Դատավորների թոշակը կրճատում են

Դատավորների թոշակը կրճատում են
Դատական համակարգում բողոքի ալիք է հասունանում։ Կառավարությունում մշակվել է մի նախագիծ, որը բացասաբար է անդրադառնալու դատավորների կենսաթոշակի վրա։ Այդ նախագծով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու, սահմանվելու է պետական պաշտոնյաների կենսաթոշակի վերին շեմ՝ 160, լավագույն դեպքում՝ 250 հազար դրամ։



Մինչդեռ դատավորների կենսաթոշակը հաշվարկվում է ըստ նրանց աշխատավարձի՝ հասնելով 350-400 հազար դրամի։ Ամենաբարձր կենսաթոշակը ստանում են ՍԴ դատավորները՝ 450 հազար դրամ, եւ այս հանգամանքը համարվում է դատավորների սոցիալական ապահովության եւ ըստ այդմ՝ անկախության կարեւոր երաշխիքներից մեկը։ Առհասարակ, ողջ աշխարհում կոռուպցիոն ռիսկերը դատական համակարգում նվազեցնելու եւ դատավորի անկախությունն ապահովելու կարեւոր գործոն են համարվում բարձր աշխատավարձն ու թոշակը, որ դատավորն իր գործունեության ընթացքում չմտածի իր համար անհոգ ծերություն ապահովելու եւ միջոցներ կուտակելու մասին։



Օրենսդրական նոր փոփոխությունն իրարանցում, վրդովմունք է առաջացրել դատավորների շրջանում։ Նրանք տարակուսած են, որ միջազգայնորեն ընդունված նորմերը, որոնց հետ կապված պարտավորություններ ունի նաեւ Հայաստանը, մեզանում որոշել են անտեսել։ Մենք փորձեցինք նոր օրենսդրական փոփոխության մասին պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանից։ Նա հայտնեց, որ այս փոփոխությունն առայժմ քննարկման փուլում է։ «Խնդրին վերաբերող նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն՝ պետպաշտոնյային նշանակվող կենսաթոշակը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը։ Այն վերաբերում է նաեւ դատավորին, եթե դատավորը նոր է կենսաթոշակի անցնում։ Սա դեռ նախագիծ է, որը շրջանառության մեջ է դրվել։ Այն ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին՝ կարծիքներ ստանալու եւ ըստ այդմ համապատասխան որոշումներ կայացնելու համար»,- ասաց փոխնախարարը։



Նա նշեց, որ այժմ դատավորների կենսաթոշակի չափը հաշվարկվում է նրանց աշխատավարձի չափից, այսինքն՝ որքան բարձր է աշխատավարձը, այնքան ավելի բարձր կենսաթոշակ է նա ստանում։ Դատավորի բարձր կենսաթոշակը նաեւ հակակոռուպցիոն էֆեկտ ունի, եւ սա միջազգային կառույցների կողմից ընդունված հակակոռուպցիոն մեխանիզմներից է․ չկա՞ մտավախություն, որ այս փոփոխությունից հետո դատական համակարգում կաշառակերությունը կավելանա։ Մեր հարցին Սմբատ Սաիյանը պատասխանեց․ «Շահագրգիռ գերատեսչություններից մենք եւս նման նկատառումներ ստացել ենք, կքննարկենք, համապատասխան որոշումներ կկայացվեն, ըստ այդմ՝ նախագծին կտրվի համապատասխան ընթացք, ինչ որ կորոշվի այդ քննարկումների արդյունքում, դա էլ կարվի։ Ավելին այս պահին ավելացնել չեմ կարող»։ Հիշեցնենք, որ դատավորների կենսաթոշակը զգայուն թեմա է։ 2014 թվականին, երբ կառավարությունը ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացրեց մինչեւ 450-500 հազար դրամ, այս նույն՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն մտցնելով, դատական համակարգում կրկին դժգոհություններ լսվեցին։ ՀՀ դատավորները դիմեցին համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը: Հիմա էլ դատավորները պատրաստվում են գրավոր բողոքներ ներկայացնել ատյաններ եւ պայքարել կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**