Ո՞վ է մեղավոր, որ 5 տարի իշխանություն ունես ու ասում ես` բանակը մարտունակ չէ

Ո՞վ է մեղավոր, որ 5 տարի իշխանություն ունես ու ասում ես` բանակը մարտունակ չէ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

- Վարչապետ Փաշինյանը երկօրյա այցով Սանկտ Պետերբուրգ մեկնեց՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դրան կմասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Փաշինյանի այցն ինչ-որ առումով կարո՞ղ է ազդեցություն ունենալ շուրջ երկու շաբաթ բլոկադայի մեջ հայտնված Արցախի վրա: Նկատենք նաեւ, որ որոշ շրջանակներ երեկ որոշել են շարժվել դեպի Արցախ, բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

- Սա զուտ «տուսովկա» է: Երկու օր առաջ Արցախում քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին, ռուս խաղաղապահները խնդրեցին երեք օր ճանապարհը բացելու համար: Այսօր որոշ շրջանակներ, փաստորեն, ակցիա իրականացնելու են գնում՝ իմանալով, որ ճանապարհը բացվելու է: Իսկ ինչո՞ւ այդ շրջանակներն ամսի 25-ը կամ 27-ը չընտրեցին ակցիա իրականացնելու համար, եթե ռուսական կողմը խոստացել է խնդիրը լուծել: Այստեղ շատ հետաքրքիր հարցեր են ծագում:

- Համոզվա՞ծ եք, որ այսօր կամ վաղը ճանապարհը բացվելու է:

- Համոզված չեմ եւ այդ մասին շատ եմ ասել: Ադրբեջանը հենց այնպես բարի կամքի դրսեւորմամբ ճանապարհ չի բացելու, իսկ եթե բացում է գաղտնի պայմանավորվածությամբ, սա արդեն այլ խնդիր է եւ այլ տեղ է մեզ տանում:

- Ռուսաստանում հանդիպումն ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդեցություն ունենալ, թե՞ ոչ:

- Յուրաքանչյուր հանդիպում, անկախ նրանից՝ ֆորմալ է, թե ոչ ֆորմալ, անպայման ազդեցություն ունենում է: Այլ հարց է, թե ում համար: Ուժեղ կողմերը մշտապես `բոլոր հանդիպումներից փորձում են օգտվել: Բնականաբար, ուժեղ կողմի համար հարցեր են լուծվելու:

- Այս պարագայում ուժեղ կողմն ո՞վ է:

- Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան: Նրանք բոլորը, իրենց շահերից ելնելով, ամեն նման հանդիպում իրենց երկրի շահերին են ծառայեցնում:

- Իսկ Հայաստա՞նը:

- Իսկ Հայաստանն այսքան ժամանակ իր օգտին ի՞նչ է արել: Հայաստանն ո՞ւմ հետ պետք է հարցեր լուծի: Եթե վերցնենք ՀԱՊԿ-ն կամ ԱՊՀ-ն, ապա նույն Ադրբեջանն էլ է դրանց կազմում: Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում ինքը բոլորից շատ բարեկամներ ունի: Եթե նա ՀԱՊԿ-ում շատ բարեկամներ ունի, հետեւաբար, կարող է նաեւ շատ բարեկամներ ունենալ ԱՊՀ-ում: Ստացվում է, որ նա, ով ավելի շատ բարեկամներ ունի, կարող է առիթից ավելի շատ օգտվել: Եթե անգամ Հայաստանը քննարկման սեղանի շուրջ նստի Ռուսաստանի հետ, սա եւս խնդիր է. ի՞նչ է առաջարկելու հայկական կողմը: Հայաստանն ի՞նչ խնդիրներ է բարձրաձայնելու, ինչի՞ մասին է խոսելու:

- Արցախի հարցը, Արցախի բնակչության ճակատագիրն օրվա իշխանությանը չե՞ն հուզում:

- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդքան շատ երկրներ են ներգրավված: Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում: Ոչինչ չի փոխվել, չէ՞: Ի դեպ, ՄԱԿ-ը մնացյալ բոլոր կառույցներից ավելի հզոր է, սակայն ոչ մի արդյունք: Ճանապարհը մնում է փակ: ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանին դատապարտեց: Ճանապարհը բացվե՞ց՝ ոչ:

- Ո՞ր պարագայում թշնամին կբացի ճանապարհը:

- Այն պարագայում, երբ թշնամին կհասկանա, որ այլեւս չի կարող փակ պահել ճանապարհը: Եթե մեր պատմությունն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ ոչ հեռու 1992-ին մենք մեր ձեռքով բացել ենք մեր ճանապարհները: Այլ երկրներում եւս նման հարցերը լուծվում են ճնշումների միջոցով: Թշնամին միայն մեկ լեզու է հասկանում: Ենթադրենք, հիմա այս բնապահպան կոչվածները գնացին տուն, պառկեցին, քնեցին ու նորից եկան ճանապարհ փակելու, ինչ՝ համարելու եք, որ հարցը լուծվե՞լ է: Ճանապարհ բացելն այն է, որ նման դեպք այլեւս տեղի չունենա, քանի դեռ նման երաշխիքներ չկան, չենք կարող ճանապարհը բացված համարել: Ցանկացած ճանապարհ բաց կարող է համարվել այն դեպքում, երբ կվերահսկվի հայկական զինված ուժերի կողմից:

- Ադրբեջանն ի՞նչ պահանջներ կարող է ներկայացնել այսօր:

- 1992-ից մինչեւ 2020 թվականն ինչպե՞ս է եղել: Ճանապարհները եղել են բաց, ոչ մի ֆեյք բնապահպան չի կարողացել պահանջներ ներկայացնել: Միմիայն երաշխիքը կարող է դա լինել: Այսինքն` երբ հայկական կողմը վերահսկի ճանապարհը, այդ ժամանակ էլ կարելի է այն համարել բացված:

- Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առիթը բաց չեն թողնում հանրության աչքը մտցնելու, թե հայկական բանակը նախկին իշխանությունները թալանել են, ոչնչացրել: Ասում են` թշնամին 30 տարի հզորացել է, իսկ մեզ մոտ անհատներն են հզորացել, հարստացել: Եթե երկրի առաջին դեմքն ասում է, որ, ըստ էության, մեր բանակն անպիտան է, ինչպե՞ս կարող է այդ նույն հայկական բանակն ինչ-որ բան իր վերահսկողության տակ առնել:

- Սա հրաշալի կոչ է, որպեսզի հանրությունը լսի, հասկանա իրականությունը: Նորածին երեխան կարո՞ղ է միանգամից ծանրաձող բարձրացնել՝ ոչ: Դրա համար ժամանակ է պետք, պետք են հստակ քայլեր:

- Իսկ մենք ունե՞նք ժամանակ:

- Եթե երկու տարի առաջ մտածեին, արդեն ահագին բան արած կլինեին: Ո՞վ է մեղավոր, որ հինգ տարի իշխանություն ունես ու ասում ես` բանակը մարտունակ չէ, ո՞վ է մեղավոր: 2018 թվականից ունեինք վատ բանակ, եւ հանկարծ 2020 թվականի հուլիսին պարզվեց, որ բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է, Սարդարապատ եւ Ավարայր իրականացրինք, ու մեկ էլ պարզվեց, որ բանակ չունենք: Ո՞նց է ստացվում այդպես: