Տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան, որ ՀՀ-ն Արևմուտքի պլացդարմ դառնա․ Կորոտչեկո

Տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան, որ ՀՀ-ն Արևմուտքի պլացդարմ դառնա․ Կորոտչեկո

Հարավային Կովկասի երկրները համատեղ ջանքերով պետք է ստեղծեն խորհրդակցությունների ձևաչափ, որպեսզի Հայաստանը չդառնա արևմտյան ազդեցության պլացդարմ, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։ 

Վերջինս, ի դեպ, ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունի, որին պարբերաբար անդրադառնում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները ցանկանում են ընդդիմանալ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկմանը, որը ռազմավարական նշանակություն ունի ռուսական տնտեսության համար։

«Տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, պետք է միավորվեն՝ թույլ չտալու համար, որ Հայաստանը դառնա արևմտյան ազդեցության պլացդարմ։ Այսօր ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան մտադիր են Երևանը դարձնել այնպիսի «տրոյական ձի», որի միջոցով կարող են նոր անկայունություն սանձազերծել, նոր զինված հակամարտություններ հրահրել և ի վերջո տարածաշրջանը քաոսի մեջ գցել։ 

Փաստն այն է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքն անցնում է տարածաշրջանով, ինչը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և ռուսական տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից»,- նշել է Կորոտչենկոն։

Փորձագետը նշել է, որ, ի թիվս այլնի, Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել հարավում։ Նրա խոսքով, տարածաշրջանի երկրների ղեկավարներին անհրաժեշտ է խորհրդակցությունների մեջ մտնել առնվազն Անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով։ Նա ընդգծել է, որ Չինաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս առաջարկին։

«Ապակայունացումը Հարավային Կովկասում նշանակում է Կենտրոնական Ասիայի ապակայունացում, և դա ուղղակիորեն ազդում է հենց Չինաստանի շահերի վրա։ Այլ կերպ ասած, այս ձևաչափը կօգնի մեզ համատեղ մշակել ճանապարհային քարտեզ, թե ինչպես կանխել և հակազդել Արևմուտքի բացասական ազդեցությանը Հարավային Կովկասումի»,- ասել է Կորոտչենկոն։

Ավելի վաղ գրել ենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ տեղի ունեցած գերատեսչական կոլեգիայի նիստի արդյունքներով հայտարարություն է տարածվել, որում կրկին նշվել է Արևմուտքի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի մասին։