Մտածում ես՝ չխոսես, բայց չի լինում

Մտածում ես՝ չխոսես, բայց չի լինում

Ռուսաստանի նախագահ Պուտինը հոդված է հրապարակել, որտեղ ասում է, թե նախկին խորհրդային շատ հանրապետություններ ռուսական հողերի տեր են դարձել: Կոնկրետ ու՞մ եւ ի՞նչ նկատի ունի՝ կարելի է միայն ենթադրություններ անել: Բայց ահա Պուտինի խոսքից հայրենական մեկնաբանը շատ կոնկրետ եզրահանգման է եկել՝ որ Ռուսաստանը հայկական հողեր է նվիրել Թուրքիային եւ Ադրբեջանին, հազիվ թե ինքնուրույն մեղավորության զգացում ունենա, եւ հարցադրել, թե Հայաստանը «կարո՞ղ է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի ճանաչել այդ մեղքն ու հրաժարվել ռուս-թուրքական … պայմանագրերից, որովհետեւ հակառակ պարագայում խնդիրը կլինի ոչ միայն հայերինը, այլեւ իրենը»: Խոսքն

ինչի՞ մասին է: Այս հարցին պատասխան որոնելիս հարկ է վերացարկվել զգացմունքայնությունից, հայկական հողերի մասին Տիգրան Մեծի ժամանակների չափանիշներով պատկերացումներից, ազգային ըղձականությունից: Որեւէ հող որեւէ ազգի պատկանում է, եթե գտնվում է նրա իրավազորության ներքո: Մյուս փաստարկները քնարականության ոլորտից են: Հայաստանի տարածքի մասին խոսելիս սովորաբար վկայաբերվում է երկու փաստաթուղթ՝ Սեւրի պայմանագիրը եւ Թուրքիայի հետ սահմանազատման մասին ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը: Իր գոյության երկուսուկես տարում Հայաստանի անկախ հանրապետությունն ստորագրել է Բաթումի, Սեւրի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը եւ զինադադարի մասին համաձայնագիր բոլշեւիկյան Ռուսաստանի հետ: Ընդ որում, Հայաստանը Սեւրի պայմանագրից հրաժարվել է Ալեքսանդրապոլի պայմանագրով:

Կարելի է ասել, որ դա պարտադրված պայմանագիր էր, սահմանված կարգով վավերացում չի անցել: Բայց չէ՞ որ վավերացում չի անցել նաեւ Սեւրի պայմանագիրը: Ի վերջո, տարածաշրջանի վերջնական սահմանները հաստատվել են Լոզանի պայմանագրով: Ինչ վերաբերում է զինադադարի մասին բոլշեւիկյան Ռուսաստանի հետ համաձայնությանը, ապա Հայաստանը դրանով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի ռուսական օկուպացիան, իսկ տարածքների կարգավիճակը պետք է որոշվեր վերջնական խաղաղության մասին պայմանագրով: Մոսկվայում ռուս-հայկական բանակցություններ սկսվել, ընթացել են, բայց խաղաղության պայմանագիր այդպես էլ չի ստորագրվել: Ինչու՞՝ շատ դժվար է ասել: Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բռնությամբ անջատվել է, Զանգեզուրը կազմակերպված դիմադրել է բոլշեւիկներին, իսկ Նախիջեւանը դեռեւս 1919-ին էր ապստամբել եւ հրաժարվել Հայաստանի ենթակայությունից: Ընդ որում, նույն շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի դրդմամբ Հայաստանի սահմաններում կար թաթարական երկու ինքնահռչակ հանրապետություն, որ լուծարվել են բրիտանական պահանջով: Ընդհանուր պատկերն այս էր, երբ Հայաստանում իշխանությունն անցավ բոլշեւիկյան Հեղկոմին: Գումարած, որ Լոռին էլ հայտարարված էր չեզոք գոտի:

Մի կողմ թողնենք պատմագիտական հայացքը, որ եթե 1921թ. փետրվարին Հայաստանում բոլշեւիկյան իշխանությունը չտապալվեր, Մոսկվայի բանակցությունները, գուցե, մի փոքր հայանպաստ ավարտ կունենային: Փաստը մնում է փաստ՝ 1921թ. մարտի 16-ին կնքվել է «Բարեկամության եւ եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագիր, որը նույն տարվա հոկտեմբերի 13-ին Կարսում վերաձեւակերպվել է որպես Անդրկովկասի երեք հանրապետություններից յուրաքանչյուրի հետ   Թուրքիայի պայմանագիր: Այդ պայմանագրերից Ռուսաստանի հրաժարվելու մասին է խոսում հայրենական մեկնաբանը: Մի պահ ենթադրենք, որ Ռուսաստանը գնում է այդ քայլին: Ի՞նչ է հետեւելու դրան: Իրավական առումով մենք հայ-թուրքական սահման չունենք: Որտեղ կանգնած են ռուս սահմանապահներ, այնտեղ Ռուսաստանի սահմանն է՝ գծված Թուրքիայի հետ «Բարեկամության եւ եղբայրության մասին» Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրով: Դրանից հրաժարվելով ի՞նչ կանի Ռուսաստանը: Կամ զորք կշարժի Կարսի ուղղությամբ, կամ կհեռանա: Անմտություն է կարծել, թե պայմանագրից հրաժարումն ազդակ կլինի, որ Թուրքիան դատարկի Կարսը, Իգդիրը: Ռուս-թուրքական ռազմական բախում տեսականորեն հնարավոր է: Հարցն այն է, թե ի՞նչ է դա մեզ տալու: Ի՞նչ ենք շահելու, եթե Գյումրին դառնա ճակատային քաղաք, եւ պատերազմով վերականգնվի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստատուս-քվո՞ն: Ո՞րն է երաշխիքը, որ պատերազմն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով: Կամ այդ հաղթանակից հետո Ռուսաստանն ինչու՞ պիտի Կարսը, Իգդիրը եւ Նախիջեւանը նվիրի մեզ:  Մի խոսքով, ի՞նչ իմաստ ունի այդ թեմայով դիսկուրսը: Հայկական հողը Հայաստան - Արցախ փաստացի տարածքն է: Մեր գերխնդիրը՝ իրականության իրավա-քաղաքական լեգիտիմացումը: