Բաստիոնդ միջանցքով քանդեմ

Բաստիոնդ միջանցքով քանդեմ

Այն, որ քաղաքացիական արտահագուստով ադրբեջանցի զինվորականները փակեցին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը (միջանցքը), հետո ռուսները մի քանի արցախցի պաշտոնյաների հետ եկան ու բանակցեցին, սովորական միջադեպ չէր: Նկատի ունենանք, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո դա Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրելու առաջին դեպքն էր, որ ՀՀ կողմից արժանի վերաբերմունքի ու քայլերի չարժանացավ: Ու եթե այնպես պատահի, որ վաղն ադրբեջանցիները միջանցքը կրկին փակեն, նրանց այդ վարքագիծը կարող է սովորական դառնալ, ու մի գեղեցիկ օր էլ ռուսներին չհաջողվի արցախցիների հետ վերաբացել ճանապարհը:

Ասենք, որ ճանապարհի փակման օրերին ՀՀ իշխանություններն իրենց ռետինե խողովակի տեղ էին դրել, ասես խոսքը ոչ թե Հայաստան-Արցախ կապն ապահովող միջանցքի մասին էր, այլ Բոսֆորի նեղուցի, որի փակվել-բացվելը մեզ վրա ճիշտ այնքան ազդեցություն ունի, որքան դուդուկի նվագը՝ էշի վրա: ՀՀ իշխանությունների հանգստությունը, սակայն, զուտ արտաքուստ էր: Ներքուստ նրանք անհանգիստ էին, որովհետեւ «միջադեպը» բավականին տհաճ զարգացումներ կարող էր ունենալ եւ մունդռել նրանց տոնական տրամադրությունը: Եվ ահա՝ նրանք ամեն ինչ արեցին այդ օրերին, որպեսզի հանրությունը սուր զգացողությունների պակաս չունենա ու զբաղվի շատ ավելի «կարեւոր» գործով, քան միջանցքը բացելը: Հիշեք հրապարակի շենքերը ծակծկելու շուրջ բարձրացած աղմուկը, որ արթնացրեց անգամ իրենց պատյաններում ամփոփված մշակույթի գործիչներին: Իսկ մեկ օր անց արդեն «Եվրատեսիլ» էին բացելու. մե մեծ թամաշա, մե էշի հարսանիք, մե լույսերի անճաշակ հեղեղ, մե զռզռոց… Էլ ո՞վ պետք է հիշեր միջանցքի մասին: Ու թեեւ այն կարող է վաղն էլ փակվել, բայց դա խնդիր չէ ՀՀ իշխանությունների համար, որովհետեւ մի նոր հիմարություն կմտածեն՝ առ ի զբաղմունք մեր դեգրադացված հասարակության:

Փորձենք հասկանալ, թե ինչ էր նշանակում ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակումը որպես ակցիա՝ ուղղված մեկ այլ պետության դեմ: Հասկանալի է, չէ՞, որ այդ ճանապարհն ունի միջազգային ստատուս եւ համարվում է Հայաստանն Արցախի հետ կապող արտատարածքային միջանցք: Հակառակ պարագայում Գորիս-Բերձոր-Շուշի միջանցքն իրենով արած Ադրբեջանը նոր ճանապարհ չէր տրամադրի Արցախին ու Հայաստանին: Եվ ահա, փակելով այդ նոր ճանապարհը, Ադրբեջանը, ըստ էության, միջազգային սկանդալի տեղիք է տվել, ինչին արձագանքել են ռուս զինվորականներն ու արցախցի որոշ պաշտոնյաներ: Այն, որ Արեւմուտքը չարձագանքեց, դեռ հասկանալի է, բայց թե ինչո՞ւ ՀՀ-ն եւ ՀՀ իշխանությունները չարձագանքեցին այդ սկանդալին, առայժմ մնում է առեղծված: ՀՀ-ից ոչ մի պաշտոնյա հետույքն աթոռից չկտրեց, որ գնա տեսնի՝ ինչ է կատարվում այնտեղ: Այդ միջանցքը, ի վերջո, միայն արցախցիների համար չէ: Դրանով երթեւեկում են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ միջանցքով են ռուս խաղաղապահներն իրենց անհրաժեշտ զենք-զինամթերքն ստանում, իրականացնում խաղաղապահ կոնտինգենտի հերթափոխը եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ու հետինները մեծ-մեծ խոսում են՝ մենք կգնանք, կպաշտպանենք արցախցիների իրավունքները: Շատ բարի, դուք դրանից ավելի չէիք էլ կարող անել… Բայց գոնե դա արեք: Այս միջանցքն Արցախին ու արցախցիներին տրվել է որպես իրավունք՝ Հայաստանի հետ կապ ունենալու համար: Ինչո՞ւ չեք պաշտպանում այդ իրավունքը: Իսկ գուցե սպասում եք, որ Եվրոպայից մի դատավոր գա ու ձեր փոխարեն տե՞ր կանգնի արցախցու իրավունքներին: Մոռացեք:

Արցախից գնահատականներ հնչեցին, որ տեղի ունեցածն Ադրբեջանի եւ ՀՀ իշխանությունների պայմանավորվածության արդյունք է, որ հող է նախապատրաստվում ռուս խաղաղապահներին հեռացնելու համար: Մարդիկ այդ եզրակացության են եկել խաղաղապահների ղեկավարության հետ հանդիպում-զրույցներից հետո: Արցախցիներին չհավատալու հիմքեր կարծես չկան, իսկ ՀՀ իշխանություններն էլ դեռ ոչ մի հոդաբաշխ խոսք չեն ասել այն մասին, թե ինչու անարձագանք թողեցին խայտառակ միջադեպը: Թերեւս միայն Նիկոլի այն հայտարարությունը գցեցին շրջանառության մեջ, թե մենք ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Հասկացանք՝ տվել եք, հասկացանք՝ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, իսկ ինչպե՞ս եք պաշտպանելու արցախցիների իրավունքները, երբ դա անելու միակ ճանապարհն էլ են փակում ձեր քթի առաջ: Եվրոպական հարթակներո՞ւմ… Իսկ ո՞վ է լսելու ձեզ, երբ Արցախի հարցը վերջնականապես դառնա Ադրբեջանի ներքին հարցը: Ո՞վ է հիմա լսում իրենց հայրենի հողի վրա ապրող հայերին ու քրդերին, որոնք Թուրքիայի քաղաքացի են համարվում: Ո՞վ է լսելու «Ադրբեջանի քաղաքացի» դարձած, թեկուզ Ադրբեջանի մեջլիսում պատգամավոր ունեցող արցախցու խնդիրը, եթե այդ խնդիրն անգամ ՀՀ-ն բարձրացնի:

44-օրյա պատերազմից անմիջապես հետո օրակարգ մտավ «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ի՞նչ է պայմանավորվել Փաշինյանն Ալիեւի հետ: Մեզ ասում են՝ նման հարց չկա, Սյունիքով արտատարածքային միջանցք տալու մասին խոսք չկա: Ստում են: Այլապես Ադրբեջանն ինչո՞ւ պետք է հրաժարվեր Հայաստանի տրամադրած ճանապարհներից, որոնք նրան կկապեին Նախիջեւանի հետ: Ոչ, Ադրբեջանին պետք է հենց արտատարածքային միջանցք, որ չի վերահսկվի Հայաստանի կամ ռուսների կողմից: Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետությանը նման պահանջ չի կարող ներկայացնել, որովհետեւ Իրանը նորմալ երկիր է եւ իր սուվերեն տարածքում ոչ մի այլանդակություն թույլ չի տա: Այլ է պատերազմում պարտված ու կապիտուլացված Հայաստանը, այլ է Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ աթոռին գերի, իր ապագայից սարսափող, անսկզբունք ու անհայրենիք: Եվ ահա, Ադրբեջանը ձգտում է հայելային հավասարություն ունենալ միջանցքների տեսքով: Այդ ինչպե՞ս է, որ դուք կարող եք միջանցքով կապվել «Կարաբախի» հետ, իսկ մենք չենք կարող Նախիջեւանի հետ այդպիսի միջանցք ունենալ: Եվ Նիկոլը լռում է՝ ի՞նչ պատասխան է տալու իրեն ընտրող բիոզանգվածին (չեմ ասում՝ ողջ հայ ժողովրդին), երբ Ալիեւը, այնուամենայնիվ, «Զանգեզուրի միջանցքն» ստանա: