ԱԱԾ-ում քննվող գործն ընդամենը փաստում է «Էկենգ» համակարգի թերությունը

ԱԱԾ-ում քննվող գործն ընդամենը փաստում է «Էկենգ» համակարգի թերությունը

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021 թվականի սեպտեմբերի 6-ին նախապատրաստված նյութերով  հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 315 հոդվածով (Պաշտոնեական անփութություն)։ 

ԱԱԾ-ն մոտ մեկ ամիս առաջ հաղորդել էր, որ առողջապահության նախարարության աշխատողները, որոնք պարտավոր էին աշխատանքից ազատվածների տվյալները մուտքագրել Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման «Էկենգ» համակարգում,  չեն արել։ Արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում առողջապահական սոցփաթեթի շահառու հանդիսացող 352 անձ աշխատանքից ազատվելուց հետո էլ մնացել է այդ ցանկում։ Նրանց համար պետությունն ապահովագրական ընկերություններին փոխանցել է շուրջ 12,5 մլն ՀՀ դրամ։ Այս գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 6-ին առանձին հաղորդագրություն էր տարածել՝ այն ներկայացնելով որպես աղմկահարույց բացահայտում եւ պետությանն առանձնակի խոշոր չափի վնասի պատճառում։ 

Մենք մեր աղբյուրից տեղեկացանք, որ ԱԱԾ հաղորդագրությունը բարկացրել է նախարարության չինովնիկներին: Նրանք կանչել են ԱԱԾ քննիչներին ու բացատրել, որ, ախր, աշխատանքից ազատվածների տվյալները նախարարության աշխատողները չեն մուտքագրում, դա անում է այն պետական հիմնարկի հաշվապահը կամ այլ աշխատակից, որտեղից ազատվել է աշխատողը, եւ եթե, ասենք, ինչ-որ գյուղի դպրոցից ուսուցիչ է ազատվել, իսկ հաշվապահը մոռացել է նրա տվյալները մուտքագրել էլեկտրոնային կառավարման համակարգում կամ, ասենք, չի տիրապետում Excel համակարգչային ծրագրին, ապա այստեղ չկա քրեական հանցանք: ԱԱԾ աշխատակիցները լուռ լսել են ու հեռացել: 

Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի 375-Ն որոշմամբ սահմանված է, որ աշխատանքից ազատվածները պետության կողմից երաշխավորված անվճար առաջնային բուժսպասարկումից եւ բժշկական օգնությունից կարող են օգտվել 6 ամսվա ընթացքում։ Աշխատանքի ընդունվելուց 6 ամիս հետո էլ աշխատողը դառնում է առողջապահական փաթեթի շահառու։ Դրանից հետո այս իրավունքը դադարում է գոյություն ունենալուց։ 

Փաստորեն, այս գործը ոչ այնքան առողջապահության նախարարության պաշտոնատար անձանց հանցավոր անփութության վկայությունն է, որքան Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման «Էկենգ» համակարգի թերությունը։ Սա պարզ անհեթեթություն է, մեր ԱԱԾ-ին ոչ սազական, եւ գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի։ 
ԱԱԾ-ից հայտնում են, որ գործն արդեն ուղարկվել է Քննչական կոմիտե: 

Ավելի ճիշտ կլիներ քրեական պատասխանատվության ենթարկել կառավարության այն պաշտոնյաներին, որոնք շատ լավ տեղյակ լինելով «Էկենգ» համակարգի թերությունների մասին, դրանք չեն ուղղել։ 

«Էկենգ» համակարգը սինքրոնիզացված չէ այլ թվային շտեմարանների հետ, օրինակ՝  ՊԵԿ էլեկտրոնային տվյալների բազայի։ Արդյունքում աշխատանքից ազատված աշխատողների տվյալները համապատասխան հիմնարկի հաշվապահները ստիպված են «Էկենգ» մուտքագրել ձեռքով: 

Մարդկային գործոնն ու դրանով պայմանավորված սխալները, հետեւապես նաեւ պետական գումարների կորուստներն այս դեպքում անխուսափելի են։ 

2017-2021 թթ․ պետական ապարատից տասնյակ հարյուրավոր աշխատակիցներ են ազատվել։ Մեր տեղեկություններով, առողջապահության սոցփաթեթի բազայում մոտ 150 հազար շահառու է նշված, որոնք ապահովագրված են մոտ 4 մլրդ դրամի։ Ահա թե ինչու պետական գումարների ճակատագիրը հիմնարկի հաշվապահի հույսին թողնելով՝ կոռուպցիոն մեծ ռիսկ են առաջացնում։ 
ԱԱԾ-ն ստուգել է 3 տարվա տվյալները եւ մոտ 352 «մեռյալ հոգի» է գտել սոցփաթեթների բազայում։ Մոտ 352 հոգի, չունենալով բժշկության ապահովագրության իրավունք, օգտվել է այս ծառայությունից։ Հայտնաբերվել է մոտ 12 մլն-ի կորուստ, բայց արդյոք վստա՞հ ենք, որ 150 հազարանոց ողջ բազան ստուգվել է։ 

Եթե հաշվապահը չի հասցրել ձեռքով մուտքագրել ազատված աշխատողի տվյալները, ինչը միանգամայն հնարավոր է, ապա  պետությանը միայն մնում է ապավինել աշխատանքից ազատված աշխատակցի ազնվությանը։ 

Առողջապահության համակարգի հին աշխատակիցներից մեկը պատմում է մի ազնվագույն տղամարդու մասին՝ Արմավիրի մարզի բնակչի։ Ըստ մեր զրուցակցի՝ վերջինս առաջին համալսարանական հիվանդանոցում սրտի վիրահատության պետք է ենթարկվեր, որը 2-3 մլն դրամ արժեր։ Այնքան ազնիվ է գտնվել սույն արմավիրցին, որ երբ նրա անունը «խփել» ու գտել են բժշկական ապահովագրությունից օգտվողների ցանկում, նա խոստովանել է, որ վաղուց ազատվել է աշխատանքից, եւ խնդրել է հանել իր տվյալները բազայից։ Հասկանալի է, որ այսպիսի անձինք քիչ են։