«Հրապարակ». Որպեսզի իրենց ստոր քայլն արդարացնեն, ասել են` բնակարաններ ունի վարձով տված

«Հրապարակ». Որպեսզի իրենց ստոր քայլն արդարացնեն, ասել են` բնակարաններ ունի վարձով տված

Այս տարվա հունվարին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշեց բավարարել այն եւ հապճեպ դադարեցնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները՝ «էական կարգապահական խախտման հիմքով»: Ուշագրավն այն է, որ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի՝ կենսաթոշակի գնալուն ընդամենը երկու ամիս էր մնացել, եւ կարող էին ուղղակի սպասել, որ ողջ կյանքը դատարանում խաղաղ աշխատած մարդը հանգիստ հեռանար: Նույնիսկ բարեխոսել են, որ եթե չեք ուզում այս երկու ամիսն աշխատի, կարող է արձակուրդ գնալ մարդը, սակայն իշխանությունը չի համաձայնել, ասել են` ոչ, պետք է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնենք, որ դատավորներին հասանելիք բարձր կենսաթոշակը չստանա: Իբրեւ թե Սուքոյանն ապօրինի գույք է կուտակել այս տարիներին, եւ նա չպետք է բարձր թոշակ ստանա: Մինչդեռ դատավոր Սուքոյանին ճանաչողներն ասում են, որ նա համեստ ապրող մարդ է եւ հաստատ ունեցվածք դիզած դատավորներից չէ, եւ ԲԴԽ-ի ինֆորմացիան սխալ է, սուտ է` «օդում կախված» եւ չհաստատվող լուրերի շարքից: Մենք կապվեցինք Ալեքսեյ Սուքոյանի հետ, որպեսզի հասկանանք` ի՞նչ ունեցվածք է նա կուտակել այս տարիներին, որը պատրվակ բռնելով՝ իշխանությունը նրան թույլ չտվեց օրինական թոշակի գնալ: 

- Պարոն Սուքոյան, մենք տեղեկացանք, որ Ձեր լիազորությունները հապճեպ դադարեցնելու պատճառը բարձր կենսաթոշակից զրկելն է եղել, եւ դա հիմնավորել են, որ Դուք ապօրինի գույք ունեք, ու դրանով արդարությունն են վերականգնում:

- Առիթը, ինչի համար հեռացրին ինձ աշխատանքից` դադարեցնելով լիազորություններս, միանշանակ, ադեկվատ չէր: Այդ կուլիսային խոսակցությունները, իհարկե, պաշտոնական բնույթ չեն կրում, որպեսզի ավելի հստակ խոսենք այդ մասին, սակայն այն բամբասանքները, թե իբրեւ ես Երեւանի կենտրոնում 3-4 հատ բնակարան ունեմ` վարձով տված, ինձ էլ են հասել: Այնքան վիրավորական է` անգամ մի հատ չունեմ, չեմ կարողացել ձեռք բերել, բայց նման բաներ են խոսում: Մնացածն անմեկնաբանելի է, այդ ամենն ինչ-որ անհասկանալի վրեժխնդրության է նման:

- Ի՞նչ էական բան կարող էր այդ երկու ամսում փոխվել, որ չեն ցանկացել սպասել Ձեր կենսաթոշակի գնալուն:

- Ես մի քանի գործ ունեի, որ անպայման պետք է ավարտեի, սակայն անգամ Դատալեքսով պատուհաններն ինձ համար փակել էին: Ոչ մի անգամ չեմ մեկնաբանել, սակայն այսօր կմեկնաբանեմ: Անձը մոտ 25 տարի դատավորի պաշտոնին համապատասխանել է, պարզվում է, որ երկու ամսվա ընթացքում այն աստիճան անհամապատասխան է դարձել, որ նրան պարտադիր հեռացնում են աշխատանքից: Դա այնքան ճղճիմ ու անմակարդակ մոտեցում էր, որ նույնիսկ չեմ ցանկանում քննարկել:

- Ո՞ր գործն էր իշխանություններին այդքան մտահոգել` Ձեր կարծիքով:

- Կար մի այդպիսի վիճահարույց գործ, չեմ ուզում հիմա բաց ասել, բայց կար մի շատ վիճահարույց, խնդրահարույց նաեւ քաղաքական գործ` պաշտոնյաների հետ:

- Իսկ Ձեր «ապօրինի գույքի»` վարձով տված տների մասին խոսակցությունները որտեղի՞ց են սկիզբ առել: Եվ, ի վերջո` ի՞նչ գույք ունեք Դուք:

- 1991-1992 թվականներին ձեռք եմ բերել մեկ բնակարան, որտեղ մինչ այժմ ապրում եմ իմ մեծ ընտանիքի հետ` տղայիս, հարսիս, թոռներիս հետ: Կարող են ամեն ինչ ստուգել, տեսնել: 6 հոգով երեք սենյականոց բնակարանում ենք ապրում, ի դեպ, ես դրանից շատ լավ եմ զգում, շատ հաճելի է մեծ ընտանիքում ապրելը: Բամբասանքներն ինձ էլ հասան…. որպեսզի իրենց ստոր քայլն արդարացնեն, ասել են՝ բնակարաններ ունի վարձով տված: Ի վերջո` իմ դիմաց կանգնած է պետություն, որը կարող է, հիմա էլ կարող է շատ հանգիստ ստուգել, թե ես ինչ ունեմ: Ո՞վ չգիտի, թե Երեւանում ով ինչ սրճարան կամ ինչ խանութ ունի: Այնքան պարզ բան է դա, Երեւանում նման բանը թաքցնել հնարավոր չէ, մի օր մեկը մի տեղ կասեր հաստատ: Ի դեպ, եթե հայտնաբերեն այդ բնակարանները, ես կնվիրեմ պետությանը: Բայց չի կարող նման բան լինել:

- ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր հակակոռուպցիոն պայքարի գործընթացից։ Նշել էր, որ այսօր Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ, դատավորներն իրենց աշխատանքը լավ չեն անում, ընդդիմադիրներին լավ չեն պատժում: Տպավորություն է, թե Փաշինյանն անգամ դատավորների կարիք չի զգում` ինքն է այս երկրի միակ դատավորը եւ ինքն է որոշում` ով է անմեղ, ով՝ մեղավոր: 

- Ես 90-ականներից ոլորտում եմ: Պատկերացրեք՝ քանի վարչապետ, քանի նախագահ ու քանի իշխանություն եմ տեսել, անկեղծ եմ ասում` դատական համակարգի նկատմամբ այս աստիճան, բառիս բուն իմաստով՝ ճնշող վերաբերմունք չեմ տեսել: Այդ հայտարարությունները` որպես հետեւանք, կարող են մի օր աշխատել: Վիճակը վատացել է, տեսնում ենք ինչ է կատարվում ԲԴԽ-ում, ինչպես է այդ խորհուրդը գործում: ԲԴԽ-ն դատական համակարգում ազգական-բարեկամներին աշխատանք տալու միջոց է դարձել: