Զավակը՝ միայն մոր մոտ

Զավակը՝ միայն մոր մոտ

Մինչ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոսկովյան այցը պաշտոնապես մնում է չպարզաբանված, շարունակվում են տարբեր վարկածներ քննարկվել։ Դրանցից մեկի համաձայն՝ այցի հիմնական նպատակն Արցախի հետագա կարգավիճակն է։ Տեսակետ կա, որ բանակցությունների ընթացքում Արցախը պետք է հանդես գա դիրքորոշմամբ, որ ցանկանում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Այս միտքը հիշատակվել էր դեռեւս պատերազմի ընթացքում՝ Արայիկ Հարությունյանի կողմից Պուտինին ուղղված նամակում։ Արցախում ինչպե՞ս են սրան վերաբերվում։

Արցախցիների հետ զրույցներից հասկացանք, որ այս պահին մեկ հարց է նրանց հուզում՝ հետպատերազմյան խնդիրների լուծումը։ Արայիկ Հարությունյանի կուսակից Արթուր Հարությունյանը՝ խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը, ասաց. «Հիմա կարեւորը մարդկանց խնդիրներն են, իշխանությունը 24-ժամյա գրաֆիկով լծված է այդ խնդիրների լուծմանը»։ Իսկ Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու գործընթաց այս պահին խորհրդարանում չկա։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն պետք է հանրաքվեի որոշում կայացնի, որից հետո Արցախի ժողովուրդը հանրաքվեով կարտահայտի իր կամքը։ «Կարծում եմ՝ հիմա դա քննարկելու ժամանակը չէ։ Երբ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները շարունակվեն, այն ժամանակ գուցե պարզ դառնա, թե կարգավիճակն ինչպես ենք պատկերացնում»,- ասաց Հարությունյանը։ «Այո, նախագահը գնացել է Ռուսաստան, բայց թե ինչ հարցով, մենք չգիտենք։ Մենք նախատեսում ենք առաջիկայում պարոն նախագահին հրավիրել եւ տեղեկանալ, թե ինչու, ինչ նպատակով է մեկնել Մոսկվա»։ Նախագահը ՌԴ մեկնելուց առաջ նույնիսկ իր՝ հորեղբոր որդու հետ չի կիսվել այցի նպատակների մասին։ 

Արցախի նախկին պատգամավոր Վարդգես Բաղիրյանի համար ցավալի է, որ այսօր նման տարբերակ է քննարկվում, ինքը կուզենար եւ միշտ է այդպես կարծել, որ Արցախը Հայաստանին միանար։ «Լավ, ենթադրենք՝ հիմա Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջման հարցը կա, եւ անվտանգությունից է բխում, որ մենք լինենք Ռուսաստանի կազմում կամ նրա մանդատի ներքո։ Այդ վտանգը հաշվի առնելով՝ գուցե արցախցիների մեծ մասը կողմ լինի նման սցենարի, բայց չէ՞ որ կա ասիմիլյացիայի՝ ձուլման վտանգ։ Ես ուղղակի ցավում եմ, շատ եմ ափսոսում, որ մեզ հասցրին այս կետին․․․ պետք է ելքեր գտնել, այնպես անել, որ զավակը հայտնվի մոր մոտ, Արցախը՝ Հայաստանի»։