Հայաստանը չի ստանձնել Միջազգային դատարանի կողմից անձանց պատժի կրման հետ կապված պարտավորությունները

Հայաստանը չի ստանձնել Միջազգային դատարանի կողմից անձանց պատժի կրման հետ կապված պարտավորությունները

Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Հռոմի ստատուտը: Այն միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը։ Հենց այս դատարանն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել եւ հիմա Հայաստանի Հանրապետություն անդամագրվում է այդ հանրույթին։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանին այս կապակցությամբ հարցրինք, թե իրո՞ք այդ կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ նկատի ունենալով, որ Հայաստանը նախկինում չի միացել այդ կանոնադրությանը, հենց ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմքով․

«Բնականաբար չի համապատասխանում, որովհետև Սահամանադրական դատարանը որևէ կերպ չի հերքել այն բոլոր փաստարկները, որոնք ՍԴ-ն իր 2004 թվականի որոշման մեջ էր արձանագրել, հերքման նշույլ անգամ չկա։ Երկրորդը՝ Սահմանադրական դատարանը ընդհանրապես իրավունք չուներ նման գործ քննելու, այսինքն՝ ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները, ապօրինի ձևով քննության է ընդունել կառավարության ներկայացրած դիմումը և ապօրինի որոշում է կայացրել»,- պատասխանեց Պողոսյանը։

Իսկ ինչո՞ւ է սահմանադրագետը կարծում, որ ՍԴ-ն իրավունք չուներ նման գործ քննելու․ «Որովհետև ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ երբ միջազգային պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, այդ դեպքում այն չի կարող ուղարկվել Ազգային ժողովի վավերացմանը, այսինքն՝ Սահմանադրությունն ասում է, որ չի կարող վավերացնել, եթե հակասում է Սահամանդրությանը։ Սահմանադրական դատարանը 2004 թվականին արդեն իսկ որոշում է կայացրել, որ Հռոմի կանոնադրությունը հակասում է Սահմանադրությանը, և որևէ հնարավորություն, որ այդ գործը նորից քննվի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը չի տալիս։ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն»:

Հարցազրույցի շարունակությունը` կարդացեք վաղը:

Մենք դիմեցինք ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին, ով կողմ է քվեարկել ՍԴ այդ որոշմանը եւ մեկնաբանություն խնդրեցինք: Նա ասաց.

«Սահմանադրական դատարանի՝ սույն թվականի մարտի 24-ի ՍԴՈ-1680 որոշումը հրապարակված է/տեղադրված է Սահմանադրական դատարանի կայքում: Ձեռնպահ մնալով հիշյալ որոշման առնչությամբ մեկնաբանություններից՝ հակիրճ փաստեմ, որ ՍԴՈ-1680 որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է, որ տվյալ գործով ՄՔԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման և 13.08.2004թ. ՍԴՈ-502 որոշման՝ գործի քննությամբ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման հանգամանքների միջև առկա է էական տարբերություն:

Մասնավորապես, ՍԴ-ն արձանագրել է, որ տվյալ գործով ՍԴ խնդիրն է որոշել ՄՔԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների համապատասխանությունն 2015թ. փոփոխություններով (գործող) Սահմանադրությանը, մինչդեռ ՍԴՈ-502 որոշմամբ ՄՔԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգումն իրականացվել է այդ պարտավորությունների՝ 1995թ. Սահմանադրությանն համապատասխանությունը որոշելու նպատակով: Բացի այդ, ՍԴ-ն արձանագրել է, որ 29.04.2021թ. ՍԴՈ-1590 որոշմամբ ՍԴ կողմից Սահմանադրության նախաբանը որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթ ճանաչելը հանգեցրել է ՄՔԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման ընթացքում կիրառելի սահմանադրական դրույթների նոր ընկալման, ինչը ՄՔԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ստուգելու նպատակով Սահմանադրության դրույթները մեկնաբանելու հարցում ունի էական կարևորություն: Վերջապես, ՍԴ-ն արձանագրել է, որ Հայաստանը ՄՔԴ կանոնադրությանը միանում և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայտարարությունն ընդունում է՝ առանց ՄՔԴ կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան՝ ՄՔԴ-ի դատապարտած անձանց պատժի կրման նպատակով ընդունելու պատրաստակամության մասին հայտարարություն կատարելու։ ՍԴ-ն գտել է, որ ՄՔԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով չի համարվում «Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարց»:

ՍԴՈ-1680 որոշման մեջ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների առկայության պայմաններում հնարավոր անորոշությունը կանխելու նպատակով, հատուկ անդրադարձ է կատարված ՄՔԴ կանոնադրության նախաբանի 10-րդ մասով, 1-ին և 105-րդ հոդվածներով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին: Մասնագիտական շրջանակներում, անշուշտ, հարցի առնչությամբ կարող են լինել /առկա են ոչ միատեսակ ընկալումներ և գնահատականներ, որոնց առնչությամբ մեկնաբանություններից զերծ կմնամ: Սահմանադրական դատարանը՝ Կառավարության դիմումի հիման վրա իրականացրել է միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգում, իսկ փաստաթղթի վավերացումն Ազգային ժողովի իրավասության տիրույթում է»: