Ռազմականի հետ համեմատելի հաղթանակ

Ռազմականի հետ համեմատելի հաղթանակ

Ապրիլի 14-ին անցկացվող 2-րդ փուլի քվեարկությամբ հայտնի կդառնա Արցախի Հանրապետության 4-րդ նախագահի անունը։ Աշխարհացունց պանդեմիայի պայմաններում ընտրություններ անցկացնելու Արցախի իշխանությունների վճռական ու համառ նպատակադրության մասին դեռ շատ հիացական խոսքեր կասվեն։ 

Արցախում լեգիտիմության վրա խարսխված կայուն եւ կենսունակ իշխանության շարունակականությունը երաշխավորելու մասին ապրիլի 7-ին հայտարարեց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ի թիվս մի շարք կարեւորագույն խնդիրների հորդորելով «վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը»։ 
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մարտի 29-ի ուղերձում արցախցիներին հորդորեց պահպանել հասարակության համախմբվածությունը, գործել առավելագույն պատասխանատվությամբ եւ զսպվածությամբ։ Նա համոզված է, որ միասնականությամբ արցախցիները կհաղթահարեն ներկա մարտահրավերներն այնպես, ինչպես «տասնամյակներ առաջ միասին անմարդկային դժվարություններ ենք հաղթահարել, հաղթանակել պատերազմում ու ինքնիշխան պետություն կառուցել»։

Ապրիլի 2-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցակցային ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը եւս կանցնի քաղաքացիների բարձր մասնակցությամբ ու կազմակերպվածությամբ։ Ըստ ամենայնի, նաեւ ընտրություններում պարտված որոշ թեկնածուներին եւ արտաքին ազդակներով շարժվողներին էր ուղղված նրա խոսքը՝ «առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ընտրությունների արդյունքները»։ 
Նախկին նախագահների խոսքի արժեքը չի նսեմանում այն իրողությունից, որ նրանք ընտրություններում բացահայտ կամ ոչ այնքան աջակցում էին կամ պարզապես համակրում որոշակի թեկնածուների եւ ուժերի։ Նրանք դա արել են ըստ իրավունքի եւ պատասխանատվության զգացումով։ 

Անվիճելիորեն մեծ է Արցախի գործող նախագահի պատասխանատվության չափը։ Ի պատիվ Բակո Սահակյանի հարկ է արձանագրել, որ նրան հաջողվեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ պահպանել հավասար հեռավորություն եւ ազնվորեն իրականացնել ընտրությունների երաշխավորի իր սահմանադրական գործառույթը։ Ապրիլի 12-ին հրապարակած ուղերձում նա ընդգծեց՝ «հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումն ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետեւանքներով»: Արցախը պետք է ունենա ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանություն, եւ ստեղծված լրջագույն պայմաններում մեզ պետք է ընտրված լեգիտիմ իշխանություն: Կասկածից վեր է, որ իմաստուն վեհությամբ նրան կհաջողվի իրավական ընթացակարգերին համապատասխան, ավարտին հասցնել նախագահական իր թիկնոցի փոխանցումը նորընտիր նախագահին։ 

Բացառիկ է Արցախի հովվապետի բարոյական աջակցությունը հանրապետության իշխանություններին։ Հայաստանյայց սուրբ եկեղեցին՝ ի դեմս Պարգեւ Սրբազանի եւ նրա հովանու ներքո գտնվող կրոնական սպասավորների, 1989 թվականից ի վեր պայքարող ու արարող արցախցու կարեկիցն է, նրա պետականության հոգեւոր պատվարը։

Արցախյան համապետական ընտրությունները Ադրբեջանի եւ նրան սատարող արտաքին շրջանակների համար կլինեն հերթական fait accompli – կատարված փաստը։ Բանակցություններում դա իբրեւ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելու համար նախկինի պես հարկ կլինի գործադրել երկարատեւ եւ հետեւողական դիվանագիտական ջանքեր՝ համաձայն այն քաղաքական ծրագրի, որի իրագործմանն են լծվելու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարափոփոխ իշխանությունները։ 

Հանրահայտ է՝ Արցախի ինքնիշխանությունը միջազգայնորեն դեռեւս ճանաչված չէ։ Նախապանդեմիկ դարաշրջանի միջազգային իրավունքն ու պրակտիկան, որ «կոմունիստական բլոկի» փլուզումից հետո խորշում էին կիրառել ժողովրդի ինքնորոշման իրավունքը (հատուկենտ բացառությունները մի կողմ դրած), այժմ հոգեվարքի մեջ են։ Հետպանդեմիկ աշխարհը կարող է գոյատեւել միայն շնորհիվ նորագույն, մինչ այդ անտեսված գաղափարների ու կանոնների։ Դա առնչվելու է առհասարակ ամեն ինչին ու ամենին, այդ թվում՝ հակամարտությունների լուծմանն ու փոքրաթիվ ժողովուրդների իրավունքներին։

Մենք այդ դիտակետից ենք արժեւորում Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում, ժողովրդավարական եւ իրավական ընթացակարգերի պահպանմամբ Արցախում անցկացված խորհրդարանական 7-րդ եւ նախագահական 4-րդ ընտրությունները (նկատենք՝ ԼՂՀ առաջին խորհրդարանն ընտրվել է 1991թ․դեկտեմբերին, իսկ առաջին նախագահի համաժողովրդական ընտրությունը տեղի է ունեցել 1996թ․ նոյեմբերին։) 

Արցախյան ընտրությունները ռազմականի հետ համեմատելի հաղթանակներ են։ Ամեն անգամ դրանք հանգեցրել են այնպիսի հետեւանքների, որոնք անհնար կլինի զանց առնել ապագայում Արցախի կարգավիճակը ճանաչելիս եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կառուցելիս։ Ինքնորոշման իրավունքի միջազգային մակարդակում ընդունումը դժվարությամբ ճանապարհ է հարթում իր համար։ Կգա ժամանակ, երբ Արցախի Հանրապետության ճանաչումը կդառնա միջազգային պարտավորություն։ 

Արա ՍԱՀԱԿՅԱՆ