Պարտիզանական կռվի ժամանակը
Անցած երեսուն եւ ավելի տարիները մեզ մի բան են սովորեցնում: Դրանք՝ անկախության այդ տարիները, որոնք, ցավոք, նաեւ այդ անկախությունը մսխող տարիներ եղան, մեզ սովորեցնում են, որ երբ դու անկախ պետություն կառուցելու փոխարեն զբաղվում ես անկախ պետության իմիտացիա ստեղծելով, երբ դու ժամանակակից տնտեսությամբ, ռազմարդյունաբերությամբ ու մարտունակ բանակով երկիր կառուցելու փոխարեն տրվում ես միայն դրանք ունեցող երկրի իմիջ ստեղծելուն, որպես կանոն, ավարտում ես 44-օրյա խայտառակ պատերազմով:
Ավելին, այդ մսխված տարիներն ու Արցախում ստեղծված այսօրվա վիճակը մեզ սովորեցնում են նաեւ, որ պետական գործերում երբեք չի կարելի ժամանակավրեպ լինել: Չի կարելի պետական եւ ազգային գործերում հույսն ուրիշի վրա դնել, սեփական անելիքներն ուրիշին թողնել:
Սակայն այն, թե ինչպես ենք մենք՝ հայերս, մեզ պահում Արցախում ընթացող այսօրվա գործընթացներում, մեզ մոտ մտահոգություն է առաջացնում, որ մենք այս անգամ եւս մեր դասը լավ չենք հասկացել, մեր տնային աշխատանքը լավ չենք կատարել:
Լավ չենք հասկացել, որովհետեւ եթե հասկացած լինեինք, ապա վաղուց արդեն արձանագրած պետք է լինեինք, որ Ռուսաստանի կովկասյան ողջ քաղաքականությունն «ամեն գնով երկրորդ ճակատ չբացելու» քաղաքականություն է, իսկ Արեւմուտքի տարածաշրջանային քաղաքականության նպատակն «ամեն գնով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու» քաղաքականություն է: Անշուշտ, միայն այն պատճառով, որ այդ ուժերի քաղաքականությունն այդպիսի քաղաքականություն է, մենք չենք կարող նրանց մեղադրել: Մենք դրա իրավունքը չունենք: Չունենք, որովհետեւ մեզ փրկելը ոչ թե նրանց, այլ մեր գործն է: Փոխարենը մենք ուրիշ իրավունքներ եւ ուրիշ բանի իրավունք ունենք:
Մենք իրավունք ունենք հասկանալու, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը մեզ կլսեն եւ մեր շահերի հետ հաշվի կնստեն միայն այն ժամանակ, երբ մեր կողմից տեսնեն այնպիսի գործողությունների գնալու վճռականություն, որը չի տեղավորվում իրենց ծրագրերում, որը կարող է խառնել իրենց հաշվարկները: Իսկ այդպիսի գործողությունները չեն կարող միայն այլոց օժանդակությամբ Բերձորի միջանցքը բացելու, միայն ուրիշների միջնորդությամբ Արցախ հումանիտար օգնություն հասցնելու մասին լինել: Դրանք ավելի շուտ ու ավելի շատ Արցախում պարտիզանական պատերազմ սկսելու, տարածաշրջանը նոր լայնածավալ պատերազմի հորձանուտը նետելու մեր պատրաստակամության ու վճռականության մասին պետք է լինեն:
Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանից ու Թուրքիայից մինչեւ Ռուսաստան ու Արեւմուտք՝ մեզ հետ հաշվի կնստեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինեն, որ Հայաստանն այլեւս չի հանդուրժելու հայության կամ նրա մի հատվածի նոր ցեղասպանություն: Նրանք պետք է համոզված լինեն, որ Հայաստանն ու հայությունն ամենեւին էլ չեն պատրաստվում 21-րդ դարը նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման դար դարձնել: Եվ եթե ինչ-որ բան պիտի կորցնեն հայերն ու Հայաստանը, ապա թող կորցնեն բոլորը:
Կարծիքներ