«Չգիտեմ՝ ինչպես նկարագրել զգացմունքներս»․ Սաթի Սպիվակովան անհամբեր սպասում է երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը

«Չգիտեմ՝ ինչպես նկարագրել զգացմունքներս»․ Սաթի Սպիվակովան անհամբեր սպասում է երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հայտնի հայ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստր Սաթի Սպիվակովան, ով մեծանուն ջութակահար ու դիրիժոր, մաեստրո Վլադիմիր Սպիվակովի կինն է, նշել է, որ Երևանում կայանալիք հյուրախաղերն առանձնահատուկ են իր համար։

«Գաղտնիք չէ, որ արտիստները սիրում են հյուրախաղերի մեկնել։ Դա մասնագիտության անբաժանելի մասն է։ Բայց այս անգամ ինձ ոչ թե սովորական հյուրախաղեր են սպասվում, այլ Ճակատագրի շրջապտույտ։ Այն թատրոնը, որտեղ ես ու հայրս եկել էինք, երբ 12 տարեկան էի, Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն էր։ Այնտեղ Ալեքսանդր («Քեռի Սաշա») Գրիգորյանի բեմադրած «Մակբեթ» ներկայացման ժամանակ հասկացա, որ ուզում եմ դերասանուհի դառնալ», – գրել է Սպիվակովան Telegram–ի իր ալիքում։

Նրա խոսքով, կես դար է անցել։ Այսօր իր կյանքում կա սիրելի թատրոն, տուն–թատրոն, Ազգերի թատրոն։

«Իսկ հիմա ես և իմ գործընկերները հյուրախաղերի ենք մեկնում «Դեղձանիկը» ներկայացմամբ, որը խաղալու ենք այն բեմում, որտեղ սկսվել է իմ պատանեկան սերը դեպի թատրոնը: Չգիտեմ՝ ինչպես նկարագրել զգացմունքներս՝ հուզմու՞նք, երջանկությու՞ն, սե՞ր, բազմապատկած երկուսո՞վ։ Ամեն ինչ այլ է »,- գրում է Սպիվակովան։

Նա ափսոսանքով նշում է, որ վաղուց չկան ոչ հայրիկը, ոչ էլ «քեռի Սաշան», բայց կա քաղաքը, որտեղ նա մեծացել է, կա թատրոնը, ուր այցելել է՝ երազելով ապագայի մասին, կա ներկան, որն աճել է այդ ապագայից:

«Ես իսկապես անհամբեր սպասում եմ ձեզ՝ երևանյան հանդիսատեսին, բոլորին, ովքեր ցանկանում են կիսվել ինձ հետ կյանքի այս կարևոր պահով։ Կհանդիպենք ապրիլի 5-ին և 6-ին, ժամը 19:00-ին: Շնորհակալ եմ GeoProMining-ին հյուրախաղերը կազմակերպելու համար», – գրել է Սպիվակովան։

Մոսկվայի ազգերի թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը» ներկայացումը։

Սաթի Սպիվակովան մարմնավորում է օպերային մեծագույն դիվա Մարիա Կալասին։ Սա Արտիստի ողբերգական պատմություն է, ով հանուն սիրո հրաժարվեց իր տաղանդից: