Ռուս-իրանական հարաբերությունները սկսում են նկատելիորեն սերտանալ

Ռուս-իրանական հարաբերությունները սկսում են նկատելիորեն սերտանալ

Ներքաղաքական զարգացումներով տարված՝ հերթական անգամ բաց թողեցինք մեր ռեգիոնում տեղի ունեցած բավական հետաքրքիր մի իրադարձություն, այն է՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի այցը Իրան։ Փոխվարչապետ Նովակը Թեհրանում հանդիպել է Իրանի Նավթի նախարար Ջավադ Օրուջի եւ փոխվարչապետ Մոհամմադ Մոհբերի հետ։

Բացի այդ տեղի են ունեցել նաեւ ռուս-իրանական բանակցություններ՝ տարբեր նախարարությունների մակարդակներով։ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված սանկցիոն արշավի պայմաններում կարող ենք արձանագրել, որ ռուս-իրանական հարաբերությունները սկսել են նկատելիորեն սերտանալ։ Հատկապես որ թե Մոսկվան եւ Թեհրանը ունեն միավորող կարեւոր հանգամանք՝ Արեւմուտքի կողմից իրենց դեմ սահմանված սանկցիաները։

Եւ այսպես, եթե փորձենք ամփոփել, ապա ի՞նչ են պայմանավորվել կողմերն այդ այցի ընթացքում․

• Նախ եւ առաջ Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են փոխադարձ հաշվարկներն իրականացնել իրենց ազգային արժույթներով, հանգամանք, որը կարեւոր է երկուսի համար էլ, քանի որ երկու կողմն էլ ձգտում է դե-դոլարիզացիայի։ 
• Բացի այդ, Մոսկվան եւ Թեհրանը հնարավոր է իրականացնեն իրենց ազգային «Միր» եւ «Շեթաբ» ազգային վճարումային համակարգերի միավորում։ 
• Բնականաբար այցը թերի կլիներ, եթե չխոսվեր նավթի մասին։ Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը խոշոր ներդրումներ կանի եւ պատրաստ է երկու խոշոր հանքերի շահագործումը հանձնել Ռուսաստանի կառավարմանը։ Թե որ հանքավայրերի մասին է, իհարկե, դեռ չի խոսվում։ 
• Քննարկվել է նաեւ նավթի եւ գազի սվոփային մատակարարումների մասին։
• Հուշագիր է ստորագրվել, որով իրանական նավթաքիմիական արտադրանքը մատակարարվելու է Ռուսաստան, որի դիմաց Ռուսաստանն էլ կիսվելու է նավթավերամշակման ոլորտում կատալիզատորների հետ կապված իր գիտելիքներով։
• Առաջիկայում ամենայն հավանականությամբ իրանական կաթի եւ կաթնամթերքի հանդեպ Ռուսաստանում սահմանված արգելանքը կհանվի։ 
• Քննարկվել է թռչնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ հնդկահավերի՝ դեպի Իրան մատակարարման հարցը։ Ռուսաստանն այս մասով ավելին կարող է անել, քանի որ Նովակն, օրինակ, խոսել է նաեւ մեկօրական հավի, հնդկահավի, բադի, սագի, ստրաուսի ճուտիկների, եւ այդ թռչունների ինկուբացիոն հավկիթների մատակարարման մասին նաեւ։ Սա հեռանկարային ոլորտ է եւ այս ուղղությամբ մատակարարումները կսկսվեն ամենայն հավանականությամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանի եւ Իրանի ոլորտային գերատեսչությունները համապատասխան փաստաթղթային բազան կնքեն։ 
• Առանձին քննարկման հարց է եղել նաեւ կոնտեյներային բեռնափոխադրումը Աստրախանի մարզի Օլյա նավահանգստով՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությամբ։ Սրանով արդեն կարող է 2024 թվականին բեռնափոխադրումների ծավալը հասնել 8 միլիոն տոննայի։ 
• Քանի որ Իրանը կարողացել է վճարել Բուշերի ատոմային էլեկտրակայանի շինարարության գումարի մի մասը, ապա այս նախագիծը նույնպես կշարունակվի կյանքի կոչվել։ 
• Հաջորդ հարցը, որը նաեւ հայկական կողմի համար ունի կարեւորություն այն է, որ Իրանն ակնկալում է, որ այս տարվա աշնանը կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագիր։ 
• Բացի այդ, Իրանում հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ լուծված կլինեն բոլոր հարցերն ու իրենք կկարողանան հինգ միլիարդ դոլարի վարկ ստանալ Ռուսաստանից։ Նկատենք, որ այդ վարկային գծով հասանելիք գումարի մի մասը Թեհրանն արդեն ստացել է։
• Հայտարարվել է, որ երկկողմ առեւտրային շրջանառությունը պետք է հասցնել 40 միլիարդ դոլարի՝ ներկայիս չորս միլիարդի փոխարեն։