Կուսակցության կնիքը հանձնել եմ Թաթուլ Մկրտչյանին

Կուսակցության կնիքը հանձնել եմ Թաթուլ Մկրտչյանին

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հրաժարական է տալիս ՊԿ նախագահի պաշտոնից: Նա նշել է, թե ընդունում է իր տեսակի պարտությունը և հեռանում կուսակցության նախագահի պաշտոնից: 

Մենք Միքայել Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչո՞վ է զբաղվելու, գուցե այլ քաղաքական առաջա՞րկ է ստացել իշխանություններից, չէ որ ինքը ամեն ամիս մասնակցում է Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներին։

Միքայել Հայրապետյանն ասաց, որ կուսակցությունը լքելու հետ կապված ավելացնելու որևէ բան չունի, քանի որ արդեն իսկ ամեն ինչ ասել է իր հայտարարության մեջ, իսկ ահա ինչ վերաբերում է այլ առաջարկներ ստանալուն․ «Ես որևէ առաջարկ չեմ ստացել», - նշեց նա:

Հարցին, թե ինչո՞վ եք այժմ զբաղվելու, Հայրապետյանը նշեց, որ մանկավարժությունն իր սիրելի աշխատանքն է և իր ապագան տեսնում է հենց այդ ոլորտում. «Իմ սիրելի զբաղմունքը՝ մանկավարժությունը, ես ամբողջ կյանքումս թողել եմ միայն ընդհատակում գտնվելուս ժամանակ»:

Իսկ ում է հանձնել կուսակցությունը, ովքեր են, որ «բանսարկություններ, խարդավանքներ, դավադրություններ» են հյուսում եւ ինքը ստիպված է եղել հեռանալ կուսակցությունից։ Այս հարցին Միքայել Հայրապետյանը մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Ես կնիքները և կուսակցության ամբողջ արխիվը երեկ հանձնեցի Թաթուլ Մկրտչյանին»: Թաթուլ Մկրտչյանը կուսակցության փոխնախագահն է՝ միակ մարդը, ով Միքայել Հայրապետյանից բացի այս տարիներին հանդես է եկել Պահպանողական կուսակցության անունից։