Բրիտանիան դարձել է Ղազախստանի ռազմավարական գործընկերը

Բրիտանիան դարձել է Ղազախստանի ռազմավարական գործընկերը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնին։ Այս մասին հայտնում է NewTimes-ը։

Հանդիպման ընթացքում Տոկաևը կարևորել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի այցը Ղազախստան՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը լրացուցիչ խթան հաղորդելու տեսանկյունից։

«Կցանկանայի հատկապես նշել ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին այսօր ստորագրված համաձայնագիրը։ Վստահ եմ, որ այս համապարփակ փաստաթուղթը որակապես նոր հիմք կդնի մեր բազմակողմ և երկկողմ օրակարգի ընդլայնման համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Նա ուշադրություն է հրավիրել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման առկա ներուժի վրա, այդ թվում՝ էներգետիկայի, կանաչ տնտեսության, ֆինանսների և նորարարության ոլորտներում։

Իր հերթին Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է ամրապնդել փոխգործակցությունը Ղազախստանի հետ էներգետիկայի, կրթության, բիզնեսի, մշակույթի ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել միջանձնային կապերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։