Հայկական ռեստորանները Կիևում անվճար ուտելիք են բաժանում

Հայկական ռեստորանները Կիևում անվճար ուտելիք են բաժանում

Ռուս-ուկրաինական հակամարտությունում դեռ չի նշմարվում խնդրի հանգուցալուծման որևէ նշույլ: Որքան էլ Ռուսաստանը հայտարարում է հումանիտար միջանցքի մասին, միևնույն է, ռուսական կողմը չի թողնում խաղաղ բնակիչներին օգտվել այդ միջանցքից և կրակում է նրանց  վրա: Hraparak.am-ը զրուցել է Կիևում բնակվող մեր հայրենակցի հետ և հետաքրքրվել Կիևում ապրող մեր հայրենակիցների վիճակից:

«Կիևում համեմատաբար այս մի քանի օրերին նորմալ է, պայթյունները մայրաքաղաքի մոտակայքում են, մարտերը դեռ շարունակվում են: Կիևի վրա էլ են կրակում, որտեղ ընկնեն-ընկնեն բեկորները: Բայց հիմնականում ընկնում են քաղաքի ծայրամասերում»,-մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, Կիևի բնակիչը: 

Վերջինս նշեց, որ Կիևում որքան ժամանակ է, ինչ հաստատված է պարետային ժամ: Այն ամեն օր սկսվում է ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ը: 

«Իրոք վտանգավոր է, ոչ ոք դուրս չի գալիս, որովհետև առանց զգուշացնելու կարող են կրակել: Բայց կան օրեր, երբ կարող են ժամերը օրվա ընթացքում փոխվել, ասենք կարող է սկսվել ժամը 16:00-ից»,-ասաց զրուցակիցս:

Մեր հայրենակիցը, նշեց , որն խանութներն ու դեղատները բաց են, քարտերով առևտուր և  բանկոմատներից գումար հանել լինում է:

«Քաղաքում թարմ սնունդը ապահովված է: Ճիշտ է հերթեր կան, երբ կաթնամթերք են թարմ բերում, բայց հիմնականում ամեն ինչ նորմալ է: Այս ամենին զուգահեռ լիքը զենք, լիքը զորք ու անկայուն վիճակ»,-ասաց զրուցակիցս:

Մեր այն հարցին, թե ինչպես են աշխատում հայ համայնքի ղեկավարները բնակիչների հետ, մեր հայրենակիցը նշեց, որ հյուպատոսարանների հետ կապը այն դեպքում է, երբ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են մարդիկ ունենում:Համայնքի ղեկավարներին էլ դիմելու դեպքում հնարավորության սահմաններում օգնում են իրենց ամեն հարցում:

«Բաց են և աշխատում են նաև հայկական ռեստորանային ցանցերն ու հյուրանոցները՝ ապահովելով զինվորների, Կիևում ապրող հայերի և կամավորականների սնունդը: Հյուրանոցները նաև անվճար տեղեր են տվել բոլոր կարիքավորներին: Կիևում ապրող հայերի մեծ մասը միտք չունի դուրս գալու, միգուցե ընտանիքներին տեղափոխում են, բայց իրենց տարիների կառուցածը չեն թողնի, երբեք ու դուրս գա մայրաքաղաք Կիևից»,-իր խոսքը եզրափակեց Կիևի մեր հայրենակիցը: