Մեր տարածաշրջանը գալիք տարիներին լինելու է թեժ բախման կետերից մեկը

Մեր տարածաշրջանը գալիք տարիներին լինելու է թեժ բախման կետերից մեկը

«Հրապարակի» զրուցակիցն է թուրքագետ, քաղաքական վերլուծաբան, Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ-ի համակարգող Վազգեն Պետրոսյանը։

- Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն իր թվիթերյան էջում հրապարակում է արել այն մասին, որ Հայաստանը շարունակում է օկուպացրած պահել ութ «ադրբեջանական» գյուղ, իսկ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում ռազմական խոսույթից։ Ի՞նչ է նշանակում այս ցինիզմը։ Պատերազմական գործողությունների նախերգա՞նքն է։

- 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները հետեւում են Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հիմնախնդրի լուծման զրոյական կետի մարտավարությանը, որի բաղադրիչներն են՝ թույլ բանակ, թույլ ԱԱԾ եւ թույլ ԱԳՆ։ Ուստի բնական է, որ Ադրբեջանը շարունակելու է պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը եւ տարածքներ պոկել։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ու չի հրաժարվելու պատերազմի միջոցով իր նպատակներին հասնելու մտադրությունից։ ՀՀ կառավարությունն իր բոլոր գործողություններով սպասարկում է Ադրբեջանի ցանկությունները։ Մենք՝ որպես ազգ եւ պետություն, պարտավոր ենք նախեւառաջ ազատվել նիկոլիզմից, որպեսզի մեր գոյությունը պահպանենք Հարավային Կովկասում։ 

- Ադրբեջանցիներն Արցախում ցեղասպանություն են պատրաստում, սակայն մենք չենք հրաժարվելու խաղաղության օրակարգից․ սա չի՞ նշանակում, որ համաձայնություն ենք տալիս այդ օրակարգին։ 

- Մերօրյա ՀՀ իշխանություններն անում են այն, ինչ թուրքերը երազել են վերջին 200 տարվա ընթացքում։ Խաղաղությունը չի հաստատվում մեկ կողմի ցանկությամբ։ Խաղաղությունը հաստատվում է երկու երկրների միջեւ, երբ կա հստակ եւ իրական ռազմական հավասարակշռություն։ Այսօր տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտվել է հօգուտ թուրքերի, ուստի իրենք պիտի ձգտեն ստանալ առավելագույնը, իսկ իրենց միջազգային հովանավորները՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ, ամեն ինչ անելու են թուրքերի ցանկություններին հագուրդ տալու համար։ Մեր տարածաշրջանը գալիք տարիներին լինելու է թեժ բախման կետերից մեկը, ուստի խաղաղության օրակարգից առաջ պետք է արագ վերականգնել հայ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, հզորացնել եւ արդիականացնել ՀՀ բանակը, վերակառուցել ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն, վերանայել դեպի անդունդը գլորվող գիտությունն ու կրթությունը։

- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ցեղասպանության հուշահամալիր այցելելու փոխարեն այցելեց Եռաբլուր։ Արարողակարգում միշտ Ցեղասպանության հուշահամալիր են այցելել։ Հնարավո՞ր է Թուրքիայի պահանջով Ցեղասպանության հարցն օրակարգից հանելու հերթական քայլն է սա։

- Յուրաքանչյուրը կարող է իր ձեւով մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս քայլը։ Սակայն սա ակնհայտորեն հարգանքի տուրք է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայ զինվորներին։ Ինչ վերաբերում է ներկայիս ՀՀ կառավարությանը, նրա անդամները նախքան իշխանության գալն են հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Նրանց բոլոր գործողություններն ու ելույթները փաստում են  հայ ժողովրդի մշակույթին, պատմությանը, ինքնությանը բացարձակ անտեղյակության մասին։ 

- Ռազմական փորձագետները, քաղաքական վերլուծաբաններն ահազանգում են, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի։ 

- Վտանգը Հայաստանի եւ հայության գլխին կախված է լինում այնքան ժամանակ, քանի դեռ չի հզորացել հայոց բանակը, ու չի վերականգնվել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։  

- Չինաստանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը եղբայր պետություններ են, եւ Չինաստանը Ռուսաստանի հետ պայքարելու է տարածաշրջանային խնդիրներին լուծումներ գտնելու համար։ Ի՞նչ են նշանակում այս հայտարարությունները։

- ՍՍՀՄ փլուզումից հետո դադարեց սառը պատերազմը, որի հիմքում սոցիալիզմի եւ կապիտալիզմի գաղափարական հակամարտությունն էր։ Ներկա փուլում նոր անջրպետ է ստեղծվում աշխարհում։ Քաղաքագետների կարծիքով՝ սկսվում է երկրորդ սառը պատերազմը, որի հիմքում տնտեսական մրցակցությունն է երկու գերհզոր բեւեռների միջեւ․ մեկ կողմում՝ ԱՄՆ, Եվրոպա, Իսրայել, Ճապոնիա, Հարավային Կորեա, Կանադա, Ավստրալիա, իսկ մյուս կողմում՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա։ Մի շարք այլ հզոր պետություններ այս պահին պահպանում են իրենց չեզոքությունը՝ Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան եւ այլն։ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմն այդ անջրպետի ստեղծման նախերգանքն է, որի համար առայժմ վճարում է ուկրաինացին։ Երկրորդ սառը պատերազմը լինելու է անողոք։ Եթե առաջին սառը պատերազմի ժամանակ գերհզորների սառը հակամարտությունը դրսեւորվում էր երկրորդական երկրներում կատարվող հեղաշրջումների տեսքով, գալիք սառը պատերազմը դրսեւորվելու է երկրորդական երկրներում մղվող արյունահեղ պատերազմների միջոցով։ Ուստի մենք մեր գոյությունը պահպանելու համար պարտավոր ենք հզորացնել մեր զինված ուժերը, դիվանագիտական կորպուսը, գիտությունն ու կրթությունը։ Սա  է մեր ուղին։