնացել։

Ինչու պետությունը, Երևանի քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը չեն զբաղվում մայրաքաղաքի արձաններով, ինչո՞ւ են քաղաքում արձանները նման անմխիթար վիճակում հայտնվել, այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Արամ Մանուկյանի արձանի քանդակագործ Դավիթ Մինասյանի հետ:

- Մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված Արամ Մանուկյանի արձանը, որի հեղինակը Դուք եք, եւ որն, ի դեպ այնքան էլ հին պատմություն չունի, հայտնվել է անխնամ վիճակում: Ընդամենը հինգ տարի առաջ է եղել արձանի բացումը:

- Այո, ներկերը թափվել են, «պալիրովկայից» ընկել ու փոշոտվել է: Ժամանակը գա, «ռեստավրացիա» է արվելու, փայլեցվելու է:

- Քարերը դրսից էին բերվել, որքան հիշում եմ` Բրազիլիայից: Ինչո՞ւ է որակը ցածր:

- Մի մասը Բրազիլիայից, այլ քարեր էլ այլ երկրներից են բերվել:

- Չկայի՞ն այստեղ նման քարեր: Ո՞րն էր այդ քարերի առանձնահատկությունը:

- Գույները: Երեք գույներն էլ դրսից էին բերել:

- Իսկ ո՞ր կառույցները պետք է զբաղվեն արձանի նորոգման աշխատանքներով, և վերջապես՝ ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն արվում: Չե՞ք փորձել այս հարցերի պատասխանները ստանալ:

- Երևանի քաղաքապետարանը պետք է զբաղվի, ես դիմելու եմ, պարզապես ժամանակ չեմ ունեցել, բայց անպայման դիմելու եմ: Դա մեկ կամ երկու օրվա աշխատանք չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ միջոցներ պետք է լինեն, պետք է տեխնիկա լինի, որ ամբողջը «պալիրովկա» արվի:

- Ինչո՞ւ քաղաքապետարանն, առանց հուշելու, ուշադրություն չի դարձնում արձանին:

- Այդ հարցի պատասխանը չունեմ, ես հիմա շատ զբաղված եմ, բայց անպայման դիմելու եմ քաղաքապետարանին:

- Ինչի՞ հետևանքով է արձանը հայտնվել անմխիթար վիճակում:

- Չեմ ուզում փակագծեր բացեմ, «պալիրովկա» չարվեց նախքան արձանի բացումը, ուրիշ ձևերով արվեց, այդ ուրիշ ձևերն էլ հավանաբար Հայաստանի կլիմայական պայմաններին չդիմացան: Հիմա պետք է մշակվի, գա ճիշտ գույնին ու մնա այդպես:

- Իսկ ինչո՞ւ նախքան արձանի բացումը չարվեց այդ ամենը:

- Ես չցանկացա:

- Ինչո՞ւ:

- Որովհետև այն ժամանակ կար այլ տեխնոլոգիա, որն ինձ ավելի էր դուր գալիս, բայց չարդարացրեց իրեն: Հետո էլ ժամանակ չեղավ` քովիդ, պատերազմ և այլն:

- Դուք եթե ժամանակ չգտնեք, քաղաքապետարան չդիմեք, քաղաքապետարանը չի՞ զբաղվելու այդ հարցով: Արձանն անտերությա՞ն են մատնելու:

- Այո, ես կարող եմ պարզապես ուղղորդել, բայց արձանը Երևանի գույքն է, քաղաքապետարանը պետք է զբաղվի այդ հարցով: Ամեն ինչ պարզ է, ինչ ասեմ:

- Ձեր մյուս գործերն է՞լ են անմխիթար վիճակում:

- Այո, օրինակ՝ լուսավորության, մաքրման, ինչու չէ՝ հսկման անհրաժեշտություն ունեն: Օրինակ՝ «Տղամարդիկ» արձանով ո՞վ է հետաքրքրվել, թե ինչ վիճակում է: Օպերայի դիմաց է, կամ ասենք, Աբովյան փողոցում դուդուկահարներին նվիրված արձաններ ունեմ։ Մի խոսքով, ամեն մեկը մի խնդիր ունի: Միայն իմ արձանները չեն, որ այդ վիճակում են, շատ դեպքեր էլ կան, որ կոտրվում են, գողացվում են: