Փաշինյանը կորոշի ընտրության արդյունքները` ընտրություններից շատ առաջ

Փաշինյանը կորոշի ընտրության արդյունքները` ընտրություններից շատ առաջ

Երեւանի ավագանու ընտրություններում իշխանության քաղաքական վարքագիծն արդեն պարզ է՝ անել հնարավորը, որ դրանց մասնակցի հնարավորինս մեծ թվով կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք: Իշխանությունն իր կողմից ստեղծված, իր կողմից ֆինանսավորվող եւ կառավարվող կուսակցություններին հրահանգելու է՝ մասնակցել ավագանու ընտրություններին, որ կարողանա ապակողմնորոշել ընտրողներին, նրանց գցել շփոթության մեջ, փոշիացնել իր վերահսկողությունից դուրս քվեները: Որքան շատ մասնակից՝ այնքան լավ, լավագույնը կլինի, եթե ընտրություններին մասնակցեն 10-ից ավելի կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք. բոլորն էլ՝ պարտադիր ընդդիմադիր կամ թունդ ընդդիմադիր:

Ընդ որում՝ այս ընդդիմադիրների մեծ մասն ընդդիմադիր է լինելու ոչ թե իշխանությանը, այլ՝ նախկիններին, նրանց վերադարձն իշխանության թույլ չտալու կարգախոսներով, թեկուզ՝ Երեւանի քաղաքապետի տեսքով: Նրանք կլինեն ընդդիմադիր` դրական, հեղափոխական առումով, որոնք ավելի հեղափոխական են, քան իշխանությունները, որ չեն պատրաստվում կանգ առնել արդեն առկա հեղափոխական ձեռքբերումների վրա եւ շարունակելու են հեղափոխության հաղթարշավը մինչեւ վերջ:

Փաշինյանի իշխանությունից զզվող, իշխանության թեկնածուին ձայն տալ չցանկացող ընտրողը հայտնվելու է մի թակարդում, երբ չի հասկանալու, թե ընտրության մասնակից կուսակցություններից որ մեկն է իրականում ընդդիմադիր, ով է կեղծ ու դրածո: Ընդդիմադիր էլեկտորատի ձայների մի մասն այս ձեւով փոշիանալու է, մի մասն էլ, խճճվելով իշխանության սարքած սարդոստայնում, որոշելու է մնալ տանը եւ չկպնել այդ կեղտին, ինչն օգնելու է իշխանությանը՝ առանց լուրջ դիմադրության անցկացնել սեփական թեկնածուին: Գոնե հիմա իրավիճակն այսպես է թվում: Միայն թե, բացի սեփական թեկնածուին անցկացնելուց, Փաշինյանը փորձելու է այնպես անել, որ Երեւանի նոր ավագանին ու քաղաքապետը տեսնեն ու զգան, որ իրենց ընտրել է ոչ թե երեւանցին, այլ նշանակել է Փաշինյանը, ինչպես եղել է 2018 թվականի աշնանը:

Փաշինյանն այլեւս չունի ո՛չ հանրային աջակցություն եւ ո՛չ էլ հեղինակություն՝ ՏԻՄ ընտրություններում իր ուզած թեկնածուին աջակցելու, նրա հաղթանակին լեգիտիմություն հաղորդելու համար: Նույնիսկ 2018-ին տեղի ունեցած  հակասահմանադրական հեղաշրջումից հետո Փաշինյանի հրապարակային աջակցությունը բավարար չէր ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուներին անցկացնելու համար, ինչն առաջին անգամ դրսեւորվեց Աբովյան քաղաքում, երբ Փաշինյանը մի ամիս շարունակ աշխատեց ՔՊ-ական թեկնածուին անցկացնելու համար՝ անձամբ մասնակցելով նրա օգտին կազմակերպված քայլերթին, բայց, ի վերջո, ՔՊ-ական թեկնածուն պարտվեց: Հետո տեղի ունեցան Գյումրիի եւ Վանաձորի համայնքապետի ընտրությունները, եւ Փաշինյանը վերջնականապես համոզվեց, որ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ինքը չի կարող ՏԻՄ ղեկավար նշանակել, պետք են ավելի կանխատեսելի եւ արդյունավետ միջոցներ, քան ընտրողների վերաբերմունքն է, որը կարող է շատ փոփոխական լինել: 

Փաշինյանը որոշեց, որ ավելի անվտանգ է հենց ընտրությունների ժամանակ ապօրինությունների եւ ընտրակեղծիքների միջոցով սեփական թեկնածուին հաղթող հռչակելը, քան թույլ տալ, որ անցանկալի թեկնածուն հաղթի, իսկ հետո մտածել, թե ինչ ապօրինություն եւ բռնություն կիրառել՝ նրան շարքից հանելու համար: Օրինակ, ավելի հեշտ չէր լինի 2021 թվականին տեղի ունեցած Վանաձորի ընտրություններում միանգամից հայտարարել, որ ՔՊ-ն ստացել է 60 տոկոս, միանձնյա ձեւավորել ավագանի, նշանակել  քաղաքապետ, քան թույլ տալ, որ Մամիկոն Ասլանյանը հաղթի, հետո նրան կալանավորելու հրաման տալ ու երկու տարի շարունակ անդատ ու դատաստան պահել բանտում: Եթե Փաշինյանը 2021թ. հրահանգեր կեղծել Վանաձորի ավագանու ընտրությունները, այդպես ավելի լավ կլիներ նաեւ Ասլանյանի համար, նա չէր հավատա ազատ եւ արդար ընտրությունների հեքիաթին, չէր մասնակցի դրանց եւ հիմա կլիներ հարաբերական ազատության մեջ: Հարաբերական, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք որեւէ մեկն ապահովագրված չէ բանտից ու բանտարկությունից, եթե նույնիսկ մարդը հանցանք չի կատարել, նրան կարող են կալանավորել, որ հանկարծ հանցանք չկատարի: Այսպես կոչված՝ կանխարգելիչ կալանավորումներ:

Սիսիանում եւ Անիում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանն ու ՔՊ-ն հասել են քաղաքական հասունության նոր մակարդակի, հասկացել են, որ ժողովրդավարություն եւ ազատ ընտրություններ խաղալու փոխարեն պետք է ի սկզբանե կանխորոշել ընտրությունների արդյունքը եւ ապահովել սեփական թեկնածուի հաղթանակը:
Ընտրակեղծարարության դիմելով՝ Փաշինյանը լուծում է եւս մեկ խնդիր. ընտրությունների արդյունքում հաղթող հռչակված ՔՊ-ական համայնքապետերը դառնում են իր անձնական պարտապանները: Այդ թեկնածուները գիտեն իրենց իրական վարկանիշը եւ հաղթելու իրական հնարավորությունները, գիտեն, որ իրենց պաշտոնի համար պարտական են ոչ թե իրենց ղեկավարած համայնքի ընտրողներին, այլ ընտրակեղծարարության մեքենայի ղեկին գտնվող անձին: Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ Երեւանի ՔՊ-ական քաղաքապետը եւս ամեն ինչով պարտական լինի իրեն, Փաշինյանը ցույց է տալու, որ ընտրություններում հենց ինքն է հաղթել, ոչ թե մասնակից ավագանիները եւ քաղաքապետի թեկնածուն:

Փաշինյանի վարկանիշը ոչ թե ցածր է, այլ՝ բացասական, եւ  Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՔՊ-ականները պետք է խնդրեն, համոզեն նրան, որ որեւէ կերպ չմասնակցի քարոզարշավին, իր բացասական վարկանիշով էլ ավելի չվատթարացնի իրենց վիճակը: Մինչդեռ Փաշինյանը ցույց է տալու, որ իշխանություն շնորհելու մոնոպոլիան չի պատրաստվում զիջել որեւէ մեկին, եւ թող որեւէ մեկն անգամ մտքի ծայրով չանցկացնի, թե կարող է առանց իր մասնակցության իշխանություն ստանալ, անգամ օգտագործելով իր ունեցած փողն ու վարչական ռեսուրսները: Երեւանի ավագանու ընտրությունները լինելու են իշխանության նոր դեմքի ցուցադրումը, ավելի ճիշտ՝ դրա բյուրեղացումը. երբ կարեւորը լինելու է ոչ թե ընտրողների կատարած ընտրությունը, ընտրողների քաղաքական նախասիրությունները, այլ Փաշինյանի կողմից կայացված որոշումը՝ այս կամ այն մարդուն նշանակել որեւէ ընտրովի պաշտոնի, որոշում, որը կայացվելու է ընտրություններից շատ առաջ: Փաշինյանը համոզված է, որ պարտությունից նվաստացած ու նոր պատերազմի վախից խեղճացած հասարակությունը դեռ շատ երկար չի ըմբոստանա իր կողմից հաստատված ստրկատիրական համակարգի դեմ, ստրկատիրական, քանի որ մարդիկ զրկված են նույնիսկ կյանքի իրավունքից:

Ավետիս Բաբաջանյան