Բռնապետության դեմ հաղթական պայքարի լուծումները 

Բռնապետության դեմ հաղթական պայքարի լուծումները 

Քրիստոնեական ժամանակակից քաղաքակրթության ամենամեծ ձեռքբերումը համարվում է բարոյական նորմերի փոխարինումը օրենքի և իրավունքի նորմերով։ Միաժամանակ, ընդունված է, որ բարոյական նորմերը ձերբազատվում են կրոնական բովանդակությունից՝ ձեռք բերելով համամարդկային արժեքներ: Տեսականորեն շատ ճիշտ այս դատողությունը սկսվում է տեղապտույտ տալ, երբ դիտարկվում են առանձին երկրներ: Եվ երբ ինչ-ինչ պատճառներով այդ երկրներում օրենքի և իրավունքի նորմերը գործում են իմիտացիոն ռեժիմով, ապա հասարակություններում գլուխ է բարձրացնում անբարոյականությունը: Իսկ դա, իր հերթին, ներքին քաղաքական կյանքը դարձնում է անբարոյական: Ու կյանքի է կոչվում «քաղաքականությունն անբարոյականություն է» հանրահայտ թեզը: Այս դատողությունն է դառնում քաղաքական ասպարեզի ալֆան և օմեգան (սկիզբն ու վերջը): 

Այդպես էր Հայաստանում նախկինների օրոք, առավել քան այդպես է այսօր: Բնականաբար, իշխող քաղաքական ուժն ավելի է վարակվում այդ ախտով, քան ընդդիմադիրները: Սակայն, ինչպես ցույց է տվել կյանքը, վերջիններս ևս զերծ չեն մնում այդ հիվանդությունից: Իշխանություն կորցնելուց հետո շատ ավելի հեշտ է բարոյապես մաքուրի անվան ներքո հանդես գալը: Սակայն միշտ չէ, որ այդ կերպարը համապատասխանում է իրականությանը: Որովհետև համապատասխանության գրավականն ինքնամաքրվելն է, ինչն արտահայտվում է մեղայականով: Ճիշտ այնպիսի, ինչպիսին հատուկ է առանձին անհատներին: Իսկ դրա բացակայությունը վկայում է, որ տվյալ կուսակցությունը ինքնամաքրվելու կարիք չի զգում և իշխանության գալուց հետո, եթե նման հնարավորություն ունենա, կշարունակի նախկին վարքագիծը:

Ընդհանրական նախաբանից հետո անցում կատարելով մեկ առանձին կուսակցությանը՝ կնկատենք, որ ինքնամաքրման ուղին է բռնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի հերթական համագումարը տեղի ունեցավ նախորդից 5 տարի անց: Կանոնադրությամբ նախատեսված՝ երկու տարին մեկ համագումարների անցկացումը պետք է տեղի ունենար 2018 և 2020 թվականների վերջին: Սակայն այդ թվականներին հերթական համագումարներ չեն անցկացվել: ՀՀԿ 17-րդ համագումարի անցկացումը ցույց տվեց, որ կուսակցությունը դուրս է եկել այն շոկային իրավիճակից, որի մեջ ընկել էր 2018-ի ապրիլյան իրադարձությունների հետևանքով իշխանությունը կորցնելուց հետո: Ամբողջությամբ ունկնդրելով ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ կարող եմ համոզված պնդել, որ կուսակցությունը ոչ միայն դուրս է եկել դեպրեսիոն վիճակից, այլև բռնել է ինքնամաքրվելու ճանապարհը: Բայց ասվածն ընդամենը տպավորություն է՝ ստացված բանախոսի ելույթից: Մնում է, որ այն ամրպնդվի կոնկրետ քայլերով, այն է՝ կուսակցական շարքերի ինքնամաքրմամբ և կադրային թարմացմամբ: Ի դեպ, դրա մասին ևս խոսվեց: Հույս ունենանք, որ ելույթը չի լինի իմիտացիոն այն վարքագծի շարունակությունը, ինչը դրսևորվել է երկու տասնամյակ՝ երբ իշխանությունը ձևավորվում էր հանրապետականի բազայի վրա: Դա որպես ընդդիմադիր եմ ասում՝ սկսած 2000-ականների սկզբից:

Ինչ մնում է այն մեղադրանքին, որ Սարգսյանի ելույթում չնշմարվեցին այսօրվա վիճակից դուրս գալու եղանակները, ապա դրանք չէին էլ կարող նշմարվել: Պատճառը «ժողովրդի իշխանության» անվան տակ ողջ իշխանությունը զավթած անձի հաստատած բռնապետությունն է: Ինչն ավելի է բարդացնում ընդդիմության խնդիրը: Չմոռանանք նաև, որ ժողովրդականի անվան տակ միանձնյա այդ իշխանությունը վայելում է Արևմուտքի հովանավորությունը՝ թուրքերի հետ «քիրվայության» և Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելու իր ջանքերի շնորհիվ: Իսկ բռնապետության դեմ հաղթական պայքարի լուծումները ներկայացվում են ոչ թե կուսակցական համագումարներում, այլ փողոցում: Եվ այդ կանոնը, որքան ես գիտեմ, գործում է բոլոր բռնապետական երկրներում և բոլոր ժամանակներում: