Ավինյանի պարտության թիվ 1 մեղավորը

Ավինյանի պարտության թիվ 1 մեղավորը

Երբեւէ բռնացրե՞լ եք ձեր փոքրիկի հայացքն այն պահին, երբ նա գազիկ է բաց թողնում: Գազիկ բաց թողնելը նրա կյանքի առաջին անակնկալներից է: Փոքրիկն աչքերը չռում է, նայում աջ ու ձախ, ներքեւի շրթունքը դողդողում է՝ էս ի՞նչ էր… Եվ այդպես՝ կամաց-կամաց սովորում է:

ՔՊ-ի համար Երեւանի ավագանու ընտրությունները ճիշտ նույն էֆեկտն ունեցան: Չէին սպասում, ինչպես ասում են, եւ հիմա աչքերը չռել՝ այսկողմ-այնկողմ են նայում: Մտածում էին՝ 60 տոկոսը գրպաններում է, ու մեկ էլ՝ գազիկ բաց թողեցին: Բա ի՞նչ կանեին, անակնկալ էր: Մարդիկ 2018թ. Երեւանի արտահերթ ընտրություններ են կրել, նույն թվականին՝ ԱԺ արտահերթ ընտրություններ, վերջապես՝ 2021թ. ընտրություններ են կրել՝ դարձյալ արտահերթ: Տոկոսներ էին, որ արտահերթ թափվում էին երկնքից: Բայց եկավ առաջին նորմալ ընտրությունն ու, հոպ, պիզիկ արեցին: Էյֆորիան, այո, անցել է, եթե չասենք՝ իր տեղն ամբողջությամբ զիջել հիասթափությանն ու սթափ մտածողությանը:

Հնարավոր չէ թաքցնել այն իրողությունը, որ երեւանցիների ճնշող մեծամասնությունը (70 տոկոսից ավելին) արհամարհել է ՀՀ իշխանությունների կազմակերպած էշի հարսանիքը: Ընդամենը 28 տոկոս մասնակցություն, եւ դրա 50 տոկոսից ավելին մերժել է իշխանությանը: Նման բան Փաշինյանն ու Ավինյանն իրենց ամենավատ երազում անգամ չէին կարող տեսնել: Եվ անմիջապես հարց է առաջանում՝ ո՞վ է թիվ մեկ մեղավորը: Այստեղ թիվ մեկ պատասխանատուի մասին խոսք լինել չի կարող: Թեկնածու են ունեցել, շտաբի պետ, աշխատել են, ինչպես մյուսները, եւ չեն հաջողել: Սա կատաստրոֆա չէ: Կատաստրոֆան ուրիշ տեղից եկավ եւ շատ անակնկալ: Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր կռահել, որ Երեւանի ավագանու ընտրություններն իր համար վերածվելու էին էշի հարսանիքի: Անձամբ ես նրան այդ մասին մի քանի անգամ ասել էի: Նրա քաղաքական հակառակորդներին բավական էր մի փոքր քաղաքականացնել, այս ՏԻՄ ընտրությունն ու իշխանությունների բոլոր խաղաքարտերը կխառնվեին իրար: Ո՞վ էր տեսել՝ իշխանության նշանակած դե ֆակտո քաղաքապետը չընտրվի, այն էլ՝ նրա տակ այդքան ռեսուրս դնելուց հետո: Ինչո՞ւ պետք է Ավինյանը պարտվեր: Իսկ նա պարտվեց, որովհետեւ նրա հարազատ կառավարությունը ձախողել էր ամեն ինչ՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած սոցիալական, կրթական, առողջապահական եւ տնտեսական ծրագրերով: Այսօր, երբ խոսք է գնում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու մասին, ՔՊ-ականներն անմիջապես հարցնում են՝ իսկ այդ քաղաքապետը կկարողանա՞ քաղաքը ղեկավարել, երբ ամեն ինչ կախված է կառավարությունից, երբ կառավարությունն է որոշում՝ հաստատել քաղաքային ծրագրերը կամ մերժել: Ասել է թե՝ Ավինյանը հաղթանակի շանս չուներ դեռ էն գլխից: Նա կապիտուլյանտների ու ձախողված կառավարության ատրիբուտն էր:

Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես համոզված եմ, որ այս ընտրություններում ՔՊ-ի քաղաքական պարտության թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է: Նա չէր տիրապետում իրավիճակին, եւ կարիք չկար այդպես դուխով գնալ այս ընտրություններին: Դե, առիթը կար, ինքն էլ, ով գիտի, ցանկացավ եւս մեկ անգամ ուժերը փորձել, գծերը ստուգել… Չգիտեմ: Եվ նա այնքան ինքնավստահ էր, որ վարչապետական կորտեժով գնաց Էրեբունի՝ Ավինյանի հավաքին: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է նշանակում երեկոյան պիկ ժամին Երեւանով վարչապետի կորտեժ տանելը, այն էլ՝ Նիկոլի նման վարչապետի, որի լավը չուզողն ուզողից շատ է: Ինքը քիչ էր, ՔՊ-ական մեծամեծներն էլ պադավատներով էին շտապում միտինգի: Ո՛չ բենզինն էին իրենց գրպանից լցրել, ո՛չ ջիպերի անիվներն էին իրենք առել, ո՛չ էլ յուղի փողն էին ՔՊ-ի նախընտրական դրամարկղից վերցրել: Ամենամոտավոր հաշվարկներով՝ Նիկոլի ու ՔՊ-ական մեծավորների ներկայությունն Ավինյանի հավաքին պետության վրա մեկ միլիոն դոլարից ավելի է նստել: Իսկ թե ինչ արժեր Աննա խանումին Էրեբունուց քաղաքի կենտրոն քայլացնելը, դա էլ իրենք գիտեն: Մնացած մասսան էլ, 20-30 հոգանոց խմբերով, Տիգրան Մեծի փողոցով էր շարժվում դեպի Էրեբունի՝ ընկնավորեցնելով միամիտ անցորդներին․ ասեք՝ կանենք, ասեք՝ կանենք… Ի վերջո, Ավինյանի ամենագլխավոր հանրահավաքը տապալվեց: Առանց այն էլ մարդ չկար, եղածն էլ առանձնապես չղզղնեց Նիկոլի ավարտական ելույթից, բա՞: Ավինյանը, անշուշտ, իրավունք ունի Նիկոլին հարցնել՝ էս ի՞նչ արիր, տո այ մեծարգո վարչապետ: Իսկ մեծարգո վարչապետն արեց այն, ինչ կարող էր անել՝ ձախողեց հերթական գործը, որը ձեռնարկել էր: Ո՛չ դատախազն է մեղավոր, ո՛չ հակակոռուպցիոն մարմինը, ո՛չ էլ նույնիսկ ԿԸՀ-ի Վահագը:

Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, երբ Երեւանում տեղի ունեցավ այն, ինչ ավելի վաղ՝ մի քանի այլ քաղաքներում ու խոշորացված համայնքներում, այսինքն՝ ՔՊ-ն պարտվեց, բայց ՔՊ-ին պետք է, որ քաղաքապետ ունենա: Կրկնե՞լ Վանաձորի պատմությունը, այսինքն՝ «Լուսավոր Հայաստան» ու Էդմոն Մարուքյա՞ն (Դավիթ Խաժակյան) խաղացնել, հաղթողներին բա՞նտ նստեցնել: Իսկ եթե աղմուկը մե՞ծ լինի: Չէ՞ որ մեծարգո վարչապետն ասում է, որ ընտրակեղծիքների էջը փակել ենք: Իսկ գուցե, այնուամենայնիվ, ճիշտը հաղթողներից ավագանու անդամ գողանալն է ու ավագանու առաջին նիստում ձայներ ապահովե՞լը: Բայց դա կաշխատի՞, բա որ ոչ ոք չհամաձայնի, եւ աղմո՞ւկ բարձրանա: Քանի՞ ձայն չի բավականացնում ՔՊ-ին ու սատելիտ «Հանրապետությանը», մոտ 240 ձա՞յն: Իսկ դա չի՞ կարելի վերահաշվարկի միջոցով լրացնել… Եվ պրոցեսը գնաց: ՔՊ-ն հայտարարում է, որ ինքը վերահաշվարկի դիմում չի ներկայացրել եւ խաբար չի, թե ինչու են բոլոր ընտրատարածքներում վերահաշվարկների պատրաստվում: Մամուլին են մեղադրում սուտ լուրեր տարածելու մեջ, մինչդեռ վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացրած լինել ՔՊ-ի սատելիտները՝ մեծարգո վարչապետի պահանջով: Բա հո Երեւանը չե՞ն կորցնելու, չէ՞ որ դա մայրաքաղաքն է:
ՀԳ. Ու մինչ այստեղ մենք այս էշի հարսանիքն ենք քննարկում, Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը՝ մեր երկրորդ մայրաքաղաքը: Բաքուն հայտարարել է, թե հակաահաբեկչական գործողություն է իրականացնում: Լսցի՞ր, մեծարգո վարչապետ, Ստեփանակերտին Հայաստանի օգնությունն է պետք: Դու այդ գործում չկա՞ս, մեղավո՞ր չես, թե՞ արդեն հրաժարական ես տվել: