Դողացող զինվորը

Դողացող զինվորը

Դողացող զինվորը (իրապատում)

1997-ին Արցախի ՊԲ «Մարտիկ» թերթի խմբագիրն էի: Շտաբի սպաների փոքր խմբերով պարբերաբար ստուգայցներ էինք կատարում սահմանապահ դիրքեր: Դիտարկում էինք մարտական հերթապահությունը, զինծառայողների նիստուկացը: Մի օր այցելեցինք Մռավի բարձրադիր սարալանջին տեղակայված դիրքեր: Ուղեկցող գումարտակի հրամանատարին խնդրեցինք, որ մեզ հասցնի նաեւ ամենաբարձր հենակետը, թեպետ արդեն ուշ գիշեր էր, դեկտեմբերյան ցուրտ ու ձյունոտ օր: Ճանապարհի կեսը ավտոյով, կեսը՝ ոտքով տեղ հասանք: Հենակետում երկու զինվոր էին հերթապահում՝ քսան տարեկան տղաներ: Գումարտակի հրամանատարը պարզաբանեց, որ զինվորների պակաս ունեն, չորսի փոխարեն հիմա երկուսն են կանգնած: 

Հերթապահող տղաներից մեկը դողում էր, փորձում էր զսպել իրեն՝ չէր հաջողվում:

-Մրսու՞մ ես,- հարցրի:

Չէ՛,- պատասխանեց դողացնողը:

-Վախենու՞մ ես:

-Չէ՛:- Բայց էլի դողում էր:

-Գիտե՞ս, թե ինչ պիտի անեք, եթե հանկարծ թուրքը հարձակվի:

-Հա՛, բա ոնց,- ասաց ու ինքնաձիգն ուսից արագ իջեցրեց եւ ուղղեց հակառակորդի կողմը:- Մենք դրանց մաման…

Ծիծաղեցինք: Բայց զինվորը շարունակում էր դողալ:

-Պարոն կապիտան, Արմանը եկեղեցու պատճառով է դողացնում,- ի վերջո բացատրեց ծառայակից ընկերը:- Էնա՛,- եւ երկուսով մատնացույց արեցին ներքեւ՝ թշնամու կողմը:- Կրակը եկեղեցուն մոտենում է, Արմանը վախենում է, որ եկեղեցին կվառվի, դրա համար է դողում:

Վերցրի հեռադիտակը եւ ուշադիր զննեցի տղաների ցույց տված տեղը: Գյուլիստանի տարածքն էր, որ գտնվում էր թշնամու ձեռքին: Մեծ կրակ էր տարածվել, վառվում էր եղեգնուտը: Թուրքերն էին հրկիզել, որ իրենց տեսադաշտը բաց լինի՝ հայ ՙդիվերսանտներին՚ դիմակայելու համար: Գիշերային կրակի հրացոլքի տակ հստակ երեւում էր եկեղեցին՝ արդեն առանց խաչի: Կրակը երեք քառորդով օղակել էր սրբավայրը, բայց սկսել էր հեռանալ:

-Եկեղեցուն կրակը չի հասնի, մի՛ անհանգստանա, Արման,- հավաստիացրի՝ թփթփացնելով նրա ուսին:

-Հա՞…

-Հա՛,- մեկ անգամ եւս վստահեցրի: (Այդպես էլ եղավ):

Տղաներին բարի գիշեր ու անփորձանք ծառայություն մաղթելով՝ իջանք գումարտակի դիրքային բլինդաժ, ապա եւ՝ զորանոց: Երկուսն էլ ընդարձակ էին ու համեմատաբար հարմարավետ, թեպետ դեռ ամեն ինչ չէր զինվորական նորմերով: Նոր զորանոց էր կառուցվում մոտակայքում, որի ավարտին մեկ շաբաթ էր մնացել:

Կեսգիշերին Մռավի փեշից ճանապարհվեցինք Ստեփանակերտ:

…Այս պատմությունը վերհիշեցի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքի ազդեցությամբ: Այնտեղ կրակի մատնված խարխուլ կացարանը չես համեմատի նույնիսկ հեռավոր 1997-ի զինվորական կացարանների հետ, երբ մեր բանակը նոր-նոր էր արդիական տեսք առնում: 

Իսկ դողացնող զինվորը Գեղարքունիքից էր: Դեմքը թմբլիկ ու փոքր-ինչ չեչոտ էր: Դողում էր մեր կորցրած, բայց աչքի առաջ միայնակ մնացած եկեղեցու համար: 

Հրանտ Ալեքսանյան