Սատանի խերը

Սատանի խերը

Ըստ Ստեփանոս Մալխասյանցի 

Գյուղացի մեկը գնում է եկեղեցի, որ մոմ վառի, աղոթք անի։ Տեսնում է, որ սրբերի նկարներից հեռու՝ մի մութ անկյունում էլ սատանայի պատկերն է դրված։
- Ամբողջ կյանքում սրբերին երկրպագեցի, նրանց համար աղոթեցի, բայց էլի նույն աղքատը մնացի։ Սպասի, այս անգամ էլ սատանայի համար մոմ վառեմ, աղոթք անեմ,- մտածում է գյուղացին ու վառում մոմերը, աղոթք անում։
Հենց այդ գիշեր երազում գյուղացուն է գալիս սատանան ու ասում․
- Այսքան ժամանակ իմ նկարն այնտեղ կախված էր, բայց ոչ ոք ոչ մի անգամ իմ համար աղոթք չէր արել, մոմ չէր վառել։ Դրա համար էլ ուզում եմ քեզ խեր անել։ Դե ել, վեր կաց, գնանք։
Գնում են, գնում ու հասնում մի լայնարձակ, հարթ համատարած կանաչ դաշտի։
- Ահա, հենց քո կանգնած տեղը շատ գանձ կա թաղված։ Վաղը բահ բեր, փորիր ու գանձը կտեսնես։ Տար, քեզ հալալ է,- ասում է սատանան։
- Բայց այս տեղը ո՞նց գտնեմ, ախր, շրջապատում ոչ մի իր չկա, որ նշան անեմ,- սատանային է դիմում գյուղացին։
- Այդտեղ նստի, դուրս ել, դա էլ քեզ նշան կլինի։
Գյուղացին կատարում է սատանայի ասածն ու արթնանում, տեսնում է իրեն ք․․․ մեջ կորած։
- Այ դու անիծված լինես, չար սատանա, եթե սա քո խերն է, բա քո շառը ի՞նչ կլինի․․․ վա՜յ, Աստված փրկի։

                                          Նիկոլի խերը

2018 թ. գարնանը դրսի սատանայական ուժերի օգնությամբ Նիկոլը փրկիչի դեր ստանձնեց, քայլողների խումբ հավաքեց ու սկսեց քայլող (ոչ վազող) խմբերի կրոսը։
Հետո քայլողներին միացան շատ-շատերը՝ պողոսները, Նիկոլի ասածներից զոմբիացածները, միամիտները, խաբվածները, հուսահատները։ Քայլողների խումբը դարձավ ամբոխ, շունը տիրոջը չճանաչող ամբոխ։

Պահը հարմար էր։ Հենց այդ ամբոխի առաջ էլ Նիկոլը բացեց սատանայի խերից տասնապատիկ շատ խերերի տոպրակը։ Այդ ամբոխը ոգեւորվեց, հավատաց նրան, եւ նա դարձավ վարչապետ։
Երկու տարուց ավելի է, ինչ Նիկոլը դարձել է վարչապետ, ու ամենքս ենք զգում նրա արած խերի արդյունքները։ Ահա դրանց մի մասը՝ կիսավեր, անհեռանկար երկիր, անուշադրության հետեւանքով հազարից ավելի զուր մահեր, սեւ ու սպիտակ պիտակավորումով ազգ, Արցախը կորցնելու, պատերազմը վերսկսելու վտանգ։
Եթե սատանայի խերին հավատաց ու տուժեց գյուղացի մեկը, ապա Նիկոլի խերից տուժում է ողջ հայությունը։

Նիկոլի խոստումների (խերերի) մասին բոլորս էլ տեղյակ ենք, իսկ պողոսները, զոմբիացածները նույնիսկ անգիր գիտեն, բառ առ բառ։ Իսկ նրանք, դժբախտաբար, դեռ հավատում են Նիկոլին, որ նա իրենց չի խաբել, ուզում է շատ լավ բաներ անել, բայց այդ «անիծյալ» հները խանգարում են, թույլ չեն տալիս նրան գործի դնել իր զորավոր, կախարդական փայտիկը։ Թող հույսով էլ ապրեն, չէ որ հույսն ամենավերջում է մեռնում։ Իսկ նրանք թող իմանան, որ երբ Մասիսի գագաթին անանասի կամ բանանի ծառ աճի, այնժամ միայն Նիկոլն իր խոստումները կկատարի։
Դիմենք առածանիին՝ ամենահուսալի աղբյուրին։
- Էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես։

Եթե մինչ այժմ Նիկոլի արած խերերը մեզ միայն չարիք են բերում, ապա նրա շառը մեզ ինչե՜ր կբերի։ Ուրեմն զգուշանանք, զգաստանանք եւ ազգովի ասենք՝ սթափվիր, Նիկոլ, «կանգ առ» ( Ա․ Վանեցյան), քանի դեռ շատ ուշ չէ, հեռացիր։ Դրանով գուցե փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ քո մանկապարտեզային թայֆին։ Հետո ուշ կլինի եւ քեզ ու քո թայֆի համար կործանարար։

Վոլոդյա ԳԵՂԱՄՅԱՆ
ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ