Հայկական կողմը չպետք է հանգստանա, Ադրբեջանն ամբողջ իր ուժը չի դրել

Հայկական կողմը չպետք է հանգստանա, Ադրբեջանն ամբողջ իր ուժը չի դրել

Հարցազրույց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ

- Արդեն քանի օր է՝ պատերազմ է, ի՞նչ գնահատական կտաք իրավիճակին։

- Աննախադեպ ռազմական գործողություններ են ընթանում, այսպիսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ ՀՀ պատմությունը չէր տեսել, նույնիսկ առաջին ղարաբաղյան պատերազմը չես համեմատի ստեղծված իրավիճակի հետ։ Աննախադեպ են բոլոր առումներով, ներգրավված սպառազինության տեսակով, կողմերով, Թուրքիան անմիջական մասնակցում է ղարաբաղյան հակամարտությանը։

- Հայկական կողմը, ասում են, մեծ վնաս է հասցրել ադրբեջանական զրահատեխնիկային։ Ինչպիսի՞ վնաս է։

- Ադրբեջանցի զինված ուժերն ահռելի կորուստներ են ունեցել, խոսքը զրահատանկային տեխնիկայի մասին է, ամենահզոր հետեւակի մասին։ Անօդաչու թռչող սարքեր շատ են կորցրել, ընդ որում խոսքը գնում է հզոր անօդաչու թռչող սարքերի մասին։ Դրանք իսրայելական, թուրքական արտադրության են, նույնիսկ Ադրբեջանի Հանրապետությունն է արտադրում անօդաչու թռչող սարքեր, որոնք աշխարհում լավագույններից են։ Կենդանի ուժի մասին չեմ խոսում։ Մի կողմից հայկական կողմի համար ուրախալի է, որ տվել են։ Ես կանխատեսում եմ, որ այս կորուստներով Ադրբեջանը հեռու է հաղթանակից, Ադրբեջանի ժողովուրդը չի ների իր ղեկավարությանը։ Այո, նրանք գերժամանակակից սպառազինություն են ձեռք բերել, կա սպառազինություն, որ նույնիսկ ՌԴ-ն, ԱՄՆ-ն չունի։

- Եթե համեմատություն անցկացնենք մեր եւ Ադրբեջանի սպառազինության միջեւ․․․

- Երկու երկրներ ի սկզբանե ունեցել են տարբեր քաշային կատեգորիաներ, այսինքն՝ ի սկզբանե տարբեր հնարավորություններ են ունեցել։ Ադրբեջանը ե՛ւ ՆԱՏՕ-ական սպառազինություն էր ձեռք բերում, ե՛ւ ռուսական, հայկական կողմը ձեռք էր բերում ռուսական սպառազինություն։ Իսրայելը ռազմարդյունաբերության ոլորտում գիգանտ պետություն է, փոքր է չափերով, բայց նրա ռազմարդյունաբերությունը հզոր է։ 2 երկրների ֆինանսական հնարավորությունները տարբեր մակարդակի վրա են, ՀՀ-ն ձեռք է բերել այն  սպառազինությունը, որն անհրաժեշտ է։

- Այդ դեպքում ինչո՞ւ այդքան կորուստներ ունի, երբ ասում եք՝ գերժամանակակից զենքով է զինված հակառակորդը։

- Հայկական կողմը պաշտպանվում է, ադրբեջանականը՝ հարձակվում։ Այն կողմը, որը հարձակվում է, միշտ ավելի շատ կորուստներ ունի․ սա կարեւոր բան է։ Կարող է մի զարմանալի բան ասեմ, բայց հայերը ռազմագիտությանն ավելի լավ են տիրապետում։ Հայերն ավելի գրագետ են պատերազմում։ Օբյեկտիվ մի բան ասեմ․ հայկական կողմն իր ուժերից ավելին է անում։ Հայերի դեմ օգտագործվում է այնպիսի սպառազինություն, որը երբեւէ չի կիրառվել։

- Արցախի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանի հիմնական ժամանակակից զենքն ու զինամթերքը թուրքական են։ Օրինակ, ի՞նչ է իրենցից ներկայացնում  F-16-ը։

- Շատ ժամանակակից է՝ գիշերը թե ցերեկը ընդունակ է օդային մարտ վարել, վերգետնյա, ստորգետնյա թիրախներ վարել։ Ամեն ինչ կարող է անել, ստրատեգիական թիրախներ խոցել։ Ընդունակ են 105 կիլոմետր օդային մարտ վարել։

- Մենք միջազգային հանրությանն ինչպե՞ս ենք ապացուցելու, որ Ադրբեջանը կռվում է թուրքական ռազմատեխնիկայով։

- Գրոհիչի վրա դաջված է։ Բացի դրանից, ՌԴ-ն այստեղ ունի կայանքներ, որոնք այդ ամեն ինչը ֆիքսել են։

- Հրապարակվում են թվեր Ադրբեջանի կորուստների վերաբերյալ, գումարային ինչքա՞ն վնաս են կրել նրանք։

- Վնասն ահռելի է։ Իմ հաշվարկով՝ 100-150 միավոր տեխնիկա է խոցվել։ Սրանք ահռելի թվեր են։ Տասնյակ միլիարդ դոլարների կորստի մասին է խոսքը, բայց հայկական կողմը չպետք է հանգստանա, քանի որ ամբողջ իր ուժը Ադրբեջանը չի դրել։ Օրինակ՝ համալիրներ ունեն՝ «Լոռան», «Իսկանդերը» ռուսական է, «Լոռան»՝ իսրայելական։