Հայրապետյանը՝ ԿԳՄՍ նախարարության ենթադրյալ ապօրինությունների մասին

Հայրապետյանը՝ ԿԳՄՍ նախարարության ենթադրյալ ապօրինությունների մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը այսօր իր ասուլիսում ասաց, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, առերևույթ դիտավորությամբ ապօրինություններ է թույլ տալիս:

Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա` հին համակարգը վերարտադրելու նպատակով, եւ դրանք մեկը մյուսից ավելի զարհուրելի են․ «Հորդորել եմ, խնդրել, աղաչել՝ կանգ առնել ու վերջ տալ ապօրինություններին, բայց քանի որ բոլոր իմ խնդրանքներն ու պնդումներն անարձագանք են մնացել, դրա համար ասուլիս է հրավիրվել, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը տեղեկանա եւ թույլ չտա, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը զոհաբերվի նեղ անձնական, խմբային շահերի սպասարկմանը»: 

Հայրապետյանն ընդգծեց, որ իրեն բացարձակապես որեւէ պաշտոն չի հետաքրքրում: Իսկ հնարավո՞ր է մասնակցի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված նոր մրցույթին, քանի որ այս մրցույթն իր համոզմամբ՝ ապօրինի է, եւ վստահ է, որ նոր մրցույթ, այնուամենայնիվ, կայանալու է, ռեկտորի նախկին ԺՊ-ն պատասխանեց, որ դա կախված է ուսանողների ցանկություններից: Նա ասաց, որ կխոսի փաստարկված եւ ապացուցված ապօրինություններից՝ հնարավորինս զերծ մնալով ենթադրություններից եւ զգացմունքային գնահատականներից․ «ՀՊՏՀ գործող ղեկավարը ապօրինի է՝ առերեւույթ դիտավորությամբ, ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է ապօրինի անդամներով ԿԳՄՍ նախարարության իմացությամբ, նույն նպատակով տնտեսագիտական համալսարանում ուսանողների փաստացի ռեկետ է իրականացվել: Նախարարությունը ռեկտորի մրցույթը կազմակերպել է առանց խորհրդի նիստ հրավիրելու եւ խորհրդի անդամներին ծանուցելու, եւ վերջինը դատարանի վճռով ատենախոսությանս է վերաբերում: Ի տարբերություն վերջինի, մնացածը քրեական հանցագործության տարրեր են պարունակում»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց նաև, որ հունիսի 29-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարվել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով հանրակրթության՝ դպրոցների մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ: Իր ահազանգելուց հետո էլ հայտարարվել է, թե իբր դա տեղի է ունեցել աշխատակցի անփութության հետեւանքով․

 «Այն անձը, որին փորձում եք ապօրինաբար փոխանցել համալսարանի ղեկը, չեք կարող անել, որովհետեւ օրենքով սահմանված կարգով՝ նա չի համապատասխանում ռեկտորի պահանջներին: Բայց քանի որ այս մարդկանց օրենք եւ իրավունք չի հետաքրքրում, իրենք «չորով» ուզում են անցկացնել այն մարդուն, ում պետք է անցկացնել, մասնավորապես խոսքը վերաբերում է ռեկտորի նախկին պաշտոնակատարի տեղակալին՝ ուսումնական գծով պրոռեկտորին, իրենք հորինում են ավելի զավեշտալի իրավական ակտ եւ ղեկավարվում են այլ իրավական հիմքով՝ ռեկտորի գործուղում եւ արձակուրդ գնալու մասին»,-նշեց Ռուբեն Հայրապետյանը: 

Ռուբեն Հայրապետյանը նաեւ անդրադարձավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի՝ ընտրությունների օրը ԴԱՀԿ-ի շենքում գտնվելուն եւ դրանից րոպեներ անց ԴԱՀԿ-ի արգելանքը հանվելուն, մրցույթի մասին խորհրդի նախագահի տեղյակ չլինելուն, նրան մրցույթ անցկացնելու համար «բերման ենթարկելուն», խորհրդի կազմին: «Ուզում եմ հասկանալ՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ-ի շենքում, հիշեցնեմ, որ դրանից րոպեներ անց հանվում է ԴԱՀԿ-ի արգելանքը, եւ դրանից ժամեր անց Գրիշա Թամրազյանի մտերիմը «ընտրվում» է ռեկտորի պաշտոնում: Հովանավորչության մասին այդքան աղմուկից, մեղադրանքներից, այդքան հերքումներից հետո փոխնախարարը, ըստ մեր տեղեկությունների, այցելում է ԴԱՀԿ եւ արգելանքը դուրս է գալիս… Խորհրդի նախագահը արգելանքը հանվելու եւ մրցույթի կայանալու մասին տեղեկանում է հինգ րոպե առաջ… Արդյոք փոխնախարարի լիազորությունների մե՞ջ է մտնում թուղթ բերել-տանելը, ԴԱՀԿ-ի արգելանքը հանելու մասին ծանուցում տրամադրելը, թե՞ այլ ազդեցություն է եղել: Ես մտածում եմ, որ միգուցե սա է պատճառը, որ փոխնախարարն իր հիմնական լիազորությունները որոշ դեպքերում շատ պասիվ է կատարում, մասնավորապես վերջերս ընդհանրապես չեմ տեսել որեւէ հանրային մեկնաբանություն՝ Բարձրագույն կրթության ոլորտի մասին՝ բարձրագույն կրթության համար մեկ պաշտոնյայից»։