21-րդ դարը մերն է լինելու

21-րդ դարը մերն է լինելու

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը Թուրքիայի ռազմաօդային ուժերին հանձնելը լուրջ խնդիրներ է ստեղծել հայկական զինված ուժերի համար: Թուրքիայի զինված ուժերը, ըստ սպառազինության միջազգային «Global Power» դասակարգման, աշխարհում զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը: Հայաստանի ԶՈՒ-ն զբաղեցնում է 111-րդ հորիզոնականը: Բայց այդ հանձնումը տեղի ունեցավ, որովհետեւ Ադրբեջանը պարտվեց օդային ղեկավարման մենամարտում: Այնպես որ, մեզ բախտ է վիճակվել մենամարտելու մեզնից 100 հորիզոնական բարձր՝ տարածաշրջանային գերտերության հետ: Բախտ է վիճակվել, որովհետեւ մենք ազգովի երդվել ենք, որ հաղթելու ենք, ինչը նշանակում է, որ մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, եւ դրանում կասկած լինել ուղղակի չի կարող: Մենք հաղթելու ենք, որովհետեւ Ադրբեջանի հարձակումը հսկայական ազգային ոգի արթնացրեց մեզանում, այն ազգային ոգին, որ թեւածում էր Ստեփանակերտում եւ Երեւանում 32 տարի առաջ, եւ որի շնորհիվ հայը պետականություն ձեռք բերեց եւ հաղթանակեց Արցախյան ազատամարտում: Իսկ ազգային ոգին առաջին հերթին բնորոշվում է ազգային միասնությամբ: 32 տարի առաջ հայությունն ապահովեց իր ազգային միասնությունը եւ հաղթանակ տարավ իրենից մարդկային ռեսուրսներով ավելի մեծ եւ տեխնիկապես ավելի հզոր երկրի նկատմամբ, որին, բացի դրանից, օգնության էին եկել բազմաթիվ զինյալներ այլ երկրներից:

Այսպիսով, այսօր եւս ճակատային գծում, ինչպես նաեւ Երեւանում ու Ստեփանակերտում թեւածում է նույն ազգային ոգին, որը, ի դեպ, ոչ միայն սնված է ազգային միասնությամբ, այլեւ իրենով գեներացնում է նույն այդ միասնությունը: Սա նշանակում է, որ մեր հաղթական պատերազմից հետո չի կարող եւ չպետք է լինի հասարակության պառակտում, այն երեւույթը, որը 20 տարի շարունակ քայքայում էր ազգային մարմինը եւ իր գագաթնակետին հասավ վերջին 4 եւ հատկապես վերջին երկուսուկես տարում: Այն պետք է այլեւս տեղ չգտնի մեր կյանքում, քանի որ չի կարող լինել ազգային ոգի հասարակության մի մասի շրջանում, իսկ մյուսում բացակայի: 

Ազգային ոգու գոյությունը ենթադրում է, որ պատերազմից հետո դադարեցվելու են ազգը պառակտման տանող բոլոր գործողությունները, պետական, կառույցային եւ միջանձնային բոլոր այն հարաբերությունները, որոնք հանգեցրին 2016-ի հուլիսյան (ոստիկանության գնդի գրավում) եւ 2018-ի ապրիլյան իրադարձություններին: Այս օրերի պատերազմին նախորդած բոլոր երեւույթները պետք է մերժվեն, նետվեն պատմության աղբարկղը եւ մոռացվեն: Հաղթական պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում պետք է հաստատվի նոր իրականություն, եւ դրա պատասխանատուն իշխանությունն է, այն իշխանությունը, որը երկուսուկես տարի առաջ ձեւավորվեց քաղաքացիների կողմից, իսկ դրանից 7 ամիս անց ստացավ քաղաքացիների քվեն: Այդ իշխանության ճակատագիրը կախված կլինի նրանից, թե ինչպես կկարողանա ինքը կյանքի կոչել այն առաքելությունը, որը նրան կփոխանցի ծանր ու դժվարին այս պատերազմում ազգային ոգու հաղթանակը: «21-րդ դարը մերն է լինելու»,- ասել է Սպարապետը, եւ դա լինելու է:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ