Ավելի քան 3 միլիարդի պայմանագիր՝ «Սեքյուրիթի Դրիմի» հետ

Ավելի քան 3 միլիարդի պայմանագիր՝ «Սեքյուրիթի Դրիմի» հետ

ՀՀ ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ կնքել է ավելի քան երեք միլիարդ դրամի պայմանագիր։ Այս մասին մենք տեղեկանում ենք կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից։

Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանության պետի տեղակալ Վ․ Մովսիսյանի, և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն՝ ի դեմս ընկերության տնօրեն Ա․ Ղլեչյանի, հիմք ընդունելով 15.02.2017-ին կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» գնման պայմանագիրը, կնքել են սույն համաձայնագիրը։ Այն իրենից ենթադրում է 3 մլրդ 172 մլն 200 հազար դրամ արժողությամբ հավատարմագրային կառավարման պայմանագիր։ Սրանից հավատարմագրային կառավարչի վարձատրությունը 314 միլիոն դրամ է։ Պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հունվարի 25-ին։

«Սեքյուրիթի Դրիմը», հիշեցնենք, տնօրինում է արագաչափ և տեսանկարահանող սարքերը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ խոստացել էր վերացնել, բայց ոչ միայն չվերացրեց, այլ մի բան էլ ոստիկանությունը շարունակում է հավատարմագրային կառավարման բազմամիլիարդանոց պայմանագիր կնքել այս ընկերության հետ։