13 թեկնածու՝ Հ1-ի տնօրենի պաշտոնի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ից

13 թեկնածու՝ Հ1-ի տնօրենի պաշտոնի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ից

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Դիմումների հիմնական հոսքը եղավ նախավերջին եւ վերջին օրերին, երեկ՝ օրվա ավարտին, արդեն 13 թեկնածու, որոնցից ամենաինտրիգայինը, թերեւս, Հ1-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անուններն են։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միայն երեկ չէ նախորդ օրն է որոշել առաջադրվել՝ «կոլեկտիվի հետ խորհրդակցելուց հետո»։

Թեկնածուներից Վարդան Ալեքսանյանը 2015-2019թթ․ Շիրակի հանրային հեռուստառադիոընկերության ռեժիսոր է, Ստեփան Մարտիրոսյանը 2016-2020 թթ․  աշխատել է «ԱՐ»-ում՝ որպես  ռեժիսոր, Վազգեն Ավետյանը 2016-2020 թթ․ եղել է  «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը, Հովհաննես Թովմասյանը 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավարն է։ ԱՄՆ-ից առաջադրվել է Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար եւ հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդել, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ եւ վարող Արթուր Սահակյանը, ով նախկինում եղել է «Ռադիոլուրի» տնօրենը։

Թեկնածուների թվում են նաեւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուդիկ Տեր-Գալստյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, տեղեկատվության ոլորտի եւ մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար Արմեն Պահլավունին, ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արման Չիլինգարյանը, 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր Նունե Էլմասյանը, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերության հեռուստաօպերատոր Արմեն Ահարոնյանը։
Մրցութային հանձնաժողովը՝ մրցութային կարգով, 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը եւ որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ հարցազրույց անցկացնել։

Հիշեցնենք․ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային ժամանակավոր հանձնաժողովի կազմում են՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ, հանձնաժողովի նախագահ Արա Շիրինյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն, հանձնաժողովի քարտուղար Նունե Սարգսյանը։