Պոպուլիզմ եւ իրականություն

Պոպուլիզմ եւ իրականություն

Մղձավանջի նմանվող այս օրերին ոչինչ այնքան չի վիրավորում հանրային գիտակցությունը, որքան կեղծիքը։ Խոսքը տեղեկատվական կեղծիքի մասին չէ, որին հանրությունը վարժվել է եւ արդեն կարողանում է բավական հմտորեն խուսափել նրա ծուղակներից։ Խոսքը բարձր մակարդակներից հնչող այնպիսի կեղծ պնդումների մասին է, որոնք, որքան էլ ուղղված լինեն հասարակության լավատեսական ոգու ամրապնդմանը,  այնուամենայնիվ, իրենց չափազանցական բնույթով եւ անձնախնդիր շեշտադրումներով միանգամայն հակառակ ներգործությունն են ունենում հանրային գիտակցության վրա։ 

Ահավասիկ, վարչապետի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։
Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։

Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»։

Մեր այս անդրադարձը գրառման ոչ այնքան բովանդակությանն է վերաբերում, որ որեւէ առարկության ենթակա չէ, որքան այդ բովանդակության յուրօրինակ «սեփականաշնորհմանը»․ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը, ի դեմս վարչապետի, սեփական «նվաճումներին» նոր վերագրումներ է անում՝ մոռանալով նշված դիվանագիտական հաղթանակը կերտող իսկական ասպետներին։ Ստացվում է, որ հայ դիվանագիտությունը խոշոր հաղթանակ է տարել՝ շնորհիվ Զոհրաբ Մնացականյանի եւ, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի։ Դիվանագիտական հաղթանակում ո՛չ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հիշելի ներդրում ունի, ո՛չ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, եւ դա՝ այն դեպքում, երբ հանրային ընկալման մեջ պատերազմական այս օրերի ամենաերեւելի եւ իսկական «դիվանագետները» նրանք են, մանավանդ Ա․ Հարությունյանը, որի պարզ, հասցեական եւ ուղիղ խոսքը միջազգային հանրության, ընդհանրապես աշխարհի համար հազար դիվանագիտական լեզու արժե։
Սակայն խնդիրը դա էլ չէ։

Գրառումից, դժբախտաբար՝ նորից ու նորից, հասարակությունը նորերի եւ հների բաժանելու տպավորությունն է արտածվում, որը, զուգորդված անթաքույց ինքնամեծարության հետ, վարչապետական խոսքը դարձնում է առավելապես անձնախնդիր, ինչը շատ զարմանալի է ներքին համերաշխության, միասնականության այս մթնոլորտում։

Չափազանց անհարկի եւ ինքնամեծար է հնչում գրառման առաջին նախադասության «վերջապես» բառը, որի ուղղակի ենթիմաստն այն է, թե բոլոր նախկինների եւ նախորդների օրոք հայկական դիվանագիտությունը հաղթանակներ չի տարել, բայց ահա այս իշխանությունների օրոք, «վերջապես», տարավ։ Առավել զարմանալի է «խոշոր» ածականի գոյությունը․ դրանից եւս, ինչպես «վերջապես»-ից, ինքնամեծարության, սեփական բացառիկության ու աննախադեպության ընդգծման անոմալ ազդակներ ենք ստանում։ Մեր այս դիտարկումները, ցավոք, սուբյեկտիվ չեն․ վարչապետի գրառման այդօրինակ ընկալումն առկա է հանրության տարբեր շերտերում։

Իսկ գրառման պոպուլիստական էությունը երեւակվում է այն պարզ իրողությամբ, որ միջազգային հանրության կողմից՝  լայնածավալ պատերազմի վերաճած հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի ղեկավար դերի, ադրբեջանական զինված ուժերում Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբերի ներդրված լինելու փաստի ընկալումը բոլորովին էլ սոսկ դիվանագիտական հաղթանակ չէ։ Բայց  եթե պետք է դա դիտարկել իբրեւ դիվանագիտական հաղթանակ, ուրեմն այդ հաղթանակը մարմնավորված է նախ հայ զինվորի եւ խտացյալ՝  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կերպարով, որի պարզ, աներկմիտ խոսքը պատերազմական իրողությունների մասին իրենով հարյուր դիվանագետ արժե՝ Զոհրաբ Մնացականյանն էլ հետը, եւ տասը պաշտոնական դիվանագիտություն։