Քրքջում են նրանք արնաքամ ընկած դիակիդ վրա

Քրքջում են նրանք արնաքամ ընկած դիակիդ վրա

Ասում են՝ ինչու՞ Մեծերին կենդանության օրոք չեն պատվում։ Մի պատասխան կա միայն՝ մեծերին ընտրում է ժամանակը, դարը։ Մեծերը ժամանակի մաղով անցնում ու մաղի նեղ անցքերով չեն սահում ու ընկնում։ Մեծերը ժամանակի շունչն են, ոչ թե տվյալ ժամանակի, այլ բոլոր ժամանակների շունչն են։ Հիմա փորձենք սովորական մի բանաստեղծությամբ չափել Չարենցի մեծությունը։ Մերօրյա աղետին ո՞վ կարող է ավելի հնչեղություն  տալ, քան Եղիշե Չարենցը։ Ասես այս բանաստեղծությունը գրել է Եռաբլուրում՝  Արցախի կապիտուլյացիայից ու մեր սահմանները հոշոտելուց հետո։ 

Անիծելով չար աշխարհի չար ուժերին, Չարենցը հնչեցնում է մի կողմից կորուսյալ հայրենիքի հանդեպ եղած հուսահատությունը, մյուս կողմից խարազանում մեր ոխերիմ թշնամիների անմարդկային էությունը. 

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի,-տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք 
Արնաքամ ընկած դիակիդ վրա։ 

Համազգային ողբի վրա, երբ երկրիդ տերերի առաքելությունը մեզ  մորթողի հետ լայն ժպտա՜լն է ու նրան տրվելը, Չարենցը, Չարենցի նման ոչ մի մեծություն  դա չէր կարող պատկերացնել։ Նման բան ի զորու չէ պատկերացնել մարդկային բանականությունը։ Թարմ արյան վրա թարմ առևտուր։ Եվ զուր չէ Չարենցը բարձրացնում այն հարցը, որն այսօր հայ ժողովուրդն է բարձրացնում․ 

Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր
Կյանքը դարձնում նզովյալ գեհեն։