Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը համաձայնության կգան

Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը համաձայնության կգան
ԵԿՄ արտահերթ համագումարը տեղի կունենա համապետական ընտրություններից հետո։ Մի քանի ամիս է՝ արտահերթ համագումարը, որը նախատեսվում էր սեպտեմբերի վերջին, եւ պետք է կառույցի ղեկավար ընտրվեր, առկախված է։ Չնայած Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ վարչությունը պաշտոնապես այդ պաշտոնում առաջարկեց Արամ Սարգսյանի թեկնածությունը, որին, ըստ կառույցի հաղորդագրության, կողմ էին տարածքային կառույցների մեծամասնության ներկայացուցիչները, բայց շատ չանցած՝ ԵԿՄ-ից ժամանակին պոկված ազատամարտիկների մի խումբ ասպարեզ բերեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ-ից հեռացած Սասուն Միքայելյանի անունը։ Նա իշխանական կուսակցության վարչության նախագահն է, եւ ազատամարտիկներն այդ առաջադրումը հիմնավորեցին նրանով, որ իշխանության «մարդն» ավելի լավ կարող է լուծել ազատամարտիկների սոցիալական խնդիրները, պետության դոտացիաներ բերել ԵԿՄ եւ այլն։ Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը ծանր էր տարել Սասուն Միքայելյանի ինքնառաջադրումը, սակայն հետո նրանք հանդիպել էին, եւ սառույցը կարծես հալվել էր։ Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԵԿՄ-ի հարցով նրանք զրույց են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, ով «վեճը» թողել է կողմերի լուծմանը։ ԵԿՄ փոխնախագահ, Արամ Զավենիչի թեկնածության ակտիվ պաշտպան Արա Կետիկյանի հետ զրույցում երեկ փորձեցինք հասկանալ, թե որն է համագումարի առկախման պատճառը։



**-Պարոն Կետիկյան, անձամբ Դուք ամիսներ առաջ հայտնում էիք, որ սեպտեմբերի վերջին համագումար կլինի, ինչո՞ւ է ձգձգվում համագումարը։**



-Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ կանենք, քննարկումները շարունակվում են, ուզում ենք բոլորս համաձայնեցված գնալ համագումարի։



**-Ո՞ւմ հետ, ինչի՞ շուրջ համաձայնեցված։**



-Տարածքային բաժանմունքներով, մարզերով… դուք գիտեք՝ երկու թեկնածու ունենք, ուզում ենք մեկ թեկնածուով գնալ։



**-Երկու թեկնածուներն ովքե՞ր են, առաջադրումներ կա՞ն։**



-Ոչ, սա համապետական ընտրություն չէ, առաջադրումներն արվում են համագումարի օրը։ Բայց դուք գիտեք, որ քննարկվում են Արամ Սարգսյանի եւ Սասուն Միքայելյանի թեկնածությունները։



**-Ամիսներ առաջ ԵԿՄ վարչությունը պաշտոնապես առաջարկեց Արամ Սարգսյանի թեկնածությունը, երկրորդ թեկնածուին ո՞վ է առաջադրել։**



-Հիմա էլ բաժանմունքների մեծամասնությունը տեսնում է Արամ Սարգսյանին, դա չի փոխվել, ուղղակի ինքը՝ պարոն Սարգսյանը, ուզում է «Երկրապահից» տարբեր ժամանակներում դուրս եկած տղերքին, որոնք բոլորն էլ երկրապահ են, որոնք տարբեր կազմակերպություններ են հիմնել, այդ տղերքին հետ բերելու խնդիր է դնում, որպես Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույց, ուրեմն այսօր պետք է ամեն ինչ անել իրենց վերադարձնելու համար։ Հիմնականում Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանող կառույցներին մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի վերադառնան ԵԿՄ՝ ակունքներ։ Եթե զուտ մեր բաժանմունքների կարծիքը հաշվի առնելով առաջադրեինք, վաղուց արդեն արել էինք, բայց Արամ Սարգսյանն առավել լայն համախմբման խնդիր է դրել, իսկ էդ տղերքը մեր թշնամիները չեն, մեր մարտական ընկերներն են։



**-Ելնելով Ձեր մատնանշած առավել լայն համախմբումից՝ կարո՞ղ եք չբացառել, որ Արամ Սարգսյանն իր տեղը կզիջի Սասուն Միքայելյանին։**



-Ձեւակերպումն այդպես չանենք, այլ ասենք, որ միասին համաձայնության կգան։ Կարող եմ ասել, որ մեծամասնության կարծիքն է որոշիչ լինելու։ Ի դեպ, կա նաեւ մի խանգարող հանգամանք արագ համագումար անելու հարցում, դա առաջիկա համապետական ընտրություններն են, որպեսզի «Երկրապահը» չքաղաքականացվի, որոշել են երկուսով միասին եւ մեզ հետ համաձայնեցնելով՝ համագումարն անցկացնել ընտրություններից հետո՝ տարեվերջին։



**-Բայց Դուք ասացիք, որ մեծամասնությունն Արամ Սարգսյանի կողմն է, ի՞նչ պիտի լինի, որ այդ մեծամասնությունը փոքրամասնություն դառնա, եւ Սասուն Միքայելյանին առաջադրեք։**



-Այս պահին նման տրամադրություններ չկան, բայց ամեն մարդ իր կարծիքն ունի, ես տարածքային բաժանմունքների նախագահներին ո՛չ կարող եմ ուղղորդել, ո՛չ ճնշեմ, իսկ նրանց կարծիքները ձեւավորվում են շարքերի կարծիքներով։



**-Սասուն Միքայելյանի հավակնություններն ինչպե՞ս եք մեկնաբանում, ԵԿՄ-ից տարիներ առաջ հեռացած ազատամարտիկը կառույցի ղեկավար դառնալու ցանկությո՞ւն ունի։**



-Սասուն Միքայելյանը, ինչպեսեւ Արամ Սարգսյանը, ԵԿՄ-ի ակունքներում է եղել, Վազգեն Սարգսյանի թիմակիցը, հրամանատար է եղել, երկար մարտական ուղի է անցել եւ մեր շատ լավ ընկերն է։ Հետեւաբար այն մարդիկ, որոնք Արամ Սարգսյանին են տեսնում նախագահ, դա չի նշանակում, թե Սասուն Միքայելյանի հետ թշնամի են կամ նրա թեկնածությանը դեմ։



**-Հիմա Սասուն Միքայելյա՞նն է ԵԿՄ մեծամասնության համակրանքը վայելում, թե՞ Արամ Սարգսյանը**։



-Չէ, ըտենց մի ձեւակերպեք, երկուսն էլ համակրանքը վայելում են։



**-Այդ դեպքում ինչո՞ւ Սասուն Միքայելյանի թեկնածությունը չառաջադրեցիք։**



-Որովհետեւ ի սկզբանե Արամ Սարգսյանն էր, որ արձագանքեց, եկավ «Երկրապահ», արձագանքեց բոլոր իրադարձություններին, վարչությունն էլ իր թեկնածությունն առաջադրեց, այսինքն՝ հայտարարեց, որպեսզի համագումարին առաջադրի։ Ի վերջո, երկուսն էլ այնքան բարձր մարդիկ են եւ ամեն ինչով արժանի են, եւ իրենք իրար մեջ կպայմանավորվեն ու չեն թողնի խնդիր լինի։



**-Սասուն Միքայելյանն իշխող ուժի վարչության նախագահն է, մտահոգություններ չե՞ք տեսնում, որ ԵԿՄ-ն նա կօգտագործի քաղաքական նպատակներով։**



-Իհարկե՝ ոչ, երկուսն էլ հասկանում են, որ ԵԿՄ-ն այլ նպատակներով ստեղծված կառույց է, եւ չեն գնա «Երկրապահի» քաղաքականացմանը։



**-Ինչպես Մանվել Գրիգորյանի՞ ժամանակներում։**



-Մանվել Գրիգորյանն էլ չի քաղաքականացրել։ Որ մեզանից տարբեր մարդիկ տարբեր կուսակցությունների հետ առաջադրվել են ընտրություններում, դա անում ենք որպես ՀՀ քաղաքացիներ, կուսակցականներ։



**-Տեղեկություններ կան, որ Դուք Արամ Սարգսյանի ցուցակով կառաջադրվեք առաջիկա ընտրություններում։**



-Չի բացառվում, ես «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից մեկն եմ, եւ նման բան չի բացառվում։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**