Պետությունը առևտրային կազմակերպություն չէ, որ սնանկ ճանաչես կամ լուծարես

Պետությունը առևտրային կազմակերպություն չէ, որ սնանկ ճանաչես կամ լուծարես

Երեկ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարի հարցին, թե` գնում ենք դեպի 4-րդ Հանրապետությո՞ւն` նկատի ունենալով, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրով, իսկ նոր Սահմանադրությամբ ուզում են հրաժարվել Հռչակագրից, Փաշինյանը պատասխանել է, որ դա իրենց գաղափարներից մեկն է: 

Ինչ իրավական ճանապարհով է Փաշինյանը հռչակելու ՀՀ 4-րդ հանրապետությունը, հարցրեցինք իրավաբան Վահե Թորոսյանին։ 

- Մինչ բուն հարցին անդրադառնալը, կցանկանայի նշել, որ չորրորդ հանրապետություն ստեղծելու գաղափարը կեղծ կատեգորիա է։ Կամ պետք է պետությունը փոխի իր կառավարման մոդելը` օրինակ, դառնա միապետություն կամ` տարրալուծվի որևէ միութենական պետության մեջ և կորցնի ինքնիշխանությունը։ Մյուս բոլոր դեպքերում պետությունը չի կարող լուծարվել կամ վերակազմավորվել։ Նախ, ցավալի է որ մենք պետությունը դիտում ենք կարծես մի առևտրային կազմակերպություն, որը կարելի է սնանկ ճանաչել, լուծարել և այլն։ Մեր պետության հիմքում ընկած է Անկախության Հռչակագիրը, որը պետության ծննդյան վկայականն է։ Այն անվիճելի և անփոփոխելի փաստաթուղթ է` չես կարող նրանում դրված հիմնարար համազգային նպատակները չեղարկել։ Դա կնշանակի ընդհանրապես խաչ քաշել քո պատմական հիշողության և պետական ավանդույթների վրա։ Մի բան, որը անում են ներկա իշխանությունները։ Հրաժարվելով ազգային պետության մոդելից և հայրենիքի գաղափարից: Դրանց հակադրում են իբրև թե ռացիոնալ պետականամետ մոդելը, որն ինքնին անհեթեթությունն է, ինչպես որ անհեթեթություն է լինել կրոնական մարդ, բայց միևնույն ժամանակ մոլեռանդ անհավատ։ Օրինակ, մարդը ամեն օր գնում է եկեղեցի՝ մասնակցում է պատարագների, ծեսերի, բայց մոլեռանդ աթեիստ է։ Սա է անհայրենիք պետության գաղափարը։ Ուստի պետք է ընդունել նոր Սահմանադրությունը, որով իբրև թե ուժը կորցրած կճանաչվի Անկախության հռչակագիրը։ Բայց դա իրավական անոմալիա է։ 

- Ներկայիս Սահմանադրությունը հնարավորություն տալի՞ս է երրորդ հանրապետությունը փոխարինել չորրորդ հանրապետությամբ։ 

-Սահմանադրությունը կարելի է փոխել, նույնիսկ ընդունել նոր Սահմանադրություն, բայց նույն Սահմանադրության ուժով փոփոխման ենթակա չեն առաջին, երկրորդ, երրորդ հոդվածները։ Սա նշանակում է, որ Հայաստանը չի կարող Սահմանադրության ուժով դառնալ, օրինակ, միապետություն, կորցնել ինքնիշխանությունը։ Սա վերաբերում է նաև մարդու անօտարելի իրավունքներին և ազատություններին, ժողովրդաիշխանության գաղափարին։ Սրանք այն իրավական արժեքներն են, որոնք որևէ մեկը իրավական ճանապարհով չի կարող խմբագրել։ Կարևոր չէ` անունը կլինի չորրորդ, թե հինգերորդ Հանրապետություն։ 

-Միջազգային ի՞նչ փորձ կա, որը թույլ է տալիս փոխել հանրապետությունը։ 

-Պետությունը կարող է ֆորմալ կոչվել հանրապետություն, բայց չլինել սուվերեն պետություն։ Օրինակ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Այսօր էլ հանրապետություն անվանումով ֆեդերալ աուբյեկտներ կան տարբեր երկրների կազմում։ Ի վերջո այստեղ էականը պետության ձևի ֆորմալ փոփոխումը չէ, այլ այն արժեքների և համազգային նպատակների, որոնք ընկած են տվյալ դեպքում մեր պետության հիմնարար և պետականադիր ակտերում։ Մոտիվը պարզ է` հրաժարվել անցյալից և ուրանալ սեփական պատմական կենսագրությունը` հանուն անորոշ ապագայի և ուտոպիստական խաղաղության։