45 պահնորդներից որեւէ մեկը չի ունեցել որակավորում

45 պահնորդներից որեւէ մեկը չի ունեցել որակավորում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել ԵՊՀ-ում եւ բացահայտել նաեւ պահնորդական ծառայության հետ կապված չարաշահումները։ «2015թ․ հայտարարվել է բաց ընթացակարգ, նախատեսվել է, որ կազմակերպությունը մինչեւ 2019թ․ մատուցի պահնորդական ծառայություն։ Մենք արձանագրել ենք, որ իրենք խոչընդոտող որակավորման չափանիշ են նշել։ Նրանք նշել են, որ բոլոր մասնակիցները պետք է ունենան փորձ հենց բուհական համակարգում պահնորդական ծառայություն իրականացնելու համար։ Մենք դա համարում ենք մրցակցության խոչընդոտում։

Ընկերությունները կարող են գուցե այլ տեղ իրականացնել պահնորդական ծառայություն եւ ունակ լինեն նաեւ ԵՊՀ-ում իրականացնել այդ ծառայությունը։ Այս ընթացակարգին երեք անձ է ներկայացրել մասնակցություն, նրանցից երկուսն ունեցել են նման որակավորում, մեկը չի ունեցել։ Ով չի ունեցել՝ նա առաջին տեղն է զբաղեցրել։ Հաջորդը՝ նշվել են այնպիսի պայմաններ, որոնք «Գնումների մասին» ՀՀ օրենքով խախտում են։ Ը

ստ օրենքի՝ տեխնիկական բնութագրումները պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված եւ բխեն այն կարիքից, որոնց համար դա իրականացվում է։ Օրինակ՝ բոլոր պահնորդների ռադիոսարքավորումների հզորությունը պետք է լինի 0,5 վատտ։ Նշվել է, որ բոլոր պահնորդները պայմանագիրը կնքելուց երկու ամսվա ընթացքում որակավորում հանձնեն համապատասխան վայրում եւ ունենան ոստիկանության համաձայնությունը։ Սա էլ է խոչընդոտում, որովհետեւ նրանք կարող են որակավորված լինել մինչեւ այդ երկու ամիսը»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանը։

Նա, վկայակոչելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը, այլ խախտումներ եւս մատնանշեց։ Դավիթ Ադյանը նշեց, որ 2016թ․ պահնորդական կետերի թիվը պակասել է, սակայն պայմանագրի գումարը մնացել է նույնը, 2017թ․ ԵՊՀ-ում ավելացել է մեկ մասնաշենք, սակայն ավելացման հետ ոչ համաչափ է ավելացվել պայմանագրի ամսական վճարի գինը։ Դավիթ Ադյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում գոյություն ունի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենք, որի համաձայն՝ բոլոր պահնորդները պետք է ստուգում անցած լինեն լիազոր մարմնում՝ ոստիկանությունում։ Սակայն 45 պահնորդներից որեւէ մեկը չի ունեցել որակավորում։ «Սա շատ կարեւոր խնդիր է, քանի որ մարդիկ ուժ գործադրելու իրավասություն են ունենում, մարդիկ անվտանգություն են ապահովում, մարդիկ գործ են ունենում հանրության հետ, եւ օրենսդրությունը նախատեսել է, որ նրանք չեն կարող լինել պատահական մարդիկ»,- նշեց Դավիթ Ադյանը։

Սրանից զատ՝ 2015թ․ նախատեսվել է սանմաքրման ծառայության ձեռքբերում։ Սահմանվել է, որ ամեն օր պետք է իրականացվի 247 հազ․ քառ․ մետր պատերի կեղտաբծերի մաքրում, 11 հազ․ 600 սեղան մաքրի, սակայն հաշվեկշռում գոյություն ունի 3000 սեղան։ Մի խոսքով, ըստ Ադյանի, ներկայացվել են ուռճացված տվյալներ, որպեսզի հնարավոր մասնակիցները ներկայացնեն բարձր գնային առաջարկներ, եւ հաղթող ճանաչվի այն ընկերությունը, որը տվյալ պահին ԵՊՀ-ի համար ցանկալի է։ Անհրաժեշտություն չի եղել ամեն օր մաքրություն իրականացնել ամառային ամիսներին, նման անհրաժեշտություն չի եղել այն ժամանակ, երբ շինարարություն է իրականացվել, քաղպաշտպանության մասնաշենքում։

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք ուսումնասիրություններով ուզում են պարզել այն պատկերը, թե ինչ է տեղի ունեցել ԵՊՀ-ում, եւ երբ խոսում են այն մասին, թե իրենք գցում են ԵՊՀ-ի վարկանիշը, ապա հենց այդ մարդիկ են իրենց գործունեությամբ ազդել ԵՊՀ-ի վարկանիշի վրա։ «Մենք թույլ չենք տալու, որ որեւիցե լումա խլվի ԵՊՀ-ից։ Ուսանողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ այդ գործն ուղարկվելու է դատարան։