Առանց հիշողության հայ է ստեղծում․․․

Առանց հիշողության հայ է ստեղծում․․․

Քայլ- քայլ զիջում է, քայլ- քայլ զիջողական տրամադրություն է սփռում։ Կառավարության շենքի հանդիպման սրահներից մեկի վերանորոգումն արդեն ավարտվել է։ Փաշինյանի և իր թիմակիցների գլխավերևում Արագածի նկարն է։ 2023 թվականին մամլո ասուլիսին հայտարարեց․ «Երբ խոսում ենք հայրենասիրության մոդելների մասին, հասկանում ենք, որ իսկապես շատ լուրջ ու կարևոր խնդիրներ կան։ Օրինակ, ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ու սա իսկապես ինձ համար խնդիր է: Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է։ Այո, իմ տանն էլ չկա»։ 

Մանիպուլյացիոն հնարքների մասին , որ խոսում ենք, երբեմն չենք պատկերացնում, որ  Փաշինյանի այս հայտարարությունը  մանիպուլյացիոն հնարքի ամենաբարձրագույն տեսակն է։ Մարդը լրիվ անմեղ- անմեղ, Արագածի ցավով է տառապում, որը մերն է, բայց իր ասելով՝ չենք հիշում։ Միաժամանակ ակնարկում է, որ մոռացեք հայոց պատմությունը, եղեռնը, Արարատը, մոռացեք՝ ով եք դուք, որտեղից եք եկել, ինչ ժառանգություն եք ունեցել։ Նաև ենթագիտակցորեն արձանագրում է, որ ոչ մի հայի տանը Արագածի նկարը չկա։ Այսինքն հայը չի մոռացել իր ցավը, իր Արարատը, ցեղասպանությունը։ 

Հայը միշտ հիշել ու չի մոռացել իր պատմությունը։ Վերջերս զրուցում էի Արցախից բռնի տեղահանված մի  հարգարժան տիկնոջ հետ։ Երբ որպիսությունը հարցրի, այսպիսի բան ասաց․ «Անընդհատ Արցախի իմ տնից եմ երազ տեսնում։ Երբ արթնանում եմ, ահագին ժամանակ չեմ կենտրոնանում, թե որտեղ եմ։ Հետո, երբ կենտրոնանում եմ՝ մտածում եմ՝ ո՞վ եմ ես։ Ոչ պատմություն ունեմ, ոչ հիշողություն։ Խլեցին ինձնից։ Արցախը չկա։ Փորձում եմ իմ մեջ խեղդել հիշողությունը, բայց զգում եմ, որ շունչս կտրվում է, չեմ կարող։ Ախր մի գառ չենք կորցրել, մի աշխարհ ենք կորցրել, մեզ ենք կորցրել, մեր ինքնությունը, մեր ողջ կյանքը»։ Նիկոլ Փաշինյանը հենց նա է, ով հայի  հիշողությունն է ուզում խլել գլխից, ով զրո կետից  նոր կենսաբանական մարդ է ուզում ստեղծել՝ առանց հիշողության, զգացմունքի։ Այդպիսի հայ է պետք ցեղասպանող երկրին։  Հրաչյա Մաթևոսյանն այդ մասին լավ է ասել ․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես - հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»։

Եթե մի ողջ ժողովուրդ հիշում է «երեկ մորթածը» , չի մոռանում, իր գենն  ու արմատներին է ապավինում, հայտնվում է մի հոգի ու ասում՝ մոռացե՜ք դուք ով եք, մոռացեք ձեր ակունքները, ամբողջ աշխարհի կողմից ճանաչված ցեղասպանությունը մոռացեք․․․ Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։

Ի՞նչ անուն կարող եք տալ այդ մարդուն, առավել ևս, երբ նա ասում է, որ  բոլոր հայերի տանը Արարատի նկարն է․․․ Ասում ու նստում է թիմակիցների հետ Արագածի տակ։ Քայլ- քայլ առաջ է ընթանում։ Լռությունից հետո հաջորդ քայլը կանի։ Այսինքն առանց ժողովրդի մեր ազգային խորհրդանի՞շն է փոխում։ Ու՞մ, ինչի՞ համար, ի վերջո ո՞վ ենք մենք, պատմություն ունե՞նք, թե պատահական այս վայրում հայտնված ազգ ենք։ Արագածը մերն է, մեր սիրելի սարը, բայց ինչու՞ է ուրանում հայ ժողովրդի պատմությունը, ինչու՞ է աշխարհի աչքի առաջ ուրանում Արարատը, հայ ժողովրդի խորհրդանիշը։