Ինչ վիճակում են ԱՄՆ միջուկային ուժերը 

Ինչ վիճակում են ԱՄՆ միջուկային ուժերը 

Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գոհ է իր ունեցած միջուկային սպառազինությունների ներկա վիճակից, որոնք տեղակայված են թե Եվրոպայում, թե աշխարհի այլ հատվածներում։ «Ես պարզապես կարող եմ ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք մեզ լիովին հարմարավետ ենք զգում մեր ռազմավարական զսպման սպառազինությունների պատրաստականությունից։ Ընդ որում, խոսքը ոչ միայն եվրոպական մայրցամաքի մասին է, այլ աշխարհի այլ հատվածների եւս»,- ասել է Քիրբին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ The Telegraph-ի հետ զրույցում հայտարարել էր, որ դաշինքում քննարկվում է ունեցած միջուկային մարտագլխիկները մարտական պատրաստականության վիճակի բերելու հարցը, որը հակառակորդների համար կարող է լինել ազդեցիկ ազդակ։ Ստոլտենբերգը նաեւ ասել էր, որ դաշինքի բոլոր անդամները հարկ է, որ իրենց զինանոցներում ունենան միջուկային ուժեր, որպեսզի աշխարհն ավելի անվտանգ վայր դառնա։