Եթե մեկ մարդ էլ մասնակցի՝ ընտրությունները կհամարվեն կայացած
Հարցազրույց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ
- Տիկին Արզումանյան, այսօր կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ինչպես թեկնածուներից մեկը, այնպես էլ այլ քաղաքացիներ բոյկոտի կոչեր են անում, Արցախի օրենսդրությունը մասնակցության նվազագույն շեմ սահմանո՞ւմ է, ե՞րբ են ընտրությունները համարվում կայացած, եւ թեկնածուն՝ հաղթած:
- Համաձայն Արցախի ընտրական օրենսդրության, մասնակցության շեմ նախատեսված չէ, այս առումով նույնականացված է Հայաստանի օրենսդրությանը: Իսկ ընտրված է համարվում 2 թեկնածուներից այն թեկնածուն, ով ստացել է առավելագույն կողմ ձայներ: Թեկնածուն համարվում է ընտրված, եւ մասնակցության ցուցանիշը որեւէ ձեւով ազդեցություն ունենալ չի կարող:
- Այսինքն, եթե նույնիսկ մեկ մարդ էլ մասնակցի ընտրությանը, այն կհամարվի կայացա՞ծ:
- Ըստ էության՝ այո:
- Թեեւ առաջին փուլում էլ ընտրատեղամասերում համավարակով պայմանավորված հատուկ միջոցներ էին ձեռնարկվել, բայց ընտրություններից հետո Արցախում գրանցվեցին կորոնավիրուսով վարակման դեպքեր: Այսօր լրացուցիչ միջոցներ ձեռնարկվե՞լ են:
- Վարակի դեպքերի հայտնաբերումն անխուսափելի էր, եւ որեւէ կերպ չի կարելի կապել ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա դրանք ձեռնարկվել են ինչպես նախորդ փուլի ժամանակ, այնպես էլ դրանից հետո ամեն օր, նույնը կանենք նաեւ հիմա, բնականաբար, ավելի խտացված ռեժիմով: Տեղամասերը լրացուցիչ հանձնարարականներ են ստացել, սա թեեւ օրենսդրական պարտադիր պահանջ չէ, բայց պարտադիր հանձնարարականներ են ստացել ախտահանիչ միջոցներ կիրառել, որպեսզի օրինակ փորձեն ծառայել՝ բնականաբար, նույնը պահանջելով նաեւ ընտրողներից: Այն, ինչ կատարվել է առաջին փուլում, ավելի մեծ ծավալներով կկատարվի երկրորդի ժամանակ, ավելի մեծ կարգապահությամբ: Բոլոր ընտրողներին հորդոր, խնդրանք, պահանջ՝ ե՛ւ իրենց, ե՛ւ շրջապատի առողջությունը պաշտպանելու համար պարտադիր ձեռնարկել միջոցներ: Իհարկե, կարող են դիմակ կրելու, այսպես ասած, ոչ տանելիության դեպքեր էլ լինեն, այդ պարագայում պարտադրանք չի լինի: Ի դեպ, եթե անցած անգամ դիմակները հենց տեղամասում էին տրամադրվում ընտրողներին, ապա հիմա տեղամասից դուրս կարվի դա, տեղամասին կից, որտեղ որ հնարավոր է, սպասասրահներ կլինեն, որտեղ սոցիալական հեռավորությունը պահպանելով՝ աթոռներ կտեղադրվեն ընտրողների համար, եթե եղանակային պայմանները թույլ տան, դա կլինի նաեւ ներսում:
- Ասացիք՝ կորոնավիրուսի տարածումը պետք չէ կապել ընտրությունների հետ: Վստա՞հ եք՝ եթե առաջին փուլը հետաձգվեր, Արցախում կտարածվե՞ր համավարակը:
- Ես վարակաբան չեմ… ընդհանուր առմամբ, ոչինչ բացառել չի կարելի եւ ոչ էլ ամենայն պատասխանատվությամբ բոլոր հարցերն ասել՝ այսպես է կամ այնպես, պարզապես ամեն ինչ ասում ենք համեմատությունների մեջ: Ես կոչ չեմ անում ընտրատեղամաս չգնալ, սա կրկնում եմ՝ ընտրական իրավունքի իրացում է, եւ պետք է թողնենք, որ ընտրողը որոշի իր անելիքը:
- Կարծում եք՝ ակտիվություն կլինի՞ բոյկոտի այսպիսի բաց կոչերից հետո:
- Սովորաբար ես զերծ եմ մնում կանխատեսումներ անելուց՝ հաշվի առնելով, որ սա ընտրողի ընտրական իրավունքի իրացումն է, միայն փաստն ենք արձանագրելու: Բնականաբար, եթե համեմատելու լինենք երկու համապետական ընտրությունների, մեծաթիվ թեկնածուների, ինչպես նաեւ կորոնավիրուսի համատեքստում, ապա կարծում եմ՝ ավելի նվազ մասնակցություն կարող է արձանագրվել:
- Իսկ Արցախի օրենսդրությունը թո՞ւյլ է տալիս հետաձգել երկրորդ փուլը, եւ ի՞նչ է լինում այդ ժամանակ:
- Օրենսդրության մի կոմպլեքս կա… ամեն ինչ ընտրությունների հետաձգումով չէ պայմանավորված, որոշակի սահմանափակումները շատ ավելի երկարաժամկետ հարցեր են ենթադրում, քան ընտրություններն են, եւ ընտրությունների չեղարկման կամ հետաձգման մասին պետք է քաղաքական որոշումներ կայացնողները մեկնաբանեն: Եթե հայտարարվեր արտակարգ դրություն, ապա ոչ թե հետաձգվում, այլ չեղարկվում է, բայց այժմ արտակարգ իրավիճակ է հայտարարված, ոչ թե դրություն: Մեզ մոտ օրենսդրական կոմպլեքսը մի քիչ այլ է, ես հիմա համալիր չեմ կարող անդրադառնալ բոլորին: Արտակարգ իրավիճակի սահմանափակումներն այդքան մեծ չեն՝ հաշվի են առնվել, որ մենք պատերազմական իրավիճակում ենք: 1991 թվականին մենք հանրաքվե ենք անցկացրել նույնիսկ ռմբակոծության պայմաններում, այս իրողության հաշվի առնմամբ, բնականաբար, օրենսդիրը հաշվի չէր առնում, որ մեր օրերում պետք է կորոնավիրուս լինի, բայց պատերազմական երկրի կարգավիճակով պայմանավորված որոշ իրավիճակներ եւ ստանդարտներ են փոխել, որոնք տարբերվում են այլ երկրներից: Այսինքն՝ կարող են նաեւ ընտրական գործընթացներ իրականացվել այնպիսի բարդ իրավիճակներում, որոնք այլ երկրներում ընտրությունները չանցկացնելու պատճառ են հանդիսանում:
Կարծիքներ