Հետո էլ զարմանում են, թե ինչու՞ է խիարը թարս աճում ․․․

Հետո էլ զարմանում են, թե ինչու՞ է խիարը թարս աճում ․․․

Գյուղացիներից շատերը մեծ ակնկալիքներ ունեին հեղափոխությունից։ Նրանք կարծում էին, թե հեղափոխությամբ, վերջապես կլուծվեն գյուղացիներին հուզող բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ կնվազեն գյուղական աղքատությունը և արտագաղթը, կզարգանան գյուղը և գյուղատնտեսությունը, երկիրը կունենա գյուղատնտեսության զարգացման խելացի ռազմավարություն, ոլորտը կղեկավարեն Հայաստանի գյուղատնտեսությանը տիրապետող հմուտ փորձագետները։

Սակայն, իրականում, ի հակառակ բազմաթիվ սպասումների, ագրարային մեր երկրում փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, փակվեցին որոշ գյուղատնտեսական ՊՈԱԿ –ներ, ոլորտում իրականացվեց կադրային ջարդ և այլն։
Գյուղատնտեսության ոլորտի կառավարումը փոխանցվեց ձեռքից–ձեռք՝ գյուղնախարարներ Արթուր Խաչատրյան, Գեղամ Գևորգյան, գյուղնախարարի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյան, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյան, Տիգրան Գաբրելյան և Արման Խոջոյան։ Փորձենք պարզել, թե ինչպիսին են վարչապետ Ն․ Փաշինյանի կադրերը։

Արթուր Խաչատրյանի մասով չարժի խոսել, քանի որ նա նշանակվել էր ՀՅԴ –ի հետ քաղաքական կոալիցիա կազմելու արդյունքում, նրա թեկնածությունը առաջադրել էր ՀՅԴ -ն։ 

Գեղամ Գևորգյանը նախկին իշխանության ներկայացուցիչ էր, իսկ մասնագիտությամբ էլ՝ իրավաբան։ Հարկ է հիշեցնել, որ պետական իրավասու մարմինների կողմից, մի քանի անգամ, ստուգումներ են իրականացվել գյուղնախարարության  ԾԻԳ -ում, այն տարիների կտրվածքով, երբ Գևորգյանը հանդիսացել է այդ ԾԻԳ –ի ղեկավարը, և բազմաթիվ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել, որից հետո, շատերին թվում էր, թե Գևորգյանը պատասխանատվության կենթարկվի։ Սակայն, անսպասելիորեն Փաշինյանի կառավարության կողմից Գևորգյանը նշանակեց գյուղնախարար, այնուհետև՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար։

 Գառնիկ Պետրոսյանը գյուղատնտեսության ոլորտի հայտնի փորձառուներից է և հարգված մասնագետ է։ Սակայն, նրա նշանակումից մի քանի ամիս անց, առանց որևէ հիմնավորման, նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ 
Արտակ Քամալյանը վարչապետ Փաշինյանի համաերկրացին է, դեռ երիտասարդ հասակից, նա մեկնել էր ՌԴ և այնտեղ ստացել կրթություն, աշխատանք, դարձել տնտեսագիտության դոկտոր։ Իմքայլականների և վարչապետ Փաշինյանի համար նա հանդիսանում էր գյուղատնտեսության ոլորտի ամենալավ և անփոխարինելի կադրը, սակայն նա լավ չէր տիրապետում Հայաստանի գյուղատնտեսությանը և ոլորտի փորձառու մասնագետների հետ շփվելիս, խուսափում էր մասնագիտական բանավեճերից։ Իր ասուլիսներից մեկում նա ասում է՝ իներցիայով պետք է իջնենք ներքև, ուրիշ տարբերակ չկա, որին ի պատասխան, լրագրողներից մեկը հարցնում է՝ այսինքն գյուղատնտեսությունը պետք է սկսել զրոյի՞ց, մենք էդքան հետ ե՞նք ընկել, կամ՝ մենք ունենք այնպիսի գյուղատնտեսություն, որը շատ մեծ կախվածություն ունի բնակլիմայական պայմաններին  կամ՝ մինչև հիմա չենք հասկանում, թե ի՞նչ ունենք երկրում հողերի մշակման հետ կախված, հողերի քանակի, տարածքի հետ կապված, ի՞նչ մշակաբույսեր ի՞նչ բերքատվություն են տալիս, և այլն։ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովին, Քյարամյանը հրապարակավ և ամպագոռգոռ, մի քանի պատասխանատու հայտարարություններ հնչեցրեց՝ 1․մեր նպատակն է, որ 10 տարի հետո կամ ավելի շուտ մեր ամեն մի գյուղացիական տնտեսություն ունենա տարեկան նվազագույնը 5 մլն դրամ եկամուտ, 2․գյուղատնտեսության ՀՆԱ –ն պետք է լինի ոչ պակաս, քան 2 տրիլիոն դրամ, 3․գյուղատնտեսությունից մեր էքսպորտը (արտահանումը) պիտի լինի ոչ պակաս, քան 1 մլդ դոլար։ Եվ սրանք ասում է պետական պաշտոնատար անձը։ Մեկնաբանությունները թողում եմ ընթերցողին։ Իսկ բոլորովին վերջերս էլ Քամալյանը, ով ներկայումս ԵՏՀ –ում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ է, նախարար է, NewArmenia.am –ին տված հարցազրույցում, նշել է, որ մենք պետք է այնքան ուժեղացնենք մեր տնտեսությունը, որ նա ձեռք բերի անկախություն։ Իհարկե, սա շատ ցանկալի և Պողոսների քիմքին հաճելի արտահայտություն է, սակայն հալվա ասելով բերանդ չի քաղցրանա։ 
Տիգրան Գաբրիելյանը և Արման Խոջոյանը նախարարությունում նոր մարդիկ են։ Չնայած, հաճելի երիտասարդներ են, սակայն ոլորտում չունեն փորձառություն և ցանկալի կլիներ, եթե նրանք ոլորտի վարչություններում աշխատեին, որպես ոլորտի առաջատար մասնագետ, ոլորտում կայանային, հետո նոր ձգտեին բարձր պաշտոնի։ 
Հարկ է նշել, որ CARD կազմակերպությունում, որտեղից նրանց բերել են, նրանց նման բազմաթիվ երիտասարդներ կան։
Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ ցուցանիշներով է գյուղատնտեսության ոլորտում առաջնորդվում Փաշինյանը, կադրեր ընտրելիս կամ նշանակելիս ․․․
Այսպիսի կադրեր են ղեկավարել և ղեկավարում գյուղատնտեսության ոլորտը և հետո էլ զարմանում են, թե ինչու՞ է խիյարը թարս աճում ․․․


Սարգիս Սեդրակյան
Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ