«Հրապարակ». Եթե ագրեսորին զիջեցիր, ի վերջո, քո երկիրը մի օր ինքնալուծարվելու է
Հունվարի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ալիեւը մի շարք նոր պայմաններ եւ վերջնագրեր ներկայացրեց Հայաստանին։ Լսելով նրան՝ հասկանում ես, որ Ալիեւին ամենեւին չի հետաքրքրում խաղաղության գործընթացը, եւ նա բանակցությունները վարում է սպառնալիքի դիրքերից։ Զրուցել ենք ՌԴ հայտնի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ։
- Փաշինյանին լսելով թվում էր, թե բանակցություններն Ալիեւի հետ նորմալ ընթանում են, բայց, փաստորեն, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ոչ մի պայմանավորվածություն չկա, Ալիեւը նոր պահանջներ է դնում՝ կրկին խոսում է Մեղրիի միջանցքի մասին, որ դեմարկացիայի հիմք ընդունվեն ոչ թե 70-ականների քարտեզները, այլ ավելի վաղ շրջանի։ Ի՞նչ է սա նշանակում։
- Դե չէ, որոշակի պայմանավորվածություններ, իհարկե, եղել են։ Նրանք ստորագրել են, չէ՞, Բրյուսելում դեկլարացիա կամ Պրահայում։ Ավելի վաղ էլ Ալիեւն ինչ-որ փաստաթղթեր էր ստորագրում կամ նրա ներկայացուցիչները։ Օրինակ, նրանք համաձայնեցրել եւ հաստատել էին Մադրիդյան սկզբունքները, բայց վերջին պահին Ալիեւը հրաժարվեց դրանք ստորագրելուց։ Ես դեռ Լաչինի միջանցքի հայտնի դեպքերից եւ Ղարաբաղի դեմ ագրեսիայից առաջ էի ասել, որ ոչ մի համաձայնություն Ադրբեջանի հետ չի աշխատի։ Ալիեւը չի կատարում իր վրա վերցրած պարտականությունները։ Ադրբեջանն ու Թուրքիան այդպիսի երկրներ են, նրանք մշտապես խախտում են իրենց ստանձնած պարտավորությունները։ Եվ հույս դնել, ինչպես Նիկոլն էր հույս դնում, խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, կամ որ ամեն ինչ կկարգավորվի, եթե Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, միամիտ երազանքներ են։
- Հիմա ի՞նչ, պատերա՞զմ է լինելու։
- Ես հասկանում եմ, որ մարդկանց Հայաստանում խաղաղություն է պետք, որ ոչ ոք չի ուզում կռվել, բայց իրավիճակն այնպիսին է, որ եթե դու ապրում ես նման հարեւանների շրջապատում, պետք է լինես հզոր, մինչեւ ատամներդ զինված, քո երկիրը պետք է լինի ռազմականացված, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կորեան։ Գուցե ոչ այդ աստիճան, բայց դրան մոտ։ Միայն այդ ժամանակ կարող ես ունենալ հարաբերական անվտանգություն։ Իսկ Նիկոլը կա՛մ անփորձ է, կա՛մ գուցե լսել է Արեւմուտքի հեքիաթները, թե դու ստորագրի Ադրբեջանի հետ համաձայնագիր, եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Ահա, ստորագրել են դեկլարացիան, եւ ի՞նչ։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը հասավ իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում եւ անմիջապես նոր պայմաններ առաջ քաշեց։ Նա հետո էլ է դրանք առաջ քաշելու, դա անելու է անվերջ։ Բայց ագրեսորին զիջել չի կարելի։ Եթե ագրեսորին զիջեցիր, ի վերջո քո երկիրը մի օր ինքնալուծարվելու է, ինչպես Չեխոսլովակիան։ Կար երկիր եւ էլ չկա։
- Ի՞նչ դաշնակիցներ մենք հիմա կարող ենք ունենալ։ Ռուսաստանն այլեւս մեր դաշնակիցը չէ։
- Ցավոք, Ռուսաստանի հետ այնքան էլ լավ չստացվեց։ Ես չգիտեմ, թե ինչը դրդեց Ռուսաստանի ղեկավարությանը վերակողմնորոշվելու Ադրբեջանի կողմը։ Դա եղավ, իմ խորին համոզմամբ, դեռ Սերժ Սարգսյանի օրոք, երբ մեր նախագահը Մեդվեդեւն էր։ Այն ժամանակ ստորագրվեց առաջին խոշոր պայմանագիրը՝ Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ։ Երեւի ինչ-որ բան Հայաստանի գործողություններում դուր չեկավ Ռուսաստանին։ Ես այն ժամանակ ենթադրություն արեցի, որ Վրաստանի դեմ պատերազմում Հայաստանը մեզ այնքան էլ չաջակցեց։ Հետո Սերժ Սարգսյանը Սահակաշվիլուն շքանշան շնորհեց։ Իհարկե, զուտ խորհրդանշական ակտ էր, շրջափակված Հայաստանին պետք էր, չէ՞, գոնե Վրաստանի հետ հարաբերություններ պահպանել, բայց Մոսկվայում սա նեգատիվ ընկալվեց։ Հետո բանակցություններ էին գնում Եվրամիության հետ ասոցիացիայի ստորագրման շուրջ։ Հայաստանը հետագայում կտրուկ փոխեց դիրքորոշումը եւ ԵԱՏՄ-ի մեջ մտավ։ Այն ժամանակ ռուսական քաղաքականությունը պետք է շրջվեր կրկին Հայաստանի կողմը, բայց դա տեղի չունեցավ։ Կա՛մ ադրբեջանական լոբբին դեր խաղաց, կա՛մ ՌԴ ղեկավարության մոտ Հայաստանի հետ կապված ինչ-որ կասկածներ էին առաջացել։ Պետք է Ռուսաստանում հասկանան, որ աջակցելով Ադրբեջանին, Ռուսաստանը երբեք իր նպատակներին չի հասնելու։ Ադրբեջանի դաշնակիցը ՌԴ-ն չի լինելու երբեք։ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Սա Ռուսաստանում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ եւ ինչ հարաբերություններ էլ Հայաստանի հետ ունենան, Հայաստանը, միեւնույն է, մեզ ավելի մոտ երկիր է, որտեղ կանգնած են մեր զինված ուժերը։
- Նաեւ խոշոր ռուսական ձեռնարկություններ կան Հայաստանում…
- Դա արդեն էկոնոմիկա է։ Տնտեսական տեսանկյունից Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունները կարող են ավելի եկամտաբեր լինել, քան Հայաստանի հետ, եւ շատերն են այդ արգումենտացիան օգտագործում՝ որ Ադրբեջանը մեծ երկիր է, տնտեսապես զարգացած` հարաբերականորեն, նավթարդյունահանող, ունի տրանզիտային ներուժ, մեզ համար ձեռնտու է նրա հետ համագործակցելը։ Բայց մոռանում ենք գլխավորի՝ անվտանգության մասին։ Պանթյուրքիզմի էքսպանսիան, որն ի վերջո հասնելու է Միջին Ասիա, հետո՝ Հյուսիսային Կովկաս եւ այլն, շատ լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար։ Սա մոնղոլ-թաթարական երկրորդ օրդայի ծնունդը կարող է լինել։ Մենք 200 տարի եղել ենք դրա տակ, այժմ այն կարող է կրկնվել, եթե մեր կառավարիչները հիմարություններ անեն, ինչպիսին է, ասենք, Զանգեզուրի միջանցքի լոբբին, որը ոչ միայն Հայաստանի, նաեւ Ռուսաստանի համար է վտանգավոր։
- Ալիեւն ուղիղ տեքստով ասաց, որ ռուսական զորքերը պետք է վերահսկեն Մեղրիի միջանցքը։ Նա վախենո՞ւմ է մենակ մնալ Մերձավոր Արեւելքից եկող էսկալացիայի պայմաններում, թե՞ Ռուսաստանի հետ նոր պայմանավորվածություններ կան։ Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն է։
- 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի համաձայնագրում ամեն ինչ հստակ գրված է՝ որ ԼՂ-ն մնում է խաղաղապահների հսկողության տակ, որ Լաչինի միջանցքով պետք է ազատ տեղաշարժ լինի, Ադրբեջանն այս ամենը խախտեց, կար նաեւ կետ Մեղրու միջանցքի մասին։ Հիմա ինչո՞ւ պետք է Հայաստանը դա կատարի, եթե Ադրբեջանն ինչ կարողացավ, խախտեց։ Դա հիմարություն կլիներ, առավել եւս, որ Հայաստանին այն պետք չէ։ Ռուսաստանին նույնպես պետք չէ, պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչո՞ւ պետք է Ռուսաստանն աջակցի դրա բացմանը։ Երբ որ կար ընդհանուր փաթեթային համաձայնություն, սա ենթադրվում էր որպես զիջում Ադրբեջանին, որ կլինի միջանցք, որը կկապի Նախիջեւանն Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանը կապված էր Ղարաբաղի հետ։ Դուք համաձայնում եք Լաչինի միջանցքին, մենք՝ Մեղրիի։ Այն ժամանակ որոշվեց, որ բեռների տեղաշարժը հսկելու է ՌԴ ФСБ-ն։ Որովհետեւ նույն ФСБ-ն վերահսկում է Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանը։ Այսինքն՝ ըստ էության, ոչինչ չէր փոխվելու։ Հայաստանի սուվերենության խախտում չկար։ Բայց հիմա այլ իրավիճակ է։ Համաձայնագրի բոլոր կետերը խախտված են, ինչո՞ւ պետք է Հայաստանն Ադրբեջանին Զանգեզուրի միջանցքը տրամադրի։ Որ Ալիեւին փաղաքշի՞, որպեսզի նա չշարունակի հարձակվել Հայաստանի վրա, ինչը որ նա հիմա սպառնում է։ Նա կարող է, ընդհանրապես, ողջ Զանգեզուրը խլել։ Եթե Իրանի դիրքորոշումը չլիներ, նա երեւի արդեն սկսած կլիներ ռազմական գործողությունները, որովհետեւ Մոսկվան ընդհանրապես ոչինչ չի ուզում անել։
- Ալիեւը նախագահական ընտրությունից առաջ կրկին պատերազմի է ձգտում` չի՞ վախենում իր ժողովրդի դժգոհությունից։ Այնտեղ չեն ուզում կռվել։
- Չգիտեմ, թե ինչ են ուզում, բայց նրանք ոգեշնչված են 20 թվի հաղթանակով, հիմա էլ՝ Ղարաբաղի անեքսիայով։ Այնտեղ հաղթանակած տրամադրություններ կան, եւ չի բացառվում, որ գնան նոր պատերազմի, առավել եւս, որ Հայաստանն այդքան հեշտ գնաց զիջումների։ Լսե՞լ եք Կոնստանտին Սիվկովի հարցազրույցը, որում նա ասում է, որ ադրբեջանական ուժերը հյուծվելու եզրին էին։ Պետք չէր այն ժամանակ համաձայնել խաղաղության, պետք էր կռվել մինչեւ վերջ։ Իսկ հիմա ի՞նչ։ Հիմա պատերազմի երկրորդ փուլն է լինելու` Հայաստանի համար ավելի վատ պայմաններում։ Ի՞նչ արած։ Պետք է հզորացնել զինուժը, հասարակական կյանքը ռազմական ռելսերի վրա դնել, կառավարումը, տնտեսությունը՝ ամեն ինչ պետք է փոխվի։ Խաղաղության օրակարգի շուրջ բոլոր հեքիաթները Հայաստանի ղեկավարի ինքնախաբեությունն են։ Չեմ բացառում նաեւ, որ դա անճարության տակտիկա է, որովհետեւ չգիտեն ինչ անել։
- Օրինակ, նոր ռազմական գործընկերներ գտնել Ադրբեջանի ու Թուրքիայի մյուս հակառակորդների մեջ, Իրանի հետ ռազմական համաձայնագրի ուղղությամբ աշխատել։ Ինչո՞ւ դա մերոք չեն անում։
- Որովհետեւ Արեւմուտքը չի ուզում, որ Հայաստանն Իրանի հետ միություն կազմի։ Այդ դեպքում Արեւմուտքի հետ հարաբերությունները կտրուկ կվատանան։ Փաշինյանը հեշտ վիճակում չէ։
- Ավելի լավ է հանձնե՞լ Հայաստանը։
- Նա խուսանավում է, փորձում է չվատացնել, պահպանել իրավիճակը։ Մի կողմից Ադրբեջանին վստահեցնում է, որ խաղաղության օրակարգով է շարժվում, փորձում է պատերազմ սկսելու առիթ չտալ։ Այդ ժամանակն օգտագործվում է զինուժն ամրացնելու համար, բայց տեսնում ենք, որ Ռուսաստանն արգելափակում է զենքի մատակարարումները Հայաստանին։ Դա նաեւ կարող է բացատրվել նրանով, որ մենք հիմա ավելորդ զենք չունենք։ Արեւմուտքն էլ ակտիվորեն զենք չի մատակարարում Հայաստանին։ Ֆրանսիան խոստացավ մանր, սիմվոլիկ մատակարարումներ։ Հնդկաստանը լավ գաուբիցներ տվեց, բայց դա բավական չէ։ Կարելի է Իրանից գնել, բայց Նիկոլը վախենում է Արեւմուտքի զայրույթից, որ սանկցիաներ կկիրառեն ի աջակցություն Ադրբեջանի։ Իսկ Արեւմուտքը խաղ է տանում` նա միայն խոսքերով է Հայաստանի դաշնակիցը։ Խոսում են Ղարաբաղից, փախստականների վերադարձից։ Իսկ ի՞նչ են արել, որ նրանք վերադառնան։ Գոնե մեկ սանկցիա կիրառեցի՞ն Ալիեւի դեմ։ Արեւմուտքը հիմարեցնում է Հայաստանին, պահում է կարթի վրա՝ ցույց տալով, որ վատ ռուսները ձեզ քցեցին, իսկ մենք օգնում ենք։ Բայց ինչպես 20 թվին ոչինչ չարեցին, այդպես էլ հիմա չեն անելու։ Ռեալ դաշնակիցն Իրանն է, բայց նա էլ հասարակ երկիր չէ` միանշանակ, որեւէ մեկին օգնել նրանք չեն ցանկանա։ Ոչ մեկի հետ չունեն փոխօգնության համաձայնագիր, անգամ Սիրիային օգնում են, բայց փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, որ եթե, ասենք, ամերիկացիները հարձակվեն, չունեն Սիրիայի հետ։ Նույնն էլ Հայաստանի հետ է, չնայած հայկական դիվանագիտությունը պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։
- Հակառակը՝ երբ Իրանն առաջարկում էր օգնություն, մերոնք քայլ չարեցին։
- Կարելի էր պրովոկացիոն քայլ անել՝ որ մենք սկսում ենք Իրանի հետ ռազմական համագործակցություն, Արեւմուտքը կսկսեր վրդովվել, դուք էլ կարող էիք ասել՝ իսկ ի՞նչ եք դուք մեզ առաջարկում։ Գնացեք որոշակի սրացման, բայց ոչ թե Ադրբեջանի, այլ Իրան-Արեւմուտք հարաբերություններում։ Հայաստանը պետք է առաջարկի ԱՄՆ-ին՝ զորք մտցնել Հայաստան, ասի՝ դուք պատրա՞ստ եք զորք մտցնել։ Կասեն՝ ոչ, այդ դեպքում բացատրեք, որ դուք այլ ելք չունեք։
- Փաշինյանը կհամաձայնի՞ Ալիեւի պայմաններին։ Արդեն պարզ է, որ դա միակողմանի զիջումների ճանապարհն է։
- Համաձայնի, թե ոչ, ստիպված է լինելու շարունակել զիջումները։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ սա քայլ հետ էր ձեռք բերված պայմանավորվածություններից, բայց շարունակելու է շարժվել խաղաղության օրակարգով։ Հավանաբար, արդեն հասկացել է, որ Ալիեւի հետ պայմանավորվել չի ստացվի։
Կարծիքներ