Հայոց ցեղասպանության թանգարանը կհավաքագրի Արցախից բռնի տեղահանվածների վկայությունները

Հայոց ցեղասպանության թանգարանը կհավաքագրի Արցախից բռնի տեղահանվածների վկայությունները

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման եւ ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել 27 անուն սարք: Իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի՝ արդիական տեխնիկական միջոցներով վերազինմանը, թույլ կտա նորովի խթանել բանավոր պատմությունների (Oral History) ենթագիտակարգը: Շարունակաբար հավաքագրել եւ հետազոտել Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ սերունդների բանավոր պատմությունները՝ նախատեսվող համապատասխան շտեմարանի համալրման համար: Հավաքագրել եւ հետազոտել Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտական ուսումնասիրություններին, այլեւ իրավական գործընթացներին:

ՀՑԹԻ տնօրենի ԺՊ, պ․գ․թ․ Էդիտա Գզոյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց՝ ծրագրի հետ կապված. «Մենք թանգարանում ունենք Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման եւ ուսումնասիրության բաժին, որի գործառույթների մեջ էր Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների տվյալների, իրենց պատմությունների հավաքումը, նրանց ժառանգների հետ հարցազրույցների իրականացումը։ Ժառանգների բանավոր պատմությունները հավաքագրելու ընթացքը մենք անում էինք շատ սուղ միջոցներով, մեր ունեցած տեսախցիկով։ Մինչդեռ եթե միջազգային փորձը նայենք, այդ գիտակարգը, որ կոչվում է Oral History-բանավոր պատմություններ, ինքը բավական զարգացած է, ուստի որոշեցինք մի փոքր ձայնագրման ստուդիա ստեղծել, որտեղ ավելի պրոֆեսիոնալ ձեւով եւ մասնագիտական մոտեցմամբ կինդեքսավորվեն, կթվայնացվեն, կթարգմանվեն նրանց հարցազրույցները, որպեսզի հետագայում կարողանանք ավելի լայն հանրության ներկայացնել։ Դրա համար մենք կազմեցինք սարքավորումների ցանկը՝ 8 մլն 125 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, որն իրենից ներկայացնում է 27 անուն սարք»:  

ՀՑԹԻ տնօրենի ԺՊ-ն ընդգծում է՝ իրենց թիրախը հավասարապես լինելու է՝ հավաքագրել եւ հետազոտել թե՛ Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ սերունդների բանավոր պատմությունները, թե՛ Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները։ «Մենք դեռեւս 2020-ին հատուկ բաժին բացեցինք՝ Արցախի, Նախիջեւանի, Ադրբեջանի հայաբնակ շրջանների հայերի դեմ իրականացված բռնություններն ուսումնասիրելու համար, եւ 2023թ․ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո որոշեցինք ուժեղացնել մեր Արցախի բաժինը, նաեւ նոր գիտաշխատողներ կվերցնենք, որոնք կզբաղվեն այդ հարցով, ու իրենց էլ կընդգրկենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բանավոր պատմությունների հավաքագրման գործին,- ասում է Է․ Գզոյանն ու նշում, որ այդ հավաքագրումն իրականում մի քանի նպատակ է հետապնդելու։- Ինչպես հետազոտական, այնպես էլ մեր պլանների մեջ մտնում է՝ թարգմանել բոլոր այդ հարցազրույցները եւ հասանելի դարձնել նաեւ միջազգային գիտական հանրությանը, որպեսզի նրանք եւս կարողանան ուսումնասիրել, թե միջազգային ինչպիսի հանցագործություններ է Ադրբեջանն իրականացրել Արցախում եւ հայաբնակ այլ վայրերում։ Նաեւ այնպես հավաքել այդ հարցազրույցները՝ իրավական այնպիսի հիմքով, որ հետագայում իրավական դատական պրոցեսներին հնարավոր լինի որպես ապացույց ներկայացնել»։

Թե ինչ սկզբունքով են ընտրելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, լինելո՞ւ են տարիքային կամ սեռային նախապատվություններ, եւ ինչպե՞ս է իրականացվելու վկայությունները հավաքագրելու պրոցեսը, ՀՑԹԻ տնօրենի ԺՊ-ն ասում է, որ հատկացնելու են հատուկ տարածք, որտեղ կստեղծվի պրոֆեսիոնալ փոքրիկ ստուդիա, եւ բոլոր նրանք, ովքեր կգան վկայություններ տալու, կպատասխանեն հատուկ կազմված հարցաշարի հարցերին։ «Քանի որ բանավոր պատմությունները հավաքագրելը նաեւ մասնագիտական հարց է, եւ, ինչպես նշեցի, պետք է նաեւ իրավական կոմպոնենտն ապահովվի, ապա մենք այս ընթացքում արդեն մի քանի ուղղություններով, մի շարք մասնագետների հետ աշխատում ենք՝ ազգագրագետներ, սոցիոլոգներ, իրավաբաններ, հոգեբաններ, որպեսզի հնարավորինս հարցերի լայն շրջանակ ընդգրկենք ու նաեւ իրավական առումով ճիշտ վերցնենք այդ հարցազրույցները։ Այսինքն՝ այն անձինք, որոնք վկայություններ են տալու, նաեւ գրավոր համաձայնություն են տալու, որպեսզի դրանք հետագայում եթե դատական պրոցեսի ժամանակ օգտագործվեն, ամբողջությամբ կարողանան ներկայացնել։ Տարիքային, սեռային բազմազանություն պետք է ապահովենք, քանի որ հանցագործությունների շատ տարբեր տեսակների, դրսեւորումների հետ գործ ունենք, այդ պատմությունները նաեւ շրջափակման, սովի այդ 9 ամիսներին են վերաբերելու։ Այստեղ նաեւ ամենայն մանրամասնությամբ կարեւոր կլինեն երեխաների հետ հարցազրույցները հասկանալու համար, թե իրենք ինչերի միջով են անցել, ինչ ապրումներ, առողջական խնդիրներ են ունեցել։ Այսինքն՝ բավականին ընդգրկուն պետք է լինի ծրագիրը»,- ընդգծում է զրուցակիցս։

Տնօրենի ԺՊ-ն ասում է՝ Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների առաջին սերունդները, ցավոք, արդեն չկան, բայց իրենք հետամուտ են նաեւ վերապրողների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ սերունդների բանավոր պատմությունները վավերագրելուն։ «Մենք մեր ֆոնդերում ունենք արդեն Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, որոնք պետք է թվայնացվեն, այսինքն՝ ժամանակակից տեխնոլոգիաներով իրենց 2-րդ շունչ կտրվի։ Շատ հաճախ 2-րդ, 3-րդ սերունդներն անգամ, որոնք խոսել են իրենց տատիկ-պապիկների հետ, նյութեր ունեն, իրենք շատ բան ունեն պատմելու, որովհետեւ լսել են այդ պատմությունները, եւ այդ սերունդների մարդկանց եւս հրավիրելու ենք այստեղ եւ տեսաձայնագրենք»,- ասում է Է․ Գզոյանն ու հավելում, որ ծրագրի մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կտրվի հաջորդ տարվա գարնանը։

Տնօրենի ԺՊ-ն դժվարանում է ասել, թե այս տարիների ընթացքում ինչքան վկայություններ են արխիվավորել, քանի որ մինչ օրս ունեն հավաքագրված թե՛ թղթային, թե՛ աուդիո, թե՛ վիդեո տարբերակով վկայություններ․ «Այդ վկայությունները տարբեր ձեւերով պահպանված ունենք՝ տեսա, աուդիո ձայնագրություններ, հուշերի ձեւով վկայություններ, այսինքն՝ դրանք դեռեւս մեկտեղված չեն, եւ հիմա այդ նոր բաժնի գործառույթն այդ ամեն ինչը մեկտեղելն է։ Նաեւ շատ կառույցներ՝ սփյուռքյան, հայաստանյան, բոլորը զբաղվել են այդ հարցերով, սակայն դեռեւս չենք կարողացել մի տեղ հավաքագրել այդ ամբողջը։ Հույս ունեմ, որ մեր բաժնի գործունեության արդյունքում կկարողանանք մյուս գործընկերների մոտ հավաքված տվյալները վերցնել եւ ավելի հզոր շտեմարան ունենալ, արդեն՝ մեկտեղված»։

Թանգարանի տնօրենի ԺՊ-ն հատուկ ընդգծում է, որ իրենց աշխատանքներում նաեւ հոգեբաններ են ներգրավվելու, որ մարդկանց կրկին տրավմայի չենթարկեն․ «Գործընթացը բավական երկար կտեւի, քանի որ գործ ունենք մեծաքանակ մարդկանց հետ եւ հատուկ ֆինանսավորման, որպես այդպիսին, չենք սպասելու եւ մեր միջոցներով աշխատանքն իրականացնելու ենք։ Իսկ վկայագրելու ենք ոչ միայն 1915թ․ հայոց ցեղասպանության սերունդների եւ 2023թ․ Արցախից բռնի տեղահանվածների բանավոր պատմությունները, այլեւ 2020թ․ պատերազմից հետո Շուշիից, Հադրութից եւ մյուս հայկական շջաններից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վկայությունները, ավելին՝ եւս մի փուլ հետ ենք գնալու եւ 1988-90թթ․ Բաքվի, Սումգայիթի, Գանձակի, Մարաղայի եւ այլ շրջաններից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պատմությունները եւս վկայագրելու ենք։ Նպատակը՝ ցույց տալ, որ Ադրբեջանի կողմից վարվում է հետեւողական էթնիկ զտումների քաղաքականություն, եւ 2023թ․ տեղի ունեցածը սպոնտան դեպք չէր, այլ ուներ պատմական հիմքեր»։