Կորսված շանսեր

Կորսված շանսեր

Համախմբվելու, երկխոսելու առաջարկը հնչեցնողները գուցե մեր երկրի շահերից են ելնում` գիտակցելով այն բարդ կացությունը, որում հայտնվել է մեր երկիրը: Բայց այդ առաջարկն անողները եւ համազգային համախմբման կոչ հնչեցնողները մի փոքր ուշացել են: Այդ առաջարկները պետք է արվեին 2018 թվականին, երբ իշխանությունը սեւ-սպիտակի, ասֆալտին փռելու հռետորաբանությանն էր զոռ տալիս, անօրինական քրեական գործեր հարուցում, դատարաններ շրջափակում եւ իր քաղաքական հակառակորդներին չկալանավորող դատավորներին մեկուսացնում:

Համերաշխության կոչերը պետք է արվեին այն ժամանակ, երբ ՀՀ նախկին նախագահներին, պատերազմում կռված գեներալիտետին եւ հատկապես` արցախյան հերոսներին էին հետապնդում, հարցաքննությունների կանչում, նվաստացնում: Կարելի էր, ասենք, ատելության խոսքի դեմ պայքարը սկսել այն ժամանակ, երբ իշխանության ներկայացուցիչները, հատկապես` Նիկոլ Փաշինյանը, քարոզարշավի ժամանակ խոստանում էր «շինել», մուրճն առած` մարզերով էր շրջում, ամբիոնից մատ էր թափ տալիս:

Կարելի էր հանրությունը չպառակտելու կոչեր անել, երբ, երկրի բոլոր հարցերը մի կողմ թողած, Սահմանադրական դատարանի նախագահի ու մի քանի դատավորի դեմ արշավանք էին կազմակերպում: Հետո բազմաթիվ անգամներ այս իշխանությունը շանս ուներ հետքայլ անելու, երկրում համերաշխության մթնոլորտ ստեղծելու, սակայն համառորեն թշնամանք ու ատելություն էր սերմանում, պառակտում հանրությունը: Անգամ 2021 թվականի ընտրություններից հետո այդ շանսը կորսված չէր` եթե արտահերթ ընտրություններից հետո սկսեին համագործակցել ընտրված ուժերի հետ, Սահմանադրությամբ` ընդդիմությանը վերապահված պաշտոնները զիջեին, հաշտվեին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ, ԱԺ-ում ծեծուջարդ եւ վահագնալեքսանյաններ չկիրառեին: