Ես ուզում եմ Ալիևի պես ղեկավար ունենալ

Ես ուզում եմ Ալիևի պես ղեկավար ունենալ

Այո, ինչքան էլ զարմանալի չէ, ես ուզում եմ ադրբեջանցիների տեղը լինել: 

Ուզում եմ իմ երկրի ղեկավարը ձեռքը սեղանին խփի ու ասի բիզիմդիր ու հետո անի այդ բիզիմդիրը:

Ուզում եմ իմ և իմ պետության համար ոչ մի նշանակություն չունեցող, բայց թշնամի պետության միջպետական ճանապարհին անցակետ դնել, որ թշնամին ստիպված լինի կիլոմետրերով շրջանցել ու վնասներ կրել:

Ուզում եմ իմ բանակցողները Բայրամովի պես փորձով աղվեսներ լինեն: Ուզում եմ իմ իշխանության ներկայացուցիչները միջազգային ատյաններում ոչ թե եղած փաստերը մի կերպ կմկման, այլ չեղածը հորինեն ու բոլոր հարևան պետությունները պատմական հայրենիք անվանեն: 

Ուզում եմ բաց օդային տարածք ունենալու պարագայում, բոլոր միջազգային հարթակներում, իմ իշխանության ներկայացուցիչները արցունքները մի կերպ զսպելով, պատմեն շրջափակման մեջ հայտնված մեր քաղաքացիների մասին ու մեր վերահսկողության տակ գտնվող միջանցքներ պոկեն: 

Ուզում եմ 3 լեզվով անթերի խոսող ղեկավար ունենալ, կամ գոնե ղեկավար ով հասկանում է ինչի համար են սինխրոն թարգմանիչները: Ուզում եմ, թեկուզ բռնապետ, բայց ով հանգիստ տոնով կբացատրի, որ նա ամբողջ երկրի ղեկավարն է , այլ ոչ թե պառակտում կսերմանի: 

Ուզում եմ ֆեյքերի ՊՈԱԿ-ում աշխատող տղերքը, սիրուն աղջիկների նկարներով թշնամուց գաղտնի ինֆորմացիա կորզեն: Ուզում եմ այնպիսի ստրատեգիական գործընկեր, ով պատերազմի ժամանակ անթիվ անօդաչուներ կնվիրի ու իր գեներալներին կուղարկի, որ օգնեն:

Ուզում եմ, որ իմ ղեկավարը բանակցությունների ժամանակ թշնամուն հեգնի, նվաստացնի, քիթը պարտության մեջ խոթի: 

Ուզում եմ, որ իմ առաջին տիկինը, ոչ թե բադրիջանից ապուր պատրաստի, այլ ամուսնու հետ խրոխտ տեսքով կանգնի Շուշիում ու փառատոնի բացման մասին ազդարարի:

Ուզում եմ թշնամու ամեն մի շահագործած հանքի վրա պատրոնների հեղեղ տեղա, իսկ արտերում սարսափից գեթ մեկ գյուղացի չհայտնվի: 

Ուզում եմ թշնամին իր տներում սովից մեռնի, իսկ մեր «Սորոսականները» կրծքով փակեն միակ ճանապարհը, առհասարակ բնպահպանական նկատառումներից ելնելով: 

Ուզում եմ ադրբեջանցիների պես մուռը հավաքել ու իրենց ոչնչացնել, ինչպես և իրենք արեցին մեզ հետ: