Ոչ թե Զախարովային, այլ նրա ասածն արեք

Ոչ թե Զախարովային, այլ նրա ասածն արեք

Երեւանի ավագանու ընտրությունների մասին հատուկ ոչինչ չեմ գրում, որովհետեւ դրանք, իմ պատկերացմամբ, ընտրություններ չեն եւ, առհասարակ, քաղաքական գործընթացի հետ կապված որեւէ ասոցիացիա չեն առաջացնում: Ավելի պարզ ասեմ՝ թեկնածուների բազան հիմնականում քաղաքական չէ եւ Երեւանից հեռու ընկած ինչ-որ տիգրանանոց է հիշեցնում: Օրինակ՝ ինչո՞ւ պետք է 50-ն անց կինը վնասեր Տիգրան Ավինյանի պաստառը, անպարկեշտ խոսքեր գրեր վրան: Աշխարհում ոչ մի տեղ նման բաներ չեն լինում: Մենք, ինչ է, վայրենի՞ ենք: Ոչ, այդ Տիգրան Ավինյանն է անարժան: Թե քո ի՞նչ խելքի բանն է Երեւանի քաղաքապետ լինելը: Հիմա էդ կնոջը դատում են Ավինյանի թանկանոց պաստառը վնասելու համար: Լավ, ենթադրենք՝ տեղի ունեցածը «վանդալիզմ» է, իսկ ի՞նչ են գաղափարագողությամբ եւ կոպտագույն սխալներով պաստառ պատրաստելն ու քաղաքով մեկ տարածելը: Հայոց լեզվով մտածող ու խոսող մեր հայրենակիցների հանդեպ վանդալիզմ չէ՞ դա, ավելին՝ զանգվածային «բռնաբարություն» չէ՞:

Ամբողջ ՔՊ-ին, Նիկոլով հանդերձ, պետք է դատի տալ 2-րդ համար գովազդող թանկանոց պաստառները փչացնելու եւ մեր հայրենակիցներին հիմար վիճակի մեջ դնելու համար: Պաստառի թուրքա-քրդական ազդեցությունների մասին դեռ կլռեմ: ՔՊ-ն միշտ էլ այստեղից-այնտեղից է գաղափարական գողություններ անում: Իսկ ի՞նչ ասեմ ՔՊ-ական տարրական անգրագիտության մասին, որ շքեղորեն արտահայտվել է, այսպես կոչված, Ավինյանի կարգախոսի մեջ՝ «Ասե՛ք՝ կանե՛նք»: Ես մեր դատավորներին խորհուրդ կտամ այն կնոջը դատելուց առաջ դատել այս կարգախոսը գրողին: Հայերենում հրամայական եղանակն ունի միայն երկրորդ դեմք՝ եզակի եւ հոգնակի. (դու) ասա՛, (դուք ասե՛ք):

Իսկ ի՞նչ է այստեղ «կանե՛նքը» եւ ինչո՞ւ է շեշտադրված: Պայմանական եղանակի բայերի վրա շեշտ չի դրվում, դրանք ցույց են տալիս պայմանով կատարվող գործողություն (ներկա եւ ապառնի) եւ ունեն բոլոր երեք դեմքերը՝ եզակի՝ կանեմ, կանես, կանի, հոգնակի՝ կանենք, կանեք, կանեն: Այն կինը, փաստորեն, փչացրել է ՔՊ-ի ձեռքով հազարավոր փչացված պաստառներից մեկը: Հետեւաբար՝ դադարեցրեք, խնդրեմ, այդ կնոջ նկատմամբ հետապնդումները:

Այսքանը՝ ընտրությունների մասին, իսկ այժմ՝ մի փոքրիկ հուշ՝ Նիկոլ Փաշինյանի անկապ աքլորանալու պրակտիկայից: Ուրեմն ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր ասուլիսներից մեկում Հայաստանին եւ Նիկոլ Փաշինյանին շատ քաղաքավարի կերպով մեղադրել էր Արցախի վիճակը ծանրացնելու եւ այդ հարցում ռուսներին անհիմն մեղադրելու մեջ: Հիշում եք երեւի: Նիկոլն էլ վեր կացավ, թեւերը քշտեց ու թե՝ տեսեք հլա՝ Զախարովային ինչ եմ անում: Բերանը «իրաղայդի» բացեց ու հայտարարեց, թե բա՝ Զախարովան չի, որ ինձ պտի ասի, իմ զրուցակիցները ՌԴ նախագահն ու վարչապետն են: Նախիրը, բնականաբար, չգիտեր հուզմունքն ինչպես եւ որտեղ թաքցնել՝ մե հերոս վարչապետ, մե բան, տեհա՞ք ինչ արավ Զախարովային: Այս դեպքից շատ չանցած՝ տառացիորեն երեկ չէ առաջին օրը, Զախարովան կրկնեց իր միտքը՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին: Նա գրեթե հայերեն ասել էր, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մեղավորը ՀՀ իշխանություններն են, որոնք հայտարարել են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին, եւ ռուսական կողմին այդ հարցում մեղադրելը ճիշտ ու բարոյական չէ: Եվ հարց է առաջանում՝ ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, չի՞ ուզում Զախարովային մի հատ էլ տեղը դնի, ո՞նց թե՝ Լաչինի միջանցքի պատասխանատուն Հայաստանի վարչապետն է: Ինքն իր համար Լոռիում խաղաղ ոչխարաբուծություն է զարգացնում, բայց դու տես, թե Մոսկվայից ինչեր են խոսում: Չէ, Նիկոլից ձեն-ձուն չկա: Ասվել է արդեն, որ Զախարովան Նիկոլի զրուցակիցը չէ, Նիկոլին կարող են ասել միայն ՌԴ նախագահն ու վարչապետը: Բայց, գրողը տանի, Զախարովային մի բան պետք է ասվի, չի կարելի լռել: Լավ է՝ գոնե Միրզոյան Արարատը՝ խոսնակի լեզվով, իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանի գործը, մի երկու բան հիշեցրեց Զախարովային։ Թե ոնց է 2022թ. օգոստոսին հայկական կողմը հավանություն տվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, եւ ոնց է դա տապալել Ադրբեջանը՝ սեպտեմբերի 13-ին ռազմական ագրեսիայի դիմելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Եվ ինչպես է ռուսական կողմն աչք փակել ադրբեջանական պահվածքի վրա եւ «անպատասխան թողել երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը»։ «Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը եւ դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ եւ խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, հետեւաբար՝ սահմանների վրա հարձակումը եւ Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաեւ ՀԱՊԿ շրջանակներում»:
Բայց դե՝ Զախարովան իր ասելիքն ասել է՝ ՀՀ իշխանությունները պետք է հեռանան: Տեսնենք՝ ՀՀ իշխանություններն ինչպես են անելու, խոսքը Զախարովային «անելու» մասին չէ, այլ՝ նրա ասածը: