Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան շատ կարևոր է. նախկին պատգամավոր

Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան շատ կարևոր է.  նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարածաշրջանային այցի շրջանակներում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի այցը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր է: Ավելին, նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի մակարդակով նման այցելությունն առաջինն է:

Եգիպտոսն արաբական երկրներից առաջիններից էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Եգիպտոսի նախագահի այցը՝ եգիպտա-հայկական ջերմ հարաբերությունների վկայությունն է, որոնք ընդգրկում են տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներ:

Փոքրաթիվ, բայց բավականաչափ ակտիվ և կազմակերպված Եգիպտոսի հայ համայնքը ավանդաբար ակտիվ դերակատարություն ունի երկրի ներսում և սերտորեն կապված է նաև Հայաստանի հետ:

Արաբական այս երկրում հայերի ավանդական դերակատարության մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը կազմավորվել է դեռ 1825 թ., որի առաջնորդանիստն է Կահիրեում գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. այն ընդգրկում է Եգիպտսի հայ համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները:

Եգիպտոսն արաբական աշխարհի առաջատար երկրներից է, որը տարածաշրջանի ռազմաքաղաքական առումով ազդեցիք դերակատարներից մեկն է:

Մերձավոր Արևելքում Եգիպտոսի դիրքորոշումը մի շարք իրողությունների նկատմամբ կարող է համընկնել նաև Հայաստանի տարածաշրջանային հետաքրքրությունների հետ:
Անչափ կարևոր է նաև, որ Եգիպտոսի անվտանգային հարցերի շուրջ արձանագրած մեծ փորձը կարող է էական առումով հետաքրքրական լինել մեր պետության համար: