Ցունամի՝ Ֆրանսիայում, կամ՝ ով չգիտի, որ ոչխարն ուտելու համար է

Ցունամի՝ Ֆրանսիայում, կամ՝ ով չգիտի, որ ոչխարն ուտելու համար է

Ամենայն լրջությամբ եմ հարցնում՝ ոչխար տեսե՞լ եք… Բայց հարցը դա չէ՝ տեսել եք, թե չեք տեսել: Ինձ հետաքրքրում է, թե ոչխարը, արդյոք, կարո՞ղ է որեւէ կողմնորոշում ունենալ, ասենք՝ արեւմտյան: Մի ծիծաղեք, պայմանավորվեցինք չէ՞, որ ամենայն լրջությամբ եմ հարցնում: Այս օրերին արդեն այնքան բան տեսանք, որ ես միանգամայն պատրաստ եմ հավատալու նույնիսկ ամենաանհավանական բաների: Արեւմտամետ ոչխար՝ կա՞ այդպիսի բան, թե՞ չկա: Եվ, որպեսզի խուճապի չմատնվեք այս հարցից, ձեզ մի բան պատմեմ:

Ուրեմն, կար-չկար, «Արցախ» անունով մի երկիր կար: Երկիրն էլ ո՞րն է, մի իսկական դրախտավայր՝ մի բնություն, մի կլիմա, բերքն ու բարիքը՝ ծով: Այդ երկրում հայեր էին ապրում: Նրանք Սահմանադրություն ունեին, օրհներգ, զինանշան ու դրոշ եւ ստեղծել էին պետական կառավարման մարմիններ, դպրոցներ, համալսարաններ, մշակույթի օջախներ, որ արեւի տակ իրենց մնայուն տեղն ունենային եւ իրենց երկրում ապրեին բոլոր ազգերի նման: Երբ Արցախն արդեն 30 տարեկան էր, նրա ծնողի՝ Հայաստան մայրիկի տանը մի հիմար բան տեղի ունեցավ, ու իշխանության եկան ինչ-որ անհասկանալի արարածներ, որոնք ընդամենը 2 տարում մերթող արեցին Արցախը: Մերթողը գիտե՞ք որն է: Էն, որ մայրը զավակին թողնում է, ճանապարհում դեպի ինքնուրույն կյանք: Բայց, քանի որ անհասկանալի արարածներն էին իշխանության եկել Հայաստանում, այդ պրոցեսը տեղի ունեցավ նույնքան անհասկանալի ձեւով: Գլուխներդ երկար չտանեմ: Հայաստան մայրիկը, ի դեմս իր անհասկանալի իշխանությունների, սկսեց բանակցություններ վարել մի նոր ու անհասկանալի կետից, պատերազմ բերեց Արցախի գլխին, եղած տարածքները տվեց, արվակոտոր արեց արցախահայությանն ու ձեռքերը լվաց, թե ես «Արցախ» անունով զավակ չունեմ: Ու հենց այդ պահին ռուս խաղաղապահները մտան Արցախ՝ առանց Հայաստան մայրիկի իշխանությունների կարծիքը հաշվի առնելու: Դա ճիշտ այն դեպքն էր, որ կարելի էր ասել՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՀ իշխանությունների մուրազը փորներում մնաց: Այլապես որոշել էին ոչ միայն մերթող անել Արցախը, այլեւ ոչնչացնել այն՝ թողնելով թշնամու առաջ միայնակ:

Իսկ հիմա կրկին դառնանք վերեւում հնչած հարցին՝ լինո՞ւմ են, արդյոք, կողմնորոշված ոչխարներ: Ուրեմն մինչ այն պահը, քանի դեռ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Դավիթ Բաբայանը չէին այցելել Ֆրանսիա՝ Փարիզ, եւ հանդիպումներ չէին ունեցել ֆրանսիացի պաշտոնատարների հետ, ես կողմնորոշված ոչխարների մասին գաղափար անգամ չունեի: Թե ինչպես էր հաջողվել հետպատերազմյան շրջանում այդպիսի այց կազմակերպել, ինչ չարչարանքների գնով, վերջապես՝ ի՞նչ նպատակով, Հայաստանում շատ քչերը գիտեին: Դա էլ հո չինական բադ ուտելու ճամփորդություն չէր, որ մեկուկես ամիս առաջ զռզռացնեին հեռուստաէկրաններով, կայքերով ու թերթերով:

Միամիտ նստած էինք ու մեկ էլ իմացանք, որ Արցախի նախագահն ու արտգործնախարարը Փարիզում են: Եվ, պատկերացրեք, այդ լուրից հայաստանյան երկրակամարի տակ շանտղություն անող արեւմտամետների ճամբարը միանգամից պայթեց: Ինչքան ծակ ունեին, բացեցին ու սկսեցին մի հանգի քննադատել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին՝ դուք այդ ո՞վ եք, որ գնաք, Փարիզում հայտարարեք, թե կողմ եք Արցախի հարցի կարգավորման ռուսական առաջարկներին եւ ուզում եք, որ Ֆրանսիան էլ աջակցի դրանց, դուք հասկանո՞ւմ եք, որ այդ քայլով տորպեդահարել եք Մակրոնին ու Ֆրանսիան:

Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ արեւմտամետները նաեւ Նիկոլի դեմ են լարված, որովհետեւ նա հայտարարել է, թե Հայաստանն ընդունում է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը: Եվ մի երկու թունդ խոսք էլ Նիկոլին են ասել՝ պիտակավորելով տո՛ Նիկոլին էլ, տո՛ Նիկոլի վարած քաղաքականությունն էլ: Այնպիսի բառեր էին օգտագործել, որ նույնիսկ ես անհարմար եմ զգում դրանք արտասանել: Ինչեւէ, ո՞րն էր խնդիրը:

Խնդիրը վերեւում առաջադրված հարցն է՝ լինո՞ւմ են, արդյոք, կողմնորոշված ոչխարներ, օրինակ՝ արեւմտյան կողմնորոշում ունեցող: Ես աստիճանաբար հակվում եմ այն մտքին, որ, այո, գոյություն ունեն այդպիսիք, եւ դրանց գլխաքանակը Հայաստանում այնքան էլ փոքր չէ: Իսկ դո՞ւք ինչ կասեք այդ մասին: Նախ՝ մի պահ պատկերացրեք, որ այդ ոչխարները հանկարծակիի են գալիս՝ իմանալով, որ Արցախի նախագահն ու արտգործնախարարը Ֆրանսիայում ընդունելության են արժանացել ֆրանսիացի պաշտոնյաների կողմից: Դա աներեւակայելի էր նրանց համար, ո՞նց թե, իրենք ամեն ինչ արել են, որ Արցախ չլինի, որ Արցախի իշխանությունը դառնա բուտաֆորիա, ու մեկ էլ այսպիսի զուլո՞ւմ: Ու քանի որ ոչխար են, փոցխ ու եղան առած՝ ընկել են բոլորի հետեւից՝ չխնայելով անգամ Նիկոլին ու նրա վարած քաղաքականությունը:

Չգիտեմ՝ նշե՞մ այդ կողմնորոշված ոչխարների նույնականացման հասցեները, կայքերն ու թերթերը, թե՞ դեռ սպասեմ: Բանն այն է, որ դեռեւս Նիկոլը չի խոսել այս մասին եւ գնահատական չի տվել Արցախի նախագահի եւ արտգործնախարարի՝ Ֆրանսիա կատարած այցին: Մտածում եմ՝ ոտքս կախ գցեմ, նախ Նիկոլին լսեմ, որ հանկարծ կողմնորոշված ոչխարների սխալ հասցեներ ու թվեր չհրապարակեմ: Այլապես շատ անհարմար բան կարող է ստացվել: