Պուտինի ուղիով

Պուտինի ուղիով

Մեր երկրի ամբողջ ողբերգությունն ու թշվառությունը երեւաց այն հարցադրումների մեջ, որոնք երեկ ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պարզ է, որ նախորդ անգամ լրագրողներին տված ասուլիսից եւ մի քանի սուր հարցերից նեղված Փաշինյանն այլեւս չէր ուզենալու շփվել եւ պատասխանել լրագրողների սուր հարցերին: Նա նոր ֆորմատներ է փնտրում եւ գտել է հանրության հետ «շփվելու» մի անշառ ֆորմատ: Զգուշացրել էին, որ միայն կոռեկտ հարցերին է պատասխանելու, պահանջել էին, որ մարդիկ նախապես ձեւակերպեն իրենց հարցերը, եւ աշխատակազմը  մի տաղտկալի ու իրենց կարծիքով` շեֆի համար շահեկան մի ներկայացում էր բեմականացրել: Տարբեր բնակավայրերից ինչ-որ մարդիկ օնլայն միանում էին ասուլիսին` հնչեցնում իրենց հարցը, երբեմն դրանք մի կերպ կարդալով թղթից, իսկ հարցերին պատասխանողը երկար խոսելու եւ ոչինչ չասելու մաստեր-կլաս էր ցուցադրում: Այդ երկարուձիգ հարցուպատասխանի արժեքն այնքան ցածր էր, որ վարչապետի ֆեյսբուքյան էջում 600-1000 մարդ էր միաժամանակ այն դիտում:

Եվ քանի որ քոմենթների դաշտն էլ փակել էին, հետաքրքրությունն ավելի էր նվազել` շատերն այդ քոմենթները կարդալու համար են հետեւում լայվերին: Եթե մտովի վերադառնանք 2018 թվականը, կարելի է ապշել 5 տարում արձանագրված փոփոխությունների ծավալից. Ժողովրդավար, փողոցներում մարդկանց հետ շփվող, իր երկրի բնակչությանը 3 միլիոն վարչապետ անվանող, բոլոր կառավարական շենքերի դռները բացող գործչից Նիկոլ Փաշինյանը վերածվել է քոմենթներից խուսափող, այլընտրանքային կարծիք չլսող մի բռնապետի, որին ոչ մեկն այլեւս չի համարձակվում հակաճառել: Եվ որին սկսել են լուռ ատել, ինչպես ժամանակին ատում էին հանրությունից օտարված նախկին նախագահներին: Այս գահավիժումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու մեզ: