Խաղաղ դարաշրջանի մեկնարկի ավա՞րտը

Խաղաղ դարաշրջանի մեկնարկի ավա՞րտը

Կարծես թե խաղաղ դարաշրջանի մեկնարկը դառնում է նաեւ դրա ավարտը՝ որքան էլ այդ միտքն անբնական հնչի: Ենթադրում եմ, որ խաղաղության մեկնարկի «սայթաքելն եւ մեջքը ջարդելը» գիտակցում է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնող Փաշինյան Նիկոլը: Դրա վկայությունն Անվտանգության խորհրդի վերջին նիստում վերջինիս կողմից արված խոստովանությունն էր: Խոստովանություն առ այն, որ երկու օր շարունակ նույն կազմով, բայց տարբեր ձեւաչափերով մի քանի անգամ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել:

Բնականաբար, քննարկվել է մեր երկրի արեւելյան սահմանի տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ տարածք ներխուժման փաստը: Նման բան չէր եղել նախորդ ներխուժումների դեպքում. համենայնդեպս, խոստովանություն հաստատ չէր եղել: Վաղուց արդեն ճանաչելով նրան՝ կարող եմ համոզված լինել, որ ինքը կարող է հենց վաղն այս մեկ ներխուժումն էլ բանի տեղ չդնել ու համառորել քշել «խաղաղ դարաշրջանի մեկնարկի» իր էշը: Բայց այս մեկն իր վրա ծանր է նստել: 

Ենթադրում եմ՝ հասկացել է, որ ադրբեջանական ներխուժումը հաջորդել է Լաչինի շրջանի հենակետում հայորդու կողմից նռնակի նետումին: Հիշել է նաեւ, որ դրան էլ նախորդել էր ատրճանակով արցախցի երիտասարդի դիմահար սպանությունը: Բայց չգիտեմ՝ գիտակցե՞լ է, արդյոք, որ Իլհամն այնքան է «հափռգել», որ մեկ հայի սպանության դիմաց երեք ադրբեջանցու վիրավորվելն անգամ ընդունելի չի համարում: Եվ անմիջապես որոշում է կայացնում պատժել անհնազանդ հայերին: Այն Իլհամը, որի վրայից խեղճություն էր թափվում՝ մինչեւ այն պահը, երբ հայոց երկնակամարում փայլեց «դուխով» Նիկոլի աստղը: Եվ ում հետ բանակցելը վերածվեց Իլհամի հաղթարշավի՝ պսակված պատերազմի հաղթանակով: Դաժան է, բայց այդպիսին է իրականությունը:  

Վերադառնանք Նիկոլին: Չնայած վերը նկարագրված իրականությանը՝ «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» թեզով առաջնորդվողը պետք է որ մոռացության մատնի իր կարճաժամկետ թուլությունը եւ համառորեն շարունակի իր «առաքելությունը»: Շարունակի «խաղաղության աղավնու» իր դերակատարումը, ինչը պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ խլում է այս կամ այն հայ երիտասարդի կյանքն ու նորանոր տարածքներ զիջում թշնամուն: Եվ նշանակություն չունի, թե ով է նշանակվում այս կամ այն պատասխանատու պաշտոնին, քանի որ դրանք ոչինչ չեն որոշում: 2018-ի մայիսի 8-ից այս կողմ բոլոր հարցերի որոշողն ընդամենը մեկ անձ է՝ թույլ եւ խելքով ու համարձակությամբ չփայլող մեկը: Իսկ մեր ժողովուրդը, որի առանձին ներկայացուցիչները թշնամու դեմ պատերազմում հերոսության փայլուն, իրապես փայլուն, օրինակներ են նվիրել մարդկությանը, այսօր խեղճացված է այդ անձի կողմից: Եվ այդ անձի շնորհիվ խեղճացված է նաեւ Իլհամի կողմից, որն իրենից ոչինչ չէր ներկայացնում նախքան 2018 թվականի մայիսի 8-ը: Նախքան մեր ժողովրդի կողմից նիկոլական «ժողովրդի իշխանության» հաստատումը: Գրողի ծոցը թող անցնի այդ իշխանությունը: