ՀՀԿ-ն գնում է «ինքնավնասման» ճանապարհո՞վ

ՀՀԿ-ն գնում է «ինքնավնասման» ճանապարհո՞վ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երեկվա նիստում երկրորդ անգամ հավանություն տվեց, այն կքննարկվի երկուշաբթի հրավիրվելիք արտահերթ նիստում։ Հիշեցնենք, որ երկուշաբթի խորհրդարանը մերժեց փոփոխությունների նախագիծը, պահանջվող 63 կողմ ձայների փոխարեն գրանցվեց 56-ը, «Ծառուկյան դաշինքից» բացակայում էր 6 պատգամավոր, մյուս բացակաները կամ բոյկոտողները ՀՀԿ-ից էին։



ՀՀԿ խմբակցությունը չի փոխել իր դիրքորոշումը եւ դեմ է ԸՕ փոփոխություններին։ Երեկ էլ հանձնաժողովի ՀՀԿ-ական ներկայացուցիչներ Արփինե Հովհաննիսյանը, Շուշան Սարդարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը բոյկոտել էին պետաիրավականի նիստը։ Ներկա չէր նաեւ ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը։ Նա մեզ հայտնեց, որ համալսարանում դասախոսության էր։ Նիստը մեկնարկեց չորս պատգամավորով․ հենց այդքան էր հարկավոր քվորումի համար՝ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Վանիկ Ասատրյանը, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, ով արտահերթ ընտրություններին աջակցություն հայտնած ՀՀԿ-ականների շարքում է։ Իսկ դաշնակցական Անդրանիկ Կարապետյանը նիստին միացավ բավականին ուշ․ ըստ ամենայնի տեսնելով, որ բոյկոտ տեղի չունեցավ, ՀՅԴ-ն այս հարցում էլ դաշնակցական մոտեցում ցուցաբերեց։ Նախագիծը որոշակի փոփոխություններ է կրել՝ հանվել է այն դրույթը, որով գաղտնազերծվում են ընտրատեղամասերի համարներն ու գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները: «Ունենք հիմնավոր մտավախություն, որ այս տեղեկությունները գաղտնազերծելով՝ հնարավոր է լինելու պետական գաղտնիք բացահայտել»,- հիմնավորեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւ, անդրադառնալով իրենց քաղաքական թիմի դիրքորոշմանը, ասաց․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով արդեն իսկ ստորագրված հուշագրին, վերահաստատում է՝ ընտրությունները պետք է անցկացնել դեկտեմբեր ամսին եւ անպայման բարեփոխված Ընտրական օրենսգրքով։ Մեր համոզմամբ՝ բարեփոխված տարբերակն ապահովում է նախընտրական պայքարում քաղաքական կոմպոնենտի հզորացում, Ազգային ժողովում բազմազանություն, ուստի կոչ ենք անում հավանություն տալ ներկայացված նախագծին»։



Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ թեեւ այս նախագիծն անխոցելի չէ, սակայն այն առավելագույնս է ապահովում ժողովրդի իրական կամարտահայտությունը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջարկվող փոփոխություններին եւ նախագծին։ Ալիկ Սարգսյանը, նիստից հետո պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ինքը ՀՀԿ-ի որոշմանը դեմ չի գնում, այլ առաջնորդվում է իր կամոք․ «Իսկ ես դեռ ամիսներ առաջ եմ եկել այդ եզրահանգմանը, որ սա է ճիշտ ճանապարհը, ու պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Ես հետեւում եմ քաղաքական պրոցեսներին, ու լավագույն լուծումը սա է»։ Ալիկ Սարգսյանն այլ հարցերի չպատասխանեց՝ կշարունակի՞ արդյոք քաղաքական կարիերան եւ որ թիմի հետ։



Լսեցինք նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ հետաքրքրվելով, թե կհետեւե՞ն վարչապետի հորդոր-խորհրդին, թե ԸՕ փոփոխված տարբերակն է իրենց միակ շանսը լինելու, թե՞ երկուշաբթի կրկին մերժելու են փոփոխությունների նախագիծը․ «Մենք քաղաքական որոշում ենք ընդունել ու դեմ ենք լինելու նոր ԸՕ-ին։ Մենք ընդհանրապես դեմ էինք դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն, բայց եթե համարում են, որ դա արդեն կայացած փաստ է, ուրեմն դեմ ենք, որ ընտրություններից 20 օր առաջ ԸՕ-ն փոխեն։ Քանի որ քաղաքական տեսանկյունից ուղղակի անթույլատրելի է, որ ԸՕ-ն ընդունվի, դեռ մի 15 օրից նոր կմտնի ուժի մեջ, եւ ընդամենը 20-25 օր է մնում, որ ուժերը գնան ընտրությունների։ Դա անթույլատրելի է։ Աշխարհում որեւէ մի երկիր չկա, որտեղ նման բան է եղել»։

Մեր դիտարկմանը, որ դա իշխանությունների մտահոգվելու խնդիրն է, չէ՞ որ նրանք են արժանանալու միջազգային հանրության քննադատություններին, Վահրամ Բաղդասարյանն անդրդվելի մնաց․ «Դա կապ չունի, մեր մտահոգություններն առհասարակ նորմալ քաղաքական դաշտ ձեւավորելու հարցի հետ են կապված։ Իսկ նման պայմաններում հնարավոր չէ թույլ տալ ուժերին ադապտացվելու, նախապատրաստվելու։ Մեկ տարի հետո կլսեք կարծիքները, թե ինչպիսին կլիներ խորհրդարանը, եթե չլիներ ընդհանրապես այս շտապողականությունը»։ ՀՀԿ-ի «մտահոգությունը» խորհրդարան անցնելը չէ՞, որն իրենց հնարավորություն կտա միայն գործող ԸՕ-ն, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգը։ «Մեզ համա՞ր»,- հարցին զարմացած հարցով պատասխանեց Բաղդասարյանը՝ հավելելով․ «Ուշադիր դուք նայեք՝ ռեյտինգային մեր թեկնածուները կա՛մ մեզ հետ չեն այլեւս, կա՛մ էլ ինչ-որ ստորագրություններով արդեն իսկ մասնակցել են իշխանության հետ համագործակցությանը։ Նույն վարչապետի թեկնածուն է ասում, որ սա մեր համար ամենավնասակար ձեւն է, այս գործող ԸՕ-ն»։ Այսինքն՝ դուք գնում եք «ինքնավնասման» ճանապարհո՞վ։ «Մենք չենք քննարկում այդ հարցը, մենք շարժվում ենք՝ ելնելով քաղաքական դաշտի նորմալ ձեւավորման սկզբունքից»։



Ի դեպ, ընտրություններին մասնակցելու բոլոր հարցերը ՀՀԿ-ն կքննարկի առաջիկա օրերին նախատեսվող համաժողովի ժամանակ։ Վահրամ Բաղդասարյանը մի հարցում է վստահ՝ կուսակցությունը «քաղաքական ցուցակ» կներկայացնի, իսկ Սերժ Սարգսյանը կգլխավորի, թե մեկ ուրիշը՝ կորոշեն համաժողովի ընթացքում։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**