Ոչինչ գաղտնի չի մնա

Ոչինչ գաղտնի չի մնա

Այլեւս ոչ մի բանից չենք զարմանում` զարմանքի լիմիտը սպառել ենք այս տարիներին: Արդեն շատ քիչ բանից ենք վրդովվում, վրդովմունքի արժանի այնքան բան կա` ո՞ր մեկը նկատենք: Շատ բանի հետ մեզ հաշտեցրին. կառավարիչների տգիտության ու անտեղյակության, ապաշնորհության ու լկտիության, իշխանավորների անամոթության, հակահայ ու հակապետական լինելու փաստերի հետ:

Զրուցակիցս, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, համոզված պնդում է, որ «հետո» հատորներով քրեական գործեր են հարուցվելու «սրանց վրա». հենց միայն գնումների համակարգը ոչնչացնելու, մեկ անձից կամայական գնումներ անելու հազարավոր փաստերը բավարար են: Եթե նախկինների մի գյուղապետ, որն իր բարեկամին վարորդ էր ձեւակերպել, 18-ից հետո 2 միլիոն դրամ պետբյուջեից յուրացնելու մեղադրանքով դատվեց, ինչպե՞ս կարող է չդատվել Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 2 միլիոն դոլար դուրս գրած անձը:

Ինչպե՞ս կարող են չուսումնասիրվել տարբեր իշխանավորների հետ փոխկապակցված հիմնադրամների ելումուտերը, հանրային տարածքների աճուրդները, ոչ պետական ընկերություններում պետության եւ իշխանավորների «փայ» մտնելու պատմությունները, կառավարության ներկայացուցիչների վարկերը, բիզնես ձեռնարկները, ստացած դրամաշնորհները:

Գալու է օրը, երբ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ` սեփական կաշին փրկելու համար, այսօրվա իշխանական խոհանոցն են բացելու: Եթե նախկինների դեմ եղան «ցուցմունք գրողներ», ապա սրանց վրա էլ են լինելու: Ավելին` ընկնելու են բանակցային պրոցեսի վարագույրները, պարզվելու է արցախյան խնդրի ողբերգական վախճանի գաղտնիքը` ով, երբ, ինչ դերակատարում է ունեցել: Բացահայտվելու է, թե օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ով, երբ, ինչպես է աշխատել, ինչպես են երկիրը հասցրել այս անդունդի եզրին: