Ինչպես է կարողացել Անդրանիկ Թեւանյանը համոզել Ռոբերտ Քոչարյանին

Ինչպես է կարողացել Անդրանիկ Թեւանյանը համոզել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում խորհրդարանական ընդդիմության ներսում կարծիքները, ինչպես հայտնի է, բաժանվել են: Եթե «Պատիվ ունեմ» դաշինքն ի սկզբանե որոշել էր թեկնածու չառաջադրել, մասնավորապես նաեւ այն պատճառով, որ 27 ստորագրություն է պետք թեկնածուի առաջադրման համար, իսկ իրենց խմբակցությունը կազմված է 7 հոգուց, ուստի որոշել էին աջակցել «Հայաստան» դաշինքին, ապա վերջինիս որոշումը բացառապես պայմանավորված է եղել իրենց խմբակցության եւ առաջնորդի դիրքորոշմամբ: 

«Հրապարակն» արդեն գրել է, որ «Հայաստան» դաշինքում երկու կարծիք է եղել` թեկնածու առաջադրել եւ չառաջադրել, հաղթել են չառաջադրելու կողմնակիցները: Այս թեզն առաջ են մղել հատկապես Անդրանիկ Թեւանյանը եւ Արթուր Ղազինյանը: Արթուր Ղազինյանը մեզ տված հարցազրույցում ասել էր, որ չի կարելի մասնակից դառնալ մի պրոցեսի, եթե չկա հաղթելու շանս եւ եթե մասնակցեին, ապա դա հնարավորություն կտար ԵԽԽՎ-ին հերթական անգամ հայտարարելու, որ «Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է, ընդդիմությունը մրցակցային եւ կառուցողական դաշտում աշխատում է իշխանության հետ»: Իսկ Անդրանիկ Թեւանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ինչ վերաբերում է իմ՝ նախագահի թեկնածու չառաջադրելու հարցում «խիստ ակտիվ լինելուն», ապա Covid-ով հիվանդ եմ եղել, ինչպե՞ս կարող էի շատ ակտիվ քննարկումների մեջ լինել: Այո, դեմ եմ եղել, որ ընդդիմությունը թեկնածու ունենա, ու այնպես չի, որ մենակ ես եմ դեմ եղել»:

Նախ, ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի հայտարարություններին, ապա առնվազն տարակուսելի է, որ ընդդիմությունն իր գործողությունները կառուցում է` «բա որ ԵԽԽՎ-ն հայտարարի» սկզբունքով: Եթե ուզում էին տպավորություն լինի, որ ներքաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարված չէ, ապա նախ չպետք է մասնակցեին հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին, ապա չպետք է վերցնեին մանդատները, հետո` մանդատները պետք է վայր դնեին այն պահին, երբ իրենց գործընկերներին չբերեցին ԱԺ դահլիճ եւ ամիսներ շարունակ անօրինական պահեցին բանտում: Մանդատները կարող էին դնել նաեւ այն պահին` երբ ՍԴ-ն որոշում կայացրեց եւ հայտարարեց, որ ամիսների կալանքն անօրինական է եղել: Ապա կարող էին մանդատները վայր դնել` երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուսապարկերն իրենց ԱԺ դահլիճում ծեծի ենթարկեցին, կամ գոնե այն պահին` երբ քրեական գործի հարուցումը ծեծողների նկատմամբ մերժվեց: Մի խոսքով` բազմաթիվ առիթներ են եղել ներքաղաքական ճգնաժամ առաջացնելու եւ դրա մասին հայտարարելու համար, սակայն ընդդիմությունը չի օգտվել ոչ մեկից եւ որոշել է դա անել մի պահի, որը հակառակը` շատ հարմար էր պայքարելու, իշխանությունը վերցնելու հայտ ներկայացնելու, սեփական ծրագիրը հանրությանը ներկայացնելու եւ ցույց տալու համար, որ իրենց ՀՀ նախագահի թեկնածուն բազմիցս գերազանցում է իշխանական թեկնածուին:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Թեւանյանի «հիվանդ լինելուն եւ ակտիվ չլինելուն», ապա ընդդիմադիր շրջանակներից մեզ ասացին, որ այդ քննարկումները հիմնականում օնլայն են իրականացվել եւ հիվանդությունը չէր կարող դրան խանգարել: Պատմեցին, որ Թեւանյանը 20-30 կետից կազմված հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու ընդդիմությունը չպետք է թեկնածու առաջադրի եւ իր տեսակետը կարողացել է անցկացնել Ռոբերտ Քոչարյանի մոտ, ով վերջնական որոշումը կայացնողն է եղել:

Ի դեպ, «Հայաստան» դաշինքում կարծում են, որ Քոչարյանը չափից դուրս շատ է լսում Թեւանյանին, ով կարողանում է ինտելեկտուալ ձեւակերպումներով եւ կիսագիտական տերմիններով հիմնավորել իր տեսակետները, անգամ եթե դրանց ետեւում շատ պարզ շահագրգռություն է թաքնված: