Գյումրու կայարանամերձ՝ Ղանդիլյան փողոցը ռմբակոծված տարածք է հիշեցնում

Գյումրու կայարանամերձ՝ Ղանդիլյան փողոցը  ռմբակոծված տարածք է հիշեցնում

Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շուրջ 180 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ ունի։Չնայած քաղաքապետարանը խոստանում է , որ այս տարվա ավարտին  քաղաքի փողոցների 70 տոկոսն արդեն ամբողջությամբ  վերանորոգված կլինի, այնուամենայնիվ, դեռ կան մի շարք փողոցներ, որոնք այս տարի էլ կարկատաններով են ասֆալտապատվել եւ մի կերպ երթևեկելի են։ Իսկ ահա օրինակ՝ ամենաերկար՝ Շիրակացի փողոցի վերանորոգման համար, որ 1 միլիարդ դրամից ավելի գումար է պահանջվելու, դեռևս բյուջեում գումար չկա։ 

Այս անգամ hraparak.am-ին են դիմել Գյումրու կայարանամերձ՝ Ղանդիլյան փողոցի բնակիչները՝ ներկայացնելով փողոցի քարքուքանդ վիճակը։ Վարորդները դժգոհում են, որ մեքենաներն են շարքից դուրս գալիս,  գրեթե ամեն քայլափոխի հանդիպող փոսերը, անձրևոտ օրերին վերածվում են ցեխաշաղախ մեծ ջրափոսերի, իսկ չորանալով վերածվում են ռմբակոծված տարածքների։ Ոչ անրձևային օրերին էլ փողոցներում ու մայթերին կուտակված հողը վերածվում է ցեխի, եւ մարդկանց ու ավտոմեքենաների համար սկսվում է փորձությունների նոր շրջանը:

Բնակիչների խոսքերով՝ Գյումրիի քարուքանդ եւ անանցանելի փողոցները հոգեբանական այնպիսի ազդեցություն են թողնում մարդկանց վրա, որ ամենալավատես մարդն անգամ հետերկրաշարժյան պատկերներից չի կարող ձերբազատվել: Ընդգծում են, որ նույնիսկ կենտրոնական փողոցները, որոնք վերջերս վերանորոգվեցին, կրկին քարուքանդ են, ու առկա են նման փոսեր: «Սանմաքրման աշխատողները բավականին ակտիվ են աշխատում, սակայն ներկա իրավիճակում, երբ քարուքանդ են փողոցները, ցախավելով փողոց մաքրելը որեւէ արդյունք չի տա: Նույնիսկ փոքրիկ քամու առկայության պարագայում այնպիսի փոշի է բարձրանում, որ քայլելը քաղաքում առողջության համար դառնում է խիստ վտանգավոր»,- նշում են քաղաքի բնակիչները՝ համայնքապետարանի պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով քարուքանդ  փողոցների վրա, միաժամանակ խնդրելով ու պահանջելով՝ 21-րդ դարին հարիր, նորմալ ասֆալտապատում :

Հ.Գ. Մեր նյութի հրապարակումից հետո, Ղանդիլյան փողոցի բնակիչները զանգահարեցին և տեղեկացրեցին, որ քաղաքապետարանը բրիգադ է ուղարկել, որպեսզի արագ տեմպերով փողոցը սարքեն: